«Իոսիֆյանի ուղղաթիռն» ու Գագարինը, կամ ամենայն հայոց «էլեկտրիկոսի» խելահեղ պատմությունը

Խորհրդային ռադիոլոկացիոն սարքավորումների, բալիստիկական հրթիռների, ատոմային էլեկտրակայանների, սառցահատների ու սուզանավերի, առաջին օդերևութաբանական արբանյակների ստեղծումն ու Գագարինի առաջին թռիչքը` այս և շատ այլ բաներ սերտորեն կապված են Անդրանիկ Իոսիֆյանի գիտական գործունեության հետ։
Sputnik

Արցախի Ծմակահող գյուղի ուսուցիչ Ղևոնդ Իոսիֆյանի ընտանիքում 1905 թվականին որդի ծնվեց։ Նրան Անդրանիկ անվանեցին, որին կնքեց քահանա պապը, իսկ հինգ տարի անց ընտանիքը տեղափոխվեց Դաղստանի Բույնակսկ քաղաք։ Այնտեղ նրա հորն առաջարկեցին եկեղեցում քահանա աշխատել։ Անդրանիկը լավ տարրական կրթություն ստացավ, հատկապես սիրում էր բնական գիտությունները։

Ֆրոյդը նրան հրաշագործ կոչեց. «պլաստիկայի հայր» Ղազանչյանն ինչո՞ւ նետեց եվրոպական պարգևները

Հետո, շատ տարիներ անց, Կորոլյովը ակադեմիկոս Իոսիֆյանին անվանեց «բոլոր հրթիռների գլխավոր էլեկտրիկ», իսկ խոշորագույն կոնստրուկտոր Միխայիլ Յանգելը` «ամենայն հայեց էլեկտրիկոս»։ Այն ժամանակ` 1918 թվականին, սովորության համաձայն` իրենց հետևից թողնելով միայն պատահական ողջ մնացած հատուկենտ մարդկանց, քաղաքին էին մոտենում թուրքական զորքերը։ Իոսիֆյանները որոշ ժամանակ Թուրքմենստանում սպասեցին` հետո վերադարձան հայրենիք` Ծմակահող։

Մինչև 1930 թվականը որևէ բան չէր հուշում, որ տղան համաշխարհային անուն ունեցող գիտնական է դառնալու։ Թեև այդ ժամանակ արդեն հասցրել էր մեկ հայտնագործություն անել` էլեկտրական պտուտակային հրանոթը ստեղծել։ Իհարկե, դա չի կարելի համեմատել անիվի գյուտի հետ, սակայն գաղափարն այնքան յուրահատուկ էր, որ գրավեց Մոսկվայի ուշադրությունը։ Կարմիր բանակի տեխնիկական շտաբից Իոսիֆյանին հրավիրեցին ու աշխատանք առաջարկեցին Համամիութենական էլեկտրատեխնիկական ինստիտուտում, որտեղ նա ավելի քան 10 տարի աշխատեց։

Հենց այդ տասնամյակում կայացավ խոշորագույն կոնստրուկտորը, որի համար աշխատանքը մոլուցք էր, ու նրա մտքում մեկը մյուսի հետևից գաղափարներ էին ծնվում։ Բացի այդ, 30-ամյա կոնստրուկտորը ստեղծագործ մարդկանց հատուկ հազվագյուտ տաղանդ ուներ` համառ էր, այս բառի լավագույն իմաստով, և իր գաղափարները կյանքի կոչելու յուրահատուկ ունակություն ուներ։

Սկզբում Իոսիֆյանն աշխատում էր Ռուսաստանի էլեկտրաֆիկացիայի պետական հանձնաժողովում, սակայն շուտով ստեղծեց ռազմական էլեկտրատեխնիկայի սեփական լաբորատորիան, և այդ հարցում նրան մեծ աջակցություն ցուցաբերեց Տուխաչևսկին, որը փաստացի ազդեց Իոսիֆյանի վրա, որպեսզի նա ռազմական ոլորտ գնա։ Այն ժամանակ բանակը բարեփոխելու անհրաժեշտություն կար, և գաղափարներով լի հայ կոնստրուկտորը այն էր, ինչ պետք էր։ Թեև ինքը` Տուխաչևսկին շուտով այդ «բարեփոխումների» զոհ դարձավ, սակայն ճնշումները, բարեբախտաբար, Իոսիֆյանի վրա չանդրադարձան, հակառակը` նա դարձավ ԽՍՀՄ ամենագաղտնի կոնստրուկտորներից մեկը։

