Բարեհոգի մարդը, որը «խոհարարուհիների որդիներին» արգելեց բուհ գնալ. ո՞վ է եղել այդ հայը

Հայ պալատական տոհմի ներկայացուցիչ Իվան Դելյանովն անթիվ–անհամար արարքներ է գործել` և՛ բարի, և՛ չար, և՛ անհասկանալի։ Բայց ընդհանուր առմամբ ո՞վ է եղել այդ կերպարը և ի՞նչ դեր է խաղացել Ռուսաստանի պատմության մեջ։ Նրա մասին հիշել է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։
Sputnik

Գեներալ-մայոր Դավիթ Դելյանովը, որը XVIII դարից անցել է ռուսական ծառայության, ամուսնացել է Մարիայի` կայսերական պալատի ոսկերիչ Իվան Լազարովի ազգականուհու հետ։ 1818թ-ի վերջին ծնվում է նրանց որդի Իվանը։ Նման ընտանիքի երեխան «դատապարտված» էր բարձրագույն կրթություն ստանալու։ Ծնողներն ընտրել են տնային ուսուցումը` հումանիտար առարկաների և լեզուների թեքումով։ 18 տարեկանում Իվանն անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և բոլորովին չվերացած լատիներեն էր խոսում։

«Իոսիֆյանի ուղղաթիռն» ու Գագարինը, կամ ամենայն հայոց «էլեկտրիկոսի» խելահեղ պատմությունը

Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորելն ավելացրեց իրավագետին անհրաժեշտ գիտելիքները։ Որոշ ժամանակ գործ ունեցավ օրենքների հետ. նա դյուրընթեռնելի էր դարձնում իրավաբանների գրածները։ Սակայն շուտով դարձավ տարբեր կրթական հաստատությունների գործերով կառավարիչ։ Ազնվաբարո աղջիկների դաստիարակչական միությունը, Ալեքսանդրյան ուսումնարանը և Պետերբուրգի Եկատերինյան ինստիտուտը նրա ամենանշանակալի աշխատանքի վայրերն էին։ Արդեն 40 տարեկանում Դելյանովը տեղափոխվեց ժողովրդական լուսավորության նախարարություն և նշանակվեց Պետերբուրգի ուսումնական շրջանի հոգաբարձու։

Երեք տարի անց նրան նշանակեցին Հանրային գրադարանի տնօրեն` միաժամանակ չազատելով մի շարք պետական պարտականություններից։ Հավանաբար նաև այն պատճառով, որ Դելյանովը մնաց Պետերբուրգի ուսումնական շրջանի հոգաբարձու, իսկ հետո դարձավ ժողովրդական լուսավորության նախարարի ընկերը և Կայսերական պալատի գերատեսչությունից անցավ լուսավորության նախարարություն։

Չափազանց շատ տեղ կզբաղեցնի մանրամասն նկարագրությունն այն մասին, թե ինչ է հաջողվել անել Դելյանովին Պետերբուրգի գրադարանի համար, հետո էլ շատ բաներ հետաքրքրում են միայն մասնագետներին։ Գլխավորն այն է եղել, որ նա աշխուժացրել է նեխած գրադարանային օդը Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի գրապահոցների հետ ակտիվ համագործակցությամբ, արտասահմանից առանց գրաքննության գրքեր ստանալու իրավունք է ստացել, ի հայտ է եկել ընթերցողների պատվերների մատյան։ Այդ մատյանում գրությունները հիմք են ծառայել գրադարանային ֆոնդերում այս կամ այն գրքերը պահանջելու համար։

Աշխարհի քաղաքացի, բայց արյունով և համոզմունքներով հայ. «Պարոն 5%»–ի հիշատակին

Հայտնվել է նաև գաղտնի ֆոնդ, որտեղ ուղարկել են այն գրքերը, որոնք առգրավվել են ձերբակալված հեղափոխականներից մաքսային ստուգումների ժամանակ, իսկ էմիգրանտական գրականությունը գնել են հրատարակիչներից։ 1867թ-ին հատուկ հրահանգ է տրվել գրադարան տանել ստեղծագործությունների մեկական նմուշ, որոնք դատարանի և գրաքննության կողմից դատապարտվել են ոչնչացման։

