Թբիլիսիի անվտանգության բարձիկը, կամ սպառնո՞ւմ է Երևանին երեք կովկասյան երկրների միությունը

Կարո՞ղ է արդյոք Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունն ուղղված լինել ինչ-որ երկրի, այդ թվում` Հայաստանի դեմ։ Sputnik Արմենիայի թղթակիցն իմացել է փորձագետների կարծիքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ռազմական ոլորտում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցության եռակի ձևաչափը չպետք է անհանգստացնի Երևանին, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսայան։

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարների հերթական հանդիպումը տեղի կունենա թուրքական Գիրեսուն քաղաքում մարտի 31–ին։

«Արարողակարգային» այց. Իրանի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարները մեկնել են Բաքու

«Դեռ ձևավորվող դաշինքն ուղղված չէ տարածաշրջանի ինչ-որ երկրի դեմ, չնայած նրան, որ Թուրքիան և Ադրբեջանն ունեն իրենց աշխարհաքաղաքական նկրտումները։ Նման ձևաչափերի նպատակը, և սա բացառություն չէ, էներգաանվտանգության ամրապնդումն է», – վստահ է Մաիսայան։

Նրա խոսքով` Հարավային Կովկասի երկրներում գոյություն ունեցող սպառնալիքները կարող են ազդել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ գործող էներգանախագծերի կենսունակության վրա։ Մաիսայանը նշեց, որ գալիք հանդիպմանը կքննարկվի կողմերի մասնակցությունը ՆԱՏՕ–ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ գործողություններին, ինչպես նաև համատեղ զորավարժություններին։

Փորձագետը բացատրեց` այս միությանը Վրաստանի մասնակցությունը մասամբ կարող ենք երաշխիք համարել, որ եռակի միության նպատակն ապագայում չի փոխվի, և այն սպառնալիք չի դառնա Հարավային Կովկասի երկրների, այդ թվում` Հայաստանի համար։

Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, վրացագետ Ջոնի Մելիքյանը նշում է, որ միությունը ձևավորվել է Անկարայի և Բաքվի նախաձեռնությամբ։

Վրացական աշխարհաքաղաքական առաքելություն. ինչպես է Թբիլիսին խուսավարում Բաքվի և Երևանի միջև

«Այս միությունում գործում են սահմանափակումներ. երեք երկրների արտաքին քաղաքական վեկտորները մի քիչ տարբերվում են։ Եթե Թուրքիան, լինելով ՆԱՏՕ–ի անդամ երկիր, ունի իր տարածաշրջանային շահերը, ապա Թբիլիսին փորձում է նվազեցնել իր կախվածությունը Հարավային Կովկասում ինչ-որ խաղացողներից և գտնել իր անվտանգությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հովանու ներքո», – ասաց Մելիքյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Թբիլիսին նաև հասկանում է Անկարայի հետ ընկերության կարևորությունը, քանի որ Թուրքիայի աջակցությունը ՆԱՏՕ–ին Վրաստանի անդամակցության հարցում փոքր չէ։ Մյուս կողմից, Բրյուսելի և Անկարայի հարաբերությունների վատթարացումը, հատկապես վերջին շրջանում, Թուրքիայի դիրքորոշումն ավելի խոցելի են դարձնում այդ դաշինքում։

«Թուրքիայի ազդեցությունն այսօր այդքան մասշտաբային չէ, որքան Միխեիլ Սահակաշվիլու նախագահության տարիներին, և եռակողմ ձևաչափում Ադրբեջանը, իր հերթին, փորձում է չեզոքություն պահպանել», – ասաց Մելիքյանը։

Փորձագետը պնդում է, որ այդ գործոնները Թբիլիսին ավելի ազատ են դարձնում` մեծ ազդեցություն չունենալով Երևանի հետ համագործակցության վրա։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում Վրաստանը չի կարող հաշվի չառնել եղբայրական Հայաստանի գործոնը։

«Եռակի միությունը նրա համար հարթակ է հյուսիսային հարևանի դեմ, բայց ոչ հարավայինի», – ասաց Մելիքյանը։

Վրաստանը հաշվի է առնում այն փաստը, որ եթե եռակողմ ձևաչափի քաղաքականությունը հակադրվի Հայաստանի շահերին, ապա դա բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի վրա։

Փորձագետը, հատկապես Թուրքիայում երեք երկրների նախարարների հանդիպումից հետո, չի բացառում Թբիլիսիի կողմից դիվանագիտական քայլը, մանավանդ որ առաջիկայում տեղի կունենա Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի այցը Երևան։