1912թ-ին Մարաշում ապրող հայ-հունական ընտանիքում ծնվել է ապագա կոնստրուկտոր Վահե Կյուպելյանը։ Նա կարող էր կոնստրուկտոր չդառնալ, ընդհանրապես կարող էր չապրել մինչև 4 տարեկան. 1915թ-ին` Ցեղասպանության ժամանակ, ընտանիքը հայտնվել է Սիրիայի Դեր Զոր անապատում։ Վահեի հորն ուղարկել են թուրքական բանակ. բժիշկ լինելը նրա ընտանիքին փրկել է լիովին բնաջնջումից։
Երբ նրանց արտաքսել են, Վահեի մայրը` Մարիա Կյուպելյանը, հայտարարել է թուրքերին, որ ամուսինը թուրք սպա է, և նրանց թույլ են տվել իրենց հետ վերցնել երկու ուղեկցորդների` որպես ֆելդշեր-սանիտարների, Մարիան այդպես է ներկայացրել ամուսնու եղբայրներին։ Ի դեպ, խաբեությունն արագ բացահայտվել է. հորը գտել են և գնդակահարել, իսկ Վահեի կրտսեր քույրը մահացել է անապատում։
1918թ-ին Մարիան 6 տարեկան Վահեի հետ, չգիտես ինչու, վերադարձել է Մարաշ` հավանաբար ինչ-որ բանի հույս ունենալով։ Նրանք տուն չեն ունեցել, քաղաքում ապրելն անհնար է եղել, և նրանք զարտուղի ճանապարհներով մի քանի տարում հասել են այն շոգենավին, որը նրանց ընդմիշտ տարել է Ամերիկա։
Հայտնվելով խաղաղ երկրում` Վահեն լրացրել է կրթության բացթողումները։ Բարեբախտաբար, մայրն աշխատանք է գտել և կարողացել է որդուն ազատել գումար վաստակելու հոգսից։ Վահեն շատ արագ ընդունվել է այդ ժամանակ արդեն հայտնի Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտ։ Այդ ուսումնական հաստատության շրջանավարտներին տրվող աստիճանը համարվում էր հաջողակ ապագա ունենալու գործի կեսը, և Վահեն լիովին օգտվել է իր առջև բացված հնարավորություններից։
Pratt & Whitney-ում աշխատանքը հետաքրքիր է եղել։ Ընկերությունը քաղաքացիական և ռազմական ավիացիայի համար շարժիչների հեղինակավոր արտադրող է եղել, և ինքնըստինքյան է ստացվել, որ Կյուպելյանը ներքաշվել է աշխատանքի մեջ` նախանշելով ամբողջ կյանքում իր գործունեության ուղղվածությունը։
Պատերազմից հետո նա տեղափոխվել է Goodyear, որն այդ ժամանակ սրընթաց կերպով վերածվում էր բազմազգ կորպորացիայի և արդեն միլիարդավոր դոլարի շահույթ ուներ։ Պատերազմի ժամանակ Goodyear-ը թողարկել է F4U Corsair կործանիչներ, դրանց հիման վրա ստեղծվել են մեկտեղանոց, մեկշարժիչանի F2G կործանիչներ, որոնց մշակմանն անմիջական մասնակցություն է ունեցել Կյուպելյանը։
1950թ-ին Կյուպելյանին տեղափոխել են Վաշինգտոն` ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բաժին, որտեղից նա գիտական և կարիերայի սանդուղքի աստիճաններով հասել է Պաշտպանական գործակալության տնօրենի օգնականի պաշտոնին։ Կյուպելյանը զբաղվել է բալիստիկ հրթիռների մշակման հարցերով։
Այնուհետև Կյուպելյանը դարձել է բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու ծրագրում հրթիռային տեխնիկայի հարցերի փորձագետ, նշանակվել ԱՄՆ-ի միջուկային ուժերի հարցերով պաշտպանության փոխնախարարի օգնական` միաժամանակ լինելով Պենտագոնում ԱՄՆ-ի նախագահին կից միջմայրցամաքային հրթիռների խորհրդի անդամ։ Այս խորհրդում զբաղվել է ամերիկյան ՌԾՈՒ համար բալիստիկ հրթիռների մշակմամբ։ Վահե Կյուպելյանը Պենտագոնում աշխատել է 40 տարի` մինչև մահը. 1988թ-ին նա մահացել է ուռուցքաբանական հիվանդությունից։
Ուղնուծուծով տեխնիկական աշխատող Վահե Կյուպելյանը զրկված է եղել գեղարվեստական խոսքի հանդեպ թուլությունից, և հետո էլ գաղտնի աշխատանքը չի նպաստել, որ նա պատմի իր մասին։ Այդ բացթողումը շատ առումներով լրացրել է նրա որդին` Դավիթը, որը հայտնի հրապարակախոս է դարձել ԱՄՆ-ում։ Հենց նա է գրել իր ընտանիքի պատմությունը` ներկայացնելով նրա ուղին Հայոց ցեղասպանության ժամանակներից և շատ առումներով հրաշագործ փրկությունը։