Եվս մի Օրբելի. ինչպես էր Հովսեփի եղբայրը փրկում երկրի գենետիկան

Երեսուն տարեկում Իոսիֆյանն արդեն համաշխարհային անուն էր ձեռք բերել։ Վերջնականապես նրա փառքն ամրապնդվեց «Իոսիֆյանի ուղղաթիռը» ստեղծելուց հետո։ Այդ ուղղաթիռն էլեկտրական շարժիչով էր աշխատում, իսկ 30-ականների սկզբին անգամ կերոսինով աշխատող ուղղաթիռներն էին նորություն։ Փորձարկումները արվեցին 1941 թվականին, ուղղաթիռը չտեսնված ուղղահայաց վերելք կատարեց ու թռավ հրապարակի վրայով։

Պատերազմն երկու ամիս է, ինչ սկսվել էր, երբ Ստալինի հրամանով Իոսիֆյանին նշանակեցին հատուկ գիտաարտադրողական միավորման տնօրեն։ Այդ միավորումը ռազմաճակատին մատակարարում էր հատուկ էլեկտրական մեքենաներ, կապի ու ավտոմատիկիայի միջոցեր։ Պատերազմից հետո այդ գաղտնի գործարանի հիմքի վրա ստեղծվեց էլեկտրամեխանիկայի խոշորագույն գիտահետազոտական ինստիտուտը` երեք տասնամյակ այն ղեկավարում էր Անդրանկիկ Իոսիֆյանը։

Իսկ 1960 թվականի հոկտեմբերի 24-ը սև օր էր։ Բայկոնուրում առաջին անգամ փորձարկվեց Ռ-16 միջմայրցամաքային բալիստիկական հրթիռը։ Մասնագետները որոշ մտավախություն ունեին, սակայն ոչ ոք աղետի չէր սպասում։ Մինչև նախատեսված մեկնարկը կես ժամ էր մնում, երբ երկրորդ աստիճանի շարժիչը ինքնաբերաբար մեկնարկեց։ Կրակի հոսքը վերացրեց թթվեցուցիչի ու առաջին աստիճանի վառելիքի բաքերը։ Այս ամբողջ ապոկալիպսիսը նկարահանում էին ավտոմատացված կինոխցիկները, որոնք պետք է նկարահանեին հրթիռի մեկնարկը։

Հրդեհի վայրից կատաղի արագությամբ կրակը տարածվում էր շուրջբոլորը` այրելով ամեն ինչ։ Հրդեհը 30 վայրկյան տևեց, սակայն պաշտոնական տվյալներով 74 մարդ մահացավ, ավելի ուշ ևս չորսը մահացան այրվածքներից ու վնասվածքներից։ Մահացածների շարքում էին Ռուսաստանի զինված ուժերի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի գլխավոր հրամանատար, հրետանու գլխավոր մարշալ Նեդելինը, բանակային պաշտոնյաներ, գիտնականներ ու կոնստրուկտորներ։ Միխայիլ Յանգելին ու Անդրանիկ Իոսիֆյանին փրկեց այն, որ նրանք նախատեսված մեկնարկից առաջ գնացել էին ծխելու։

Աշխարհի քաղաքացի, բայց արյունով և համոզմունքներով հայ. «Պարոն 5%»–ի հիշատակին

Մեկ տարի անցավ, Իոսիֆյանը Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում ստացավ։ Ինչպես նշված էր պարգևատրման մասին հրամանում, կոչումը նրան տրվեց «հրթիռային տեխնիկայի օրինակելի նմուշների ստեղծման գործում մեծ վաստակի ու մարդու` դեպի տիեզերք հաջող թռիչքին նպաստելու համար»։ Դա, բնականաբար, Գագարինի առաջին թռիչքն էր։

Լինելով Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ` ակադեմիկոս Իոսիֆյանը ինչով կարողանում էր օգնում էր հանրապետությունում գիտության ու տեխնիկայի, Հայաստանի էլեկտրատեխնիկական ու էլեկտրոնային արդյունաբերության կայացմանն ու զարգացմանը։ Նա մի քանի գիտական ինստիտուտի հիմնադրման նախաձեռնողներից էր` Մաթեմատիկական մեքենաների (հիմնադրեց Սերգեյ Մերգելյանի հետ), համալիր էլեկտրասարքավորումների, միկրոէլեկտրոնիկայի և Վանաձորում ավտոմատիկայի գիտահետազոտական ինստիտուտների։

Լենինի չորս շքանշան, երկու Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Սոցիալիստական աշխատանքի հերոսի աստղ, Լենինի ու Պետական մրցանակ… սրանք դեռ բոլոր պարգևները չեն, որոնք կյանքի օրոք ստացել է Անդրանիկ Իոսիֆյանը։