«Մարիաննայի» ղեկավարի տղան ներկայացել է մեղայականով

Երևանում վրաերթ կատարած վարորդը մեղայականով ներկայացել է քննչական բաժին, ըստ տեղեկությունների՝ շտապօգնություն նա է ահազանգել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. «Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին՝ 26 տարեկան Ժորա Վարդանյանը, ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Զվարթնոցի» գլխավոր տնօրենի զոքանչի մահվան գլխավոր կասկածյալը «Մարիաննայի» ղեկավարի տղան է

Ինչպես նշված է կայքում, նա երեկ՝ մարտի 13-ին, մեղայականով ներկայացել է քննչական վարչություն և հայտնել, որ մարտի 10-ին իր վարած Mercedes G 63 մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ կենտրոնական բանկի դիմաց, վրաերթի է ենթարկել 75 տարեկան Մարիա Գրիգորյանին։

Կայքի տեղեկություններով՝ Երևանի 1-03 շտապօգնության բժշկական կենտրոն ահազանգել է Վարդանյանը և մինչ շտապօգնության ժամանումը փորձել է օգնել կնոջը, բայց երբ ժամանած բժիշկները հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը մահացել է, նա հեռացել է դեպքի վայրից։

«Կան նաև ականատես վկաներ, ինչպես նաև, ըստ տեղեկությունների, դեպքի վայրի հարևանությամբ տեղադրված տեսախցիկների նկարահանած կադրեր, որ նա եղել է դեպքի վայրում, սակայն իմանալով, որ վրաերթի ենթարկվածը մահացել է, հոգեբանական ճնշման տակ չի համարձակվել մոտենալ դեպքի վայր ժամանած իրավապահներին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կայքում նշված է, որ Վարդանյանը նախկինում դատապարտված չի եղել և ակտիվ մասնակցություն է ունեցել մեծ թվով բարեգործական միջոցառումների՝ կատարելով բազմաթիվ բարեգործություններ։