Կարեն Կարապետյանը Հայաստան է հրավիրել լիբանանցի գործընկերոջը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Լիբանանի վարչապետին առաջարկել է օգտվել Հայաստանի տնտեսական հնարավորություններից։ Սաադ Հարիրին էլ պատասխանել է` Լիբանանը նույնպես լավ վայր է ներդրումների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լիբանան: Բեյրութի միջազգային օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Լիբանանի կառավարության նստավայր, որտեղ ՀՀ վարչապետին դիմավորել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին:

Կարապետյանը Բեյրութ է մեկնել հարաբերություններին դրայվ հաղորդելու համար. նախարար

Հայաստանի և Լիբանանի վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` Կարապետյանը, անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին, ասել է, որ լիբանանյան ընկերությունները կարող են օգտագործել հայաստանյան հարթակն առավել լայն շուկաներ մուտք գործելու համար՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտին և ԵՄ հետ GSP+ առևտրային ռեժիմը: «Առհասարակ, այժմ լավ ժամանակ է Հայաստան գալու և մեր երկրում ներդրում կատարելու առումով», — ասել է վարչապետը` ներկայացնելով բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը: ՀՀ վարչապետն առաջարկել է դիտարկել նաև համատեղ ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը՝ թեթև արդյունաբերության, ոսկերչության, դեղագործության և գյուղատնտեսության ոլորտներում։

Լիբանանի զբոսաշրջության նախարարը պատմեց, թե ինչն է ավելի շատ գրավում Հայաստանում

Սաադ Հարիրին, ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը, նշել է, որ Լիբանանը նույնպես լավ վայր է ներդրումներ իրականացնելու համար։

Հայաստանի և Լիբանանի վարչապետները քննարկել են գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, մշակութային ոլորտներում ընթացիկ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատել՝ այն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ: Կարեն Կարապետյանն առաջարկել է նաև ուսումնասիրել հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծման գաղափարը՝ համատեղ ծրագրերը ֆինանսավորելու նպատակով, ինչպես նաև նշել, որ հայկական կողմը պատրաստ է փոխանցել արևային էներգետիկայի ոլորտում ունեցած փորձը:

Վարչապետն իր լիբանանցի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան՝ նշելով, որ այցի շրջանակում կարելի է նաև կազմակերպել հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի նիստ՝ վերոնշյալ հարցերը քննարկելու և փոխգործակցության նոր ուղղություններ նախանշելու համար: Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև Լիբանանի հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկկողմ հարաբերությունների խորացման ու սերտացման գործում: