Քոչարյան. «Մենք Թուրքիային հայտնել ենք արձանագրությունների չեղարկման մասին»

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները ապասառեցնելու վերաբերյալ որևէ առաջարկ չի ներկայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Թուրքիայի իշխանությանը պաշտոնապես ծանուցվել է դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մասին։ Կառավարության նիստից հետո այսօր այս մասին լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Շարմազանով. «Եթե Թուրքիան ցանկանա սկսել երկրորդ խաղակեսը, կքննարկենք»

Երբ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով արձանագրությունները չեղարկվել են, թուրքական կողմն այդ մասին տեղեկացվել է միջազգային իրավունքի պահանջների համաձայն։

«Կատարվել է նախագահի հանձնարարականն առ այն, որ թուրքական կողմը տեղեկացվել է այդ մասին, և դա բխում է միջազգային իրավունքից: Հիշեցնեմ, որ հայկական կողմը հայտարարել է, որ միշտ էլ պատրաստ է բանակցությունների, հարաբերությունները կարգավորելուն, բայց առանց նախապայմանների, այդ ուղղությամբ մենք որևէ առաջարկ չենք ստացել», — ասաց Քոչարյանը։

ԱԳՆ երկու երկրների ղեկավարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմանի հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները ստորագրել էին 2009թ-ի հոկտեմբերի։ Մինչև այդ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը փոխադարձ այցեր էին կատարել` ներկա լինելով Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումներին։

Բաքվի ապտակն Անկարային, կամ մենք ոչ մի դեպքում չենք պարտվում

«Ֆուտբոլային դիվանագիտությունը» ենթադրում էր առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում։ Այլ խոսքով` ենթադրվում էր, որ Հայաստանը Թուրքիայից չի պահանջի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիան զիջումներ չի պահանջի արցախյան հարցում։ Հայաստանը կատարել է իր պարտականությունները, Թուրքիան հրաժարվել է վավերացումից` հայտարարելով «հայկական ուժերը բռնազավթված տարածքներից դուրս բերելու» անհրաժեշտության մասին։

Հայաստանի իշխանությունները մի քանի տարի շարունակ չէին փակում բանակցությունների դռները։ Սակայն 2018 թվականի մարտի 1-ին Սերժ Սարգսյանը արձանագրությունները չեղարկելու վերաբերյալ հրամանագիր ստորագրեց։

Պաշտոնական Երևանի որոշման մասին ոչ միայն Թուրքիան է տեղեկացվել, այլև այն երկրները, որոնց ներկայացուցիչները Ցյուրիխում ներկա էին արձանագրությունների ստորագրմանը` Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Շվեյցարիան և ԵՄ-ն։