Էրդողանը հայտարարել է` Թուրքիան պատրաստ է ռազմական նոր գործողություններ սկսել Սիրիայում

Թուրքիայի նախագահը վստահեցրել է, որ ամբողջ պատմության ընթացքում հենց Արևմուտքն է իրեն ագրեսորի պես պահել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում գործողությունը շարունակելու Անկարայի մտադրությունը չի կարելի «զավթողական» համարել։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Anadolu-ին։

«Հենց Արևմուտքն է իր պատմության ընթացքում բազմիցս դրսևորել իրեն որպես զավթիչ և ագրեսոր», — հայտարարել է Էրդողանը։

Ցնդաբանությունը խտանում է, ձիթենին` ճկվում. ի՞նչ նախագծեր ունի Էրդողանը

Ավելի վաղ հաղորդվել է, որ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում վրդովվել է Աֆրինի վերաբերյալ դիրքորոշումից։ Շաբաթ օրը Էրդողանն անտեսել էր մարտերի գոտին շրջաններով սահմանափակելու կոչերը և հայտարարել «հարևան Սիրիայի ամբողջ տարածքում ահաբեկիչներին ոչնչացնելու» Թուրքիայի ԶՈՒ պատրաստականության մասին։

Նա հավելել է նաև, որ Թուրքիան անպատասխան չի թողնի սիրիացիների կոչերը և կշարունակի ռազմական գործողությունը տարածաշրջանում։

Հունվարի 20-ին Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարել էր սիրիական Աֆրինում քուրդ զորամիավորումների դեմ սկսած «Ձիթենու ճյուղ» գործողությունների մասին։ Թուրքիայի հետ գործում են «Սիրիայի ազատ բանակի» գրոհայինները։

Դամասկոսը վճռականորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները` նշելով, որ այդ տարածքը Սիրիայի անբաժանելի մասն է։

Աֆրինում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Մոսկվան բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։

Մարտի 18-ին Էրդողանը հայտարարել է, որ Աֆրին քաղաքն ամբողջությամբ ազատագրվել է քրդական զինված խմբավորումներից։