Playboy, Tesla և այլն. փորձագետը պարզաբանում է` ինչ է թաքնված Facebook–ի սկանդալի հետևում

Օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալից հետո խոշոր ընկերությունները սկսեցին ջնջել իրենց Facebook–յան էջերը։ Ծայրագույն միջոցների է դիմել նաև տղամարդկանց համար նախատեսված լեգենդար Playboy ամսագիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Facebook սոցցանցի 50 մլն օգտատերների անձնական տվյալները գողանալու թեման այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում մեկնաբանեց տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ինչո՞ւ են հայերին ավելի հաճախ արգելափակում Facebook–ում

Հիշեցնենք, որ բրիտանական Cambridge Analytica ընկերությունը թեստեր է գործարկել սոցցանցերի օգտատերերի համար, և ամենաակտիվ օգտատերերը «բռնվել» են կամ, ինչպես ասում են, ծուղակն են ընկել։ Վերջին տարիներին Facebook-ում արդիական են ինտելեկտը ստուգելու, կինոաստղի կամ կենդանու հետ նմանության թեստերը։ Օգտատերերը հաճույքով պարզում են իրենց ապագա երեխայի սեռը` չկասկածելով, որ զվարճանք թվացող զբաղմունքն ամենաիսկական «ծուղակ» է, և ինչ-որ մեկը նպատակաուղղված փորձում է անձնական տվյալների հասանելիություն ստանալ։

The Guardian և The New York Times հեղինակավոր պարբերականները պարզել են, որ բոլոր տվյալներն օգտագործվել են Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավին աջակցելու համար։

«Սկանդալն առաջացել է մարտի կեսերին, պատճառը եղել է այն, որ Facebook-ը Cambridge Analytica ընկերությանը թույլ է տվել մոտ 50 մլն օգտատերի անձնական տվյալներ հավաքել, որոնք թույլ են տալիս օգտագործել քաղաքական նպատակներով ուղեղները լվանալու, քարոզչության համար», — ասաց Մարտիրոսյանը։

Այդ ամենը, նրա խոսքով, հանգեցրեց նրան, որ հանրահայտ սոցցանցի վարկանիշն անկում ապրեց, շատերը սկսեցին ջնջել իրենց էջերը։ Հենց այդ ժամանակ առաջացավ #DeleteFacebook սոցիալական հեշթեգը։

Սոցցանցի ստեղծողների համար, ըստ Մարտիրոսյանի, մեծ հարված դարձավ այն, որ ամերիկացի հայտնի գործարար Իլոն Մասկը Facebook-ում ջնջեց Tesla-ի և SpaceX-ի էջերը։

Ո՞ր սոցցանցերն են սիրում հայերը, կամ ինչու են նրանք արտագաղթում Facebook-ից

Տղամարդկանց համար նախատեսված լեգենդար Playboy ամսագրի ղեկավարությունը նույնպես որոշել է ապաակտիվացնել պարբերականի պաշտոնական էջը Facebook-ում։ Շարժառիթ է  դարձել օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալը, ինչի մասին Playboy-ցիներն անձամբ հայտնել են այսօր տարածած հաղորդագրության մեջ։

Եթե փորձենք բացել հայտնի ամսագրի էջը, կտեսնենք այս գրառումը. «Ցավոք, այս կոնտենտն այժմ հասանելի չէ»։

Playboy-ն իր որոշումը բացատրել է այսպես` սոցցանցի խիստ կանոնների պատճառով ընկերության համար դժվար է իր արժեքներն արտահայտել Facebook-ում։