Առանց վիզայի ռեժիմ 4 երկրի համար. հասանելի Հայաստանի հյուրերը կկրկնապատկվեն

Հայաստանը տարեցտարի ավելի գրավիչ է դառնում տարբեր երկրների ճանապարհորդների համար։ Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն իրենց հերթին անում են հնարավոր ամեն բան, որպեսզի երկիրը հնարավորինս շատ հյուրեր ունենա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայկական կողմը հույս ունի, որ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հարավային Կորեայի և աշխարհի ամենախելացի քաղաքի` Սինգապուրի հետ վիզային ռեժիմի չեղարկումից հետո զբոսաշրջիկների հոսքը կկրկնապատկվի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

«Նմանը չկա աշխարհում». ինչպես կանադացի գարեջրագործը բացահայտեց հայկական գարեջրի համը

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալների համաձայն` 2017 թվականին Հայաստան այցելած օտարերկրացիների թիվը մոտավորապես 1.5 մլն է կազմել, ինչը 18,7% շատ է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (1 260 000 այցելու)։

Ըստ համաձայնագրի` նշված երկրների քաղաքացիները կարող են Հայաստան գալ առանց վիզայի և մինչև 180 օր մնալ այստեղ։

Հասանելի Հայաստան

Ապրեսյանի խոսքով` մեր երկրում զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլերը առաջնային են ոլորտի ներկայացուցիչների համար։

«Վիզաների չեղարկման մասին որոշումը բխում է համաշխարհային շուկաներում Հայաստանի հասանելիության մակարդակը բարձրացնելու և սահմանը հատելու ընթացակարգը թեթևացնելու` կառավարության ծրագրով նախատեսված գաղափարախոսությունից», — նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Այժմ օրակարգում է զբոսաշրջիկների հոսքը կրկնապատկելու հարցը (տարեկան մինչև 3 մլն)։ Այս կապակցությամբ մի շարք խնդիրներ պետք է լուծվեն, որոնք կհեշտացնեն օտարերկրացիների այցը մեր երկիր։ Հայաստանը պետք է ավելի մատչելի դառնա զբոսաշրջիկների համար։

Ուրախ ենք հյուրերին

Այս կամ այն պետության հետ վիզաների չեղարկման մասին որոշումը նշանակում է, որ մենք առանձնակի վերաբերմունք ունենք հատկապես զբոսաշրջիկների նկատմամբ։ Ապրեսյանի խոսքով` այդ հանգամանքը Հայաստանն ավելի գրավիչ է դարձնում ճանապարհորդողների համար։

Հայաստանը «հիվանդություն» է. Հայաստանն ամենաշատը սիրող ազգերի հնգյակը

«Սինգապուրը զարգացած զբոսաշրջությամբ, հետաքրքիր տեսարժան վայրերով քաղաք-պետություն է, բայց չի նշանակում, որ նրա բնակիչները չեն ուզում աշխարհի մյուս երկրները տեսնել։ Ցանկացած երկրի բնակիչ մեծ հաճույքով մեկնում է ճանապարհորդության», — ավելացրեց նա։

Սակայն հայ-սինգապուրյան հարաբերությունները զարգանում են ոչ միայն զբոսաշրջային ուղղությամբ։ Բարձր մակարդակով համատեղ այցեր են սպասվում։

Վերջերս Հայաստանի կառավարության ղեկավարը Սինգապուրի գործընկերոջը հրավիրեց Հայաստան։ Թարման Շանմուգարաթնամը երախտագիտությամբ ընդունեց հրավերը։

Հայաստանը, ինչպես կարծում է զբոսաշրջության պետական կոմիտեի ներկայացուցիչը, մեծ ներուժ, հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի, ինչը կարող է հետաքրքրել Սինգապուրի, Հարավային Կորեայի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի քաղաքացիներին։

Ի դեպ, անցյալ տարի հարավկորեական հեռուստաալիքներից մեկը Հայաստանի մասին ֆիլմ էր նկարահանել։ Նրանք շրջել էին գրեթե ամբողջ երկրով և այս տարի իրենց հեռուստատեսությամբ ցուցադրեցին 3 մասից բաղկացած վավերագրական ֆիլմը, հայտնեց Ապրեսյանը։

Պաշտոնական տվյալների համաձայն` Հայաստան առավել հաճախ այցելում են Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի քաղաքացիները։