ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ռուսաստանի և Արևմուտքի միջև կոլեկտիվ առճակատումը սրընթաց թափ է հավաքում։ Կողմերի միջև հարաբերությունների սրումը, որի համար ձևական առիթ է դարձել բրիտանական Սոլսբերիում գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին թունավորելը, անցած երկուշաբթի վերածվել է ԱՄՆ–ից, Կանադայից, ԵՄ տասնյակ երկրներից և «եվրաինտերգրման» ուղին բռնած Ուկրաինայից ռուս դիվանագետներին արտաքսելուն։
Ակնհայտ է, որ դիվանագիտական անձնակազմի կտրուկ կրճատումը չի կարող չանդրադառնալ Մոսկվայի և այդ պետությունների միջև տնտեսական կապերի վրա։ Գրեթե բոլոր այդ երկրները Ռուսաստանի նշանակալի առևտրատնտեսական գործընկերներն են։
Քաղաքատնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վասիլի Կոլտաշովի կարծիքով` առաջիկայում Ռուսաստանի վրա ճնշումը միայն կաճի, և Սկրիպալի հետ պատմությունն ընդամենը պատճառ է, ցանկության դեպքում կարելի է բազմաթիվ պատճառներ հորինել։
«Ռուսաստանը շատ բարդ առևտրային և տնտեսական հարաբերություններ կունենա Եվրամիության երկրների հետ։ Ցավոք, Բրյուսելը թույլ է տվել Վաշինգտոնին և Լոնդոնին ներքաշել իրեն այս պատմության մեջ, թեև «Սկրիպալի գործը» անգլո–ամերիկյան հարց էր և անմիջականորեն չի վերաբերել ԵՄ երկրներին։ Այո, Գերմանիան շարունակում է ռուսական գազ ստանալ, բայց այնուամենայնիվ, չի կարելի հույս ունենալ, որ ռուսական բիզնեսը Գերմանիայում անվտանգ կզգա իրեն և հուսալ, որ մենք կունենանք նորմալ դիվանագիտական և առևտրային հարաբերություններ», – ասաց փորձագետը Sputnik Արմենիանի հետ հարցազրույցում։
Ռուսաստանում, վերջապես, պետք է գիտակցեն տնտեսական ռազմավարությունը փոխելու անհրաժեշտությունը, քանզի սխալ էր շեշտը` Ռուսաստանը Եվրոպայի, Արևմուտքի մաս է վրա դնելը։ Փորձագետը կարծում է, որ պետք է, առաջին հերթին, կարողանալ կարգավորել այն ապրանքների արտադրությունը, որոնք Ռուսաստանը ներկրում է եվրոպական երկրներից, երկրորդ` ակտիվացնել եվրասիական ինտեգրացիոն գործընթացները` հակադրելով դրանք Եվրամիությանը։
«Եթե մենք չենք վերանայում մեր արտաքին տնտեսական հարացույցը (պարադիգմա, խմբ.), ապա կշարունակենք հարվածը հետևից ստանալ` արտասահմանում ռուսական ակտիվների, անշարժ գույքի վրա կալանք դնելու, հաշիվները սառեցնելու տեսքով։ Կարելի է պատրաստ լինել նրան, որ Ռուսաստանին կանջատեն SWIFT գլոբալ վճարային համակարգից», – ասաց նա։
Փորձագետը կարծում է, որ Ռուսաստանն ի վիճակի է դիմանալ համակարգից անջատվելուն։ Բայց դա հավասարազոր կլինի պատերազմ հայտարարելուն, դա ազդանշան կդառնա աշխարհի համար, այդ թվում` Չինաստանի, որն ԱՄՆ–ի գլոբալ առևտրային մրցակիցն է։ Ազդանշանի էությունը հետևյալն է. SWIFT–ը դադարել է գոյություն ունենալ որպես չեզոք ֆինանսական համակարգ, և պետք է նոր համակարգ ստեղծել, որի գործունեությունն իսկապես կախված չի լինի Վաշինգտոնի քմահաճույքներից։
Ռուսաստանը պատրաստ է նման սցենարի։ Մասնավորապես, անցած տարի ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլինան հաղորդել է Ռուսաստանի բանկի ֆինանսական հաղորդագրությունների համակարգի ներմուծման մասին։ Այն ստեղծված է որպես միջբանկային փոխազդեցության այլընտրանքային ալիք` նպատակ ունենալով ապահովել ծառայությունների երաշխավորված և անխափան տրամադրում ֆինանսական գործողությունների վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություններ հանձնելու ոլորտում։
Կոլտաշովի կարծիքով` ներկա պայմաններում Ռուսաստանը կձգտի սերտորեն համագործակցել Չինաստանի հետ, ասիական շուկաներ բացել և միջոցներ որոնել` սեփական արդյունաբերության մեջ ներդրումներ կատարելու համար, օգնել գործընկերների տնտեսություններին ինտեգրվել։
«Այդ պատերազմում ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի հաղթանակը ոչ մեկին տնտեսական վերելք չի բերի։ Դա պատրանք է։ Ես կասկածում եմ, որ ԱՄՆ–ին չի հաջողվի հասնել իր նպատակին` կոտրել և թալանել ռուսական շուկան», – հավելեց նա։
Իրավիճակը նրանով է տարօրինակ, որ Եվրամիությունն իր վրա կզգա ԱՄՆ տնտեսական հարկադրանքը։ Բրյուսելի և Վաշինգտոնի հարաբերություններում խնդրահարույց կետերից մեկը Թրամփի որոշումն է եվրոպական պողպատի և ալյումինի վրա ներկրման տուրքեր սահմանելու մասին։ Եվրամիությունում հայտարարում են, որ այդ որոշումը վերջնականապես կթաղի նրանց միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու նախագիծը։ Բրյուսելում խոստանում են ադեկվատ և արդյունավետ պատասխան տալ ամերիկացիների գործողություններին։
Կոլտաշովի կարծիքով` կապիտալիստական աշխարհում հակասությունները ձեռք են բերել բազմամակարդակ բնույթ։ Մի կողմից հակասություններ կան Գերմանիայի և ԱՄՆ–ի միջև, մյուս կողմից առկա են տարաձայնություններ Եվրամիության մնացած երկրների և Գերմանիայի միջև։ Բեռլինի դրությունն այս դասավորության մեջ ամենավատն է։ ԱՄՆ–ը և Մեծ Բրիտանիան ոչինչ չեն վտանգում այս խաղում, իսկ գերմանացիները կարող են անուղղելի վնաս կրել։ Ուստի հակառուսական խրախճանքին Գերմանիայի մասնակցությունը հակասում է նրա տնտեսական շահերին։