Կյանքի և կորուստների քաղաքը. ճարտարապետության հայ հանճարի ողբերգությունը

Ալեքսանդր Թամանյանը կարող էր ընտրել ցանկացած երկիր` աշխատելու և ապրելու համար, սակայն հայրենիքի համար դժվարին ժամանակ նա նախընտրեց հաստատվել Հայաստանում ու իր ավանդը ներդնել այն վերականգնելու գործում։ Երևանի մեծանուն ու տաղանդավոր ճարտարապետի կյանքի պատմությանն է անդրադարձել Ռուբեն Գյուլմիսարյանը։
Sputnik

Պետերբուրգի շքեղությունն ու եվրոպական պերճությունը թեև գերում էին Ալեքսանդր Թամանյանին, սակայն նա երբեք չէր թաքցնում պատմական հայրենիքում ապրելու և աշխատելու իր ցանկությունը։ 140 տարի առաջ մարտ ամսվա այս օրը Եկատերինոդարում ծնվեց ապագա ականավոր ճարտարապետը, ժամանակակից Երևանի արարիչը։

Սակայն մինչև Երևան գալը նրան բազմաթիվ հետաքրքիր և նշանավոր, ուրախ և դրամատիկ իրադարձություններով լի երկար ու ձիգ տարիներ էին սպասում։ 1904 թվականին Թամանյանն ավարտեց գեղարվեստի կայսերական ակադեմիայի ճարտարապետության բաժինը, և անմիջապես սկսեց զբաղվել Պետերբուրգի հայկական Սուրբ Կատարինե եկեղեցու վերակառուցման աշխատանքներով։ Վերականգնումը երկու տարի տևեց, իսկ 1908 թվականին «իր» եկեղեցում նա պսակադրվեց շատ սիրելի Կամիլա Էդվարդս Բենուայի հետ։

Թամանյանի անհետացող ժառանգությունը. կոլորիտային քաոսն ընդդեմ տաղտկալի առօրեականության

Սեփական ճակատագրի ընտրության հարցում Թամանյանի համար հավանաբար մեծ նշանակություն է ունեցել Անիի հայկական թանգարանի նախագիծը, որը Նիկոլայ Մառի պատվերն էր, և Թամանյանն այն իրականացրեց 1908 թվականին։ Թեև թանգարանը պարզ պատճառներով չկառուցվեց, սակայն այն երիտասարդ, բայց արդեն անվանի ճարտարապետի մոտ հետաքրքրություն առաջացրեց սեփական արմատների հանդեպ։ Պետք է նշել, որ Ալեքսանդր Թամանյանը կարող էր Ռուսաստանում և Եվրոպայում գրեթե ցանկացած հեղինակավոր նախագիծ ընտրել, սակայն նա ընտրեց աղքատ Հայաստանը` ամայի երկիր, որին հարկավոր էր վերստին կյանք տալ։

Բացառապես հայրենասիրությունն էր առաջնորդում Թամանյանին, Սպենդիարյանին, Սարյանին և մյուսներին, երբ նրանք արձագանքեցին Առաջին հանրապետության հրավերին։ Որևէ նյութական շահ, իհարկե, Հայաստանում աշխատելը նրանց չէր խոստանում, սակայն այդ մարդիկ հասկանում էին, թե որքան կարևոր էր այդ ժամանակ գործել հանուն ապագայի, երկրի և ժողովրդի վերածննդի։ Թամանյանը Հայաստան ժամանեց 1919 թվականին։

Երկու տարի անց բոլշևիկները եկան իշխանության, Նժդեհը պաշտպանվում էր Զանգեզուրում, Թամանյանին ընտանիքի հետ առաջարկեցին Թավրիզ մեկնել։ Գուցե մաեստրոն մեծ սխալ թույլ տվեց` համաձայնելով։ Մինչև Մեղրու իրանական սահմանը ճանապարհը երկար էր, դժվար, և ողբերգական. նրա դուստր Մարուսյան, որը հիվանդ էր, մահացավ։

Այնուհետև Թամանյանը վերադարձավ։ 1923 թվականին նրա և ընտանիքի հետևից հատուկ գնացք ուղարկեցին Թավրիզ, նրանք վերադարձան` Մարուսյայի դին ցինկե դագաղի մեջ դրած։ Հայրը դստերը Երևանում հուղարկավորեց։ Այստեղ ճարտարապետը սկսեց նախագծել իր երազանքի քաղաքը` Երևան քաղաք-այգին։

Ծաղրածու, որ շատերին ստիպում էր արտասվել. Վիսոցկու սիրելի Ենգիբարովը

Երկու հսկաներ` Թորոս Թորամանյանն ու Ալեքսանդր Թամանյանը, քրտնաջան աշխատեցին իրենց կյանքի մեծագույն նախագիծն իրականացնելու համար։ Թե ինչ արեցին նրանք` գիտեն բոլորը, իսկ այն, որ նրանց ոչ բոլոր մտահղացումները կյանքի կոչվեցին, ամենևին էլ նրանց մեղքը չէր։ Հանճարների գաղափարները հավերժ են ապրում` ի տարբերություն մահկանացու մարմնական կաղապարների, այդպես էլ պետք է լինի։ Դրա համար են նրանք հենց հանճարեղ, որպեսզի իրենց վրա չիշխեն անհաջողակ ու նախանձ տգետները։ Կանցնի ժամանակ, տգետները կմոռացվեն, իսկ Թամանյանը և նրա երազանքի քաղաքը կմնան հավերժ։

Թամանյանի գրեթե ոչ մի խոշոր նախագիծ նրա կյանքի օրոք ավարտուն տեսքի չի ստացել։ Թեկուզ, օրինակ, կառավարության տունը, որը 1952 թվականին ավարտին հասցրեց Գևորգ Թամանյանը` մեծն ճարտարապետի որդին։

Այդ շենքն առաջինն էր, որ կառուցվեց ձվաձև կենտրոնական հրապարակում, ինչպես և նախատեսված էր Թամանյանի 1924 թվականի գլխավոր հատակագծով։ Շենքի գլխավոր ճակատային մասը միանում է ուղղանկյուն գմբեթավոր աշտարակին։ Մեծ շենքն ընկալվում է որպես մի ամբողջական և ներդաշնակ քաղաքաշինական մտահղացում, իսկ դեկորատիվ տարրերը մեծամասամբ հայկական ճարտարապետության միջնադարյան մոտիվների վերարտադրություն են։

Կամ, օրինակ, Ժողովրդական տան` Օպերային թատրոնի շենքը։ Դրա կառուցումը մի ամբողջ պատմություն էր, որը շարունակվում է նաև այսօր։ Միայն Օպերայի շենքի պատմության վերաբերյալ կարելի է հետաքրքրաշարժ վեպ գրել։

«Չարենցն այսօր մահացավ». անհայտ բանտարկյալի թաքուն գրառումը

… 1934 թվականին Թամանյանների ընտանիքում տեղի ունեցող իրադարձությունների մասին Իսահակյանը գրել է. «Ճակատագիրը դաժան էր Թամանյանի հանդեպ։ Հին ժողովուրդներն այսպես կասեին` աստվածները նրան նախանձում էին և շանթահարեցին նրան։ Մի քանի տարի առաջ մահացավ նրա երիտասարդ, գեղեցիկ դուստրը։ Դա վշտով լցրեց նրա սիրտը։ Վերքը դեռ չէր սպիացել, երբ նոր դաժան հարված ստացավ` մահացավ նրա երկրորդ դուստրը` նույնքան փթթուն ու գեղեցիկ»։

Կրկնակի վիշտը, ծանր աշխատանքն ու մշտական սթրեսներն իրենց սև գործն արեցին։ 57 տարեկանում Թամանյանը գրեթե կուրացել էր և հիվանդ էր։ Հենց այդ տարիքում էլ` 1936 թվականի ձմռանը, նա կյանքից հեռացավ ։ Թամանյանին հրաժեշտ տվեց ամբողջ Երևանն` առանց չափազանցության։ Քաղաքային իշխանությունները խնդրում էին նրա այրուն` Կամիլա Էդվարդսին, թույլ տալ նրան Պանթեոնում հուղարկավորել կամ Սպենդիարյանի կողքին` Օպերային թատրոնի հարևանությամբ։ Կամիլան առարկեց` ներկայացնելով ճարտարապետի կտակը, որտեղ նա խնդրել էր թաղել իրեն դուստրերի կողքին. ստիպված եղան ավարտին հասցնել տոհմական դամբարանի կառուցումը։

Տարիներ անց Թամանյանի աճյունն ամեն դեպքում Պանթեոն տեղափոխվեց` Մարուսյայի և Արոչկայի (Արինա) աճյունների հետ միասին։