Գրադարանի նոր կանոնադրությունում ասվել է, որ այն «բաց է բոլոր ցանկացողների պարապմունքների համար»։ Հասարակությունը, որին զարմացրել է այդ դիրքորոշումը, դրական է ընդունել այն։

Այդքան միանշանակ չի ընդունվել Դելյանովի գործունեությունը ժողովրդական լուսավորության նախարարի պաշտոնում։ Նրան գովել են Խարկովում տեխնոլոգիական ինստիտուտ և Տոմսկում համալսարան բացելու, ամբողջ երկրում տեխնիկական և արդյունաբերական նոր ուսումնարաններ հիմնելու, հին լեզուների համար նախատեսված ժամերը ռուսերենի օգտին կրճատելու համար։ Գովել են և, շատ արագ վարժվելով դրան, մոռացել։

1881թ-ի մարտի 1-ին սպանվել է կայսր Ալեքսանդր 2-րդը, և դա հանգեցրել է Ռուսաստանի ներքաղաքական ընթացքի կտրուկ փոփոխության դեպի պահպանողականությունը և հետադիմությունը։ Իհարկե, ժողովրդական լուսավորությունը չէր կարող խուսափել այդ ճակատագրից։ Տարրական կրթությունը սկսել է եկեղեցական բնույթ ընդունել, սահմանափակվել է համալսարանների ինքնակառավարումը և պետական քննություններ են սահմանվել շրջանավարտների համար։

Եվ ահա 1887թ-ին Դելյանովի անմիջական մասնակցությամբ հրատարակվել է «շրջաբերական խոհարարուհիների երեխաների մասին», որի համաձայն արգելվել է վարժարաններ ընդունել «կառապանների, լվացարարուհիների, մանր խանութպանների երեխաներին»։ Դրանից մեկ տարի առաջ կանանց համար փակվել են Բարձրագույն կուրսերը։ Հետագայում դրանք կրկին բացվել են, բայց արդեն բոլորովին այլ ուսումնական ծրագրով։

Պարոն նախագահ, այդ դուք եք իմը ծխում. ինչպես է հայ մագնատը «տեղը դրել» ԱՄՆ նախագահին

Վերջապես, Դելյանովի օրոք սահմանվել է հրեաներին համալսարաններ և ինստիտուտներ ընդունելու տոկոսային խստագույն նորմ։

Դելյանովի ժամանակակիցները, որոնք շատ բացասական են տրամադրված եղել, բնութագրել են նրան որպես մեղմ մարդու, որը մշտապես անհանգստացել է բազմաթիվ, նույնիսկ անծանոթ մարդկանց համար։ Նրան համարել են մարդ, որը կամ ընդունակ չէ ինքնուրույն և սկզբունքային արարքների կամ վախենում է դրանցից։ Ահա հայտնի կոմս Սերգեյ Վիտեի խոսքերը. «Դելյանովը շատ հաճելի, բարի մարդ է եղել, և նրան խորթ չեն եղել ժողովրդական լուսավորության հարցերը։ Կիրթ մարդ է եղել, երբեք ոչ մի կտրուկ բան չի արել, միշտ խուսավարել է` հետևելով այն ուղղությանը, որն այդ ժամանակ գերիշխող է եղել, այն է` կոմս Դմիտրի Տոլստոյի ուղղությանը։ Ընդհանրապես նա խուսավարում էր բոլոր ուղղություններով»։

Իվան Դելյանովն անձնական հարուստ գրադարանի գրքերը կտակել է Պետերբուրգի համալսարանին և վարժարանին, իսկ հազվագյուտ գրքերը` Հանրային գրադարանին և Մոսկվայի Ռումյանցևսկայա թանգարանին։ «Բարի և հաճելի» մարդուն թաղել են Պետերբուրգի հայկական գերեզմանատանը։