Հայաստանում կյանքն էժանանում է, որովհետև հայաստանցին փող չունի

Անցնող մի քանի ամիսներին գրանցված գնաճից հետո Վիճակագրական ծառայությունը հայտարարում է, որ փետրվարին կյանքը Հայաստանում էժանացել է։ Տնտեսագետը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է էժանացման իրական պատճառները։
Sputnik

Նելլի Դանիելյան, Sputnik.

Փետրվարին կյանքը Հայաստանում կես տոկոսով էժանացել է։ Այս մասին հուշում են ՀՀ Վիճակագրության ծառայության հրապարակած ցուցանիշները, որոնց համաձայն` 2018թ.–ի հունվարի համեմատ փետրվարին ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնանկում։

Ըստ վիճակագիրների` գնանկումը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների 1.2% էժանացմամբ։

«Ադրբեջանական հրաշքը» հետ մղեց հայկական գնաճը

Կյանքի էժանացումը, սակայն, հայաստանցիներն առայժմ չեն զգում։ Մասնագետի դիտարկմամբ` ապրանքների գներն իջել են, քանի որ Հայաստանցիները դրանք գնելու փող չունեն։

«Դա առաջին հերթին բացատրվում է ցածր վճարունակ պահանջարկով։ Գներն աճում են, եթե կա վճարունակ պահանջարկի աճ։ Իսկ գնաճը զսպող ամենամեծ գործոնն աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների «սառեցումն է», նաև այս տարվա համար»,– 0.5%–անոց գնանկումն այսպես մեկնաբանեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Ինչ վերաբերում է անցյալ տարեվերջին գրանցված գնաճի բարձր ցուցանիշին, Ատոմ Մարգարյանն այն պայմանավորում է նախաամանորյա պահանջարկի աճով, հունվարյան գնաճն էլ պայմանավորված էր հարկային փոփոխություններով։ Այս առումով, պաշտոնական վիճակագրության համաձայն, անցած տարվա դեկտեմբերի համեմատ փետրվարին սպառողական գները շարունակում են 2.4 %-ով բարձր մնալ։

«Որոշ սննդամթերքի գներն անցյալ տարեվերջին հասել էին իրենց առաստաղին, և էլ աճելու տեղ չունեին,– ասաց Ատոմ Մարգարյանը` նշելով, որ տնտեսական օրենքներով պայմանավորված գործարարները ստիպված էին որոշ չափով իջեցնել գները։

Հայկական տնտեսության սատանան. ի՞նչ է թաքնված մանրուքներում

Այսուհանդերձ, այս իրավիճակը, որքան էլ որ ձեռնտու է սպառողին, բայց տնտեսագիտության տեսանկյունից նպաստավոր չէ երկրի տնտեսության համար։

«Ոչ թե գները պետք է սառեցվեն, կամ պահվեն զրոյին մոտ տիրույթում, այլ պետք է այնպես անել, որ մարդկանց եկամուտներն աճեն։ Գների որոշակի աճը նաև նշան է արտադրողներին, որպեսզի նրանք խթան ունենան երկրում ներդրումներ անելու, աշխատատեղեր ստեղծելու»,– ասաց Մարգարյանը։

Նշենք, որ ՀՀ վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2018թ. փետրվարին հունվարի համեմատ Հայաստանում բանջարեղենի և մրգի գները նվազել են համապատասխանաբար` 7.5% և 2% –ով, կաթնամթերքը, պանիրն ու ձուն`  մինչև 2.5%–ով, շաքարավազը` 0.4%–ով։

Իսկ, օրինակ, մսամթերքի գինը փետրվարին էլ շարունակել է աճել` 1 %–ով, ձկնեղենն ու ծովամթերքը` 0.9%, հացաբուլկեղենի և ձավարեղենի գները` 0.1%–ով, ծխախոտինը` 0.4%–ով։

2018թ. փետրվարին հունվարի համեմատ Հայաստանում շարունակել է թանկանալ նաև վառելիքը։ Պաշտոնական տվյալներով` բենզինի գինն աճել է 3.6%, դիզելային վառելիքինը՝ 3.4%-ով: