ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Իսրայելի և Հայաստանի հարաբերությունները չի կարելի մտերիմ անվանել, հայ հասարակությանը զայրացնում է այն, թե ինչպես է Իսրայելը խուսանավում Հայոց ցեղասպանության ճանաչումից, ինչպես նաև Ադրբեջանին զենք վաճառելոի հանգամանքը։
Սակայն վերջին շրջանում երկկողմ շփումներն ակտիվացել են, պաշտոնատար անձանց փոխադարձ այցերը հաճախակի են դարձել։
Sputnik Արմենիան զրուցել է Հայաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Էլիյահու Յերուշալմիի հետ այն մասին, թե արդյոք երկկողմ հարաբերությունները դրական հեռանկար ունեն և որ ոլորտներում կարելի է երկու երկրների հարաբերություններում առաջընթաց գրանցել։
Դեսպանատուն բացելու հարցը
Դեսպան Յերուշալմին ոչ ռեզիդենտ է, այսինքն նա մշտապես չի աշխատում Հայաստանում՝ ժամանակի մեծ մասը գտնվելով Իսրայելում։ Նա խոստովանում է, որ ավելի նախընտրելի է գտնվել նշանակման երկրում, բայց աշխարհը փոխվում է, և դրա հետ մեկտեղ՝ դիվանագիտությունը։
«Իհարկե, ավելի լավ է աշխատել այն երկրում, որտեղ դու նշանակված ես՝ թե՛ այդ երկրի քաղաքականությունը, թե՛ ընդհանրապես երկիրը ճանաչելու, հասկանալու տեսակետից։ Բայց ժամանակակից աշխարհում դեսպանատուն ունենալը շքեղություն է», — ասում է Յերուշալմին։
Նրա խոսքով՝ երկրներն ավելի ու ավելի հաճախ են նշանակում ոչ ռեզիդենտ դեսպանների։ Դրա պատճառը միայն դեսպանատուն պահելու ծախսերի կրճատումը չէ: Այսօր տեխնոլոգիաները թույլ են տալիս կապի մեջ