ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Մարտի 30-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողներն իրենց դասախոսների հետ հավաքվել էին Գյումրիում` ՌԴ գլխավոր հյուպատոսության մոտ:
Կոմիտասյան «Կռունկ»-ից հետո ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը, ապա երկինք բաց թողեցին խորհրդանշական սպիտակ փուչիկներ:
«Սա բոլորիս հարգանքի տուրքն է անմեղ զոհերի հիշատակին: Սրանով նաև մեր սթափության ու զգոնության ուղերձն ենք հղում համայն մարդկությանը: Մենք կիսում ենք նաև ռուս ժողովրդի վիշտը»,- նշեց բուհի ուսանողության հարցերով տնօրենի օգնական Սուսաննա Ավետիսյանը։
Արդեն երրորդ օրն է Հայաստանի երկրորդ քաղաքում շարունակվում են Կեմերովոյի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները: Դպրոցների, կրթական այլ հաստատությունների ու տարբեր կառույցների ներկայացուցիչներ գալիս են Գյումրիում գտնվող ՌԴ հյուպատոսության մուտքի մոտ՝ իրենց հետ խաղալիքներ ու ծաղիկներ բերելով:
Կեմերովոյի «Զիմնյայ վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25–ին բռնկած հրդեհի զոհ են դարձել 74 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են: Ռուսաստանում 100 տարվա ընթացքում գրանցված հրդեհների ցանկում այս ողբերգությունն ամենախոշորներից մեկն է զոհերի քանակով։ Խոշոր հրդեհներ են եղել Սամարայի Ներքին գործերի վարչությունում (1999 թվական, 57 զոհ), Կրասնոդարի երկրամասի Կամիշևատսկայա ավանի ծերանոցում (2007 թվական, 63 զոհ) և Պերմի «Խրոմայա լոշադ» ակումբում (2009 թվական, 153 զոհ)։
Հայաստանում` մասնավորապես Երևանում ու Գյումրիում հարգանքի տուրք է մատուցվել հրդեհի զոհերի հիշատակին։