ԵՐԵՎԱՆ, 23 Մարտ — Sputnik. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերահաստատում է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում հայտնաբերված՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների կոպիտ խախտումները՝ կապված ժամկետանց դեղորայքի, օրինական հիմք չունեցող զսպման միջոցների հետ և այլն:
ՄԻՊ–ից տեղեկացնում են, որ իրականությանը չեն համապատասխանում Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի և աշխատակիցների կողմից «Առավոտ» օրաթերթին տրված հարցազրույցում ՄԻՊ արտահերթ զեկույցում տեղ գտած խախտումները հերքող պնդումները:
«Մասնավորապես` Գյումրու հոգեկան առողջության կենտրոն այցի ընթացքում բացահայտված բոլոր խախտումներն այցի ավարտին, ինչպես պահանջում են միջազգային կանոնները, ներկայացվել են նույն կենտրոնի տնօրենին և աշխատակիցներին: Դրանից հետո, այցի գրավոր արդյունքները՝ անհրաժեշտ վերլուծությամբ, Պաշտպանի կողմից ուղարկվել են Տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև Առողջապահության նախարարություններ»,–ասված է հաղորդագրության մեջ:
ՄԻՊ–ից տեղեկացնում են, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից ստացած պարզաբանումների համաձայն՝ ժամկետանց դեղորայքի փաստը հաստատվել է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի հրամանով, և համապատասխան աշխատակիցը տնօրենի նույն հրամանով ենթարկվել է խիստ նկատողության: Այս մասին նշված է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի 60-րդ էջում:
«Զսպման միջոցների հետ կապված՝ վերահաստատում ենք արտահերթ զեկույցում տեղ գտած պնդումն այն մասին, որ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում հայտնաբերվել են ֆիզիկական զսպման ապօրինի միջոցներ՝ բարդ կառուցվածքով կաշվից գոտիներ (զեկույցի 43-րդ էջը)։
Նախ, Առողջապահության նախարարի առկա հրամանով չի կարող կարգավորվել զսպման միջոցներին կամ դրանց կիրառությանն առնչվող որևէ հարց: Դա անհրաժեշտ է կարգավորել բացառապես օրենքի մակարդակով: Անգամ, եթե նախարարի հրամանը պայմանական ընդունենք որպես հիմք, միևնույն է գոտիները չեն համապատասխանում դրա պահանջներին. ֆիզիկական զսպման մեխանիկական միջոցները պետք է լինեն հեշտությամբ արձակվող և չպետք է ցավ պատճառեն պացիենտին»,–ասում են զեկույցում և հավելում, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոգեբուժական կազմակերպություններում ծեծի ենթարկելու վերաբերյալ զեկույցում որևէ նշում առհասարակ առկա չէ:
Վճարովի ծառայությունների մասին խոսելիս` Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի տնօրենը հիշատակում է միայն առանձին պալատների և տեղեկանքների համար վճարները:
«Զեկույցում արձանագրված է, որ այդ կենտրոնի տնօրենի կողմից սահմանված բժշկական ծառայությունների գնացուցակում ընդգրկված են, օրինակ` Կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ ամրագրված այնպիսի անվճար ծառայություններ, ինչպիսիք են հոգեկան հիվանդների բուժումը, հոգեբույժի և հոգեբանի խորհրդատվությունը և այլն: Հետևաբար, ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ վճարովի ծառայությունների ցանկում դրանց նախատեսումը տնօրենի կողմից ապօրինի է»:
ՄԻՊ–ը հիշեցնում է` կին պացիենտների ամենօրյա խնամքը տղամարդ սանիտարների կողմից իրականացնելը կոնկրետ իրավիճակում նսեմացնում է մարդու արժանապատվությունը:
Մշտադիտարկման ենթարկված հոգեբուժական բոլոր կազմակերպություններում հայտնաբերված խախտումների փաստերը հիմնավորող նյութերն ուղարկվել են իրավասու պետական, այդ թվում՝ իրավապահ մարմիններին:
«Զեկույցում տեղ գտած խախտումները հերքող կամ արդարացնող փորձերի փոխարեն անհրաժեշտ է անհապաղ և հետևողական աշխատանք սկսել դրանք վերացնելու ուղղությամբ»,–եզրափակվում է զեկույցը: