ԵՐԵՎԱՆ, 31 մարտի —Sputnik. Այսօր Կեմերովոյի կենտրոնական մարզային դատարանը ձերբակալել է մինչև մայիսի 25-ը Կեմերովոյի մարզի պետական շինարարական վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցնող Տանզալիա Կոմկովային, որը փորձում էր խուսափել արդարադատությունից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Կեմերովոյի մարզի պետական շինարարական վերահսկողության տեսչության պետը կարող էր օգնել ողբերգության հանգամանքները հետաքննելու հարցում, բայց քննիչներին ներկայանալու փոխարեն, Մոսկվա էր մեկնել։ Նրան ձերբակալել են Մերձմոսկովյան շրջանում գտնվող մտերիմ բարեկամների կամ ծանոթների տանը։
«Ստիպված էինք ուժով բերման ենթարկել Կեմերովո, որպեսզի այստեղ նա պարզաբանումներ տա», — ասել է քննության ներկայացուցիչը։
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի գործի շրջանակում ձերբակալված անձանց ամբողջական ցուցակը. Կուզբասի Գոսստրոյնադզորի նախկին ղեկավար Տանզալիա Կոմկովա, «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի կառավարիչ Նադեժդա Սուդյոնոկ, «Կեմերովի հրուշակեղենի կոմբինատ» ԲԲԸ-ի (առևտրի կենտրոնի սեփականատեր ընկերություն) տեխնիկական տնօրեն Գեորգի Սոբոլև, նույն ընկերության գլխավոր տնօրեն Յուլյա Բոգդանովա, առևտրի կենտրոնի հակահրդեհային անվտանգության համակարգը մշակող և ներդնող «Սիստեմնի ինտեգրատոր» ընկերության ղեկավար Իգոր Պոլոզինենկո, առևտրի կենտրոնում հրդեհի տագնապի ազդանշանի և մոնտաժի անմիջական պատասխանատու «Սիստեմնի ինտեգրատոր» ընկերության աշխատակից Ալեքսանդր Նիկիտին, հրդեհի մասին տագնապի ազդանշանի համակարգն անջատած մասնավոր անվտանգության ընկերության աշխատակից Սերգեյ Անտյուշին։
Հիշեցնենք, որ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհը բռնկել էր մարտի 25-ին։ Վերջին տվյալներով` զոհվածների թիվը 64 է, որոնցից շատերը երեխաներ են։
Այրվել է ավելի քան 1500 քմ տարածք։ Հակահրդեհային ազդանշանը չի աշխատել, մարդիկ չեն տարհանվել։ Զոհերի թվով այդ հրդեհը վերջին 100 տարվա ընթացքում Ռուսաստանի չորս խոշորագույն հրդեհներից մեկն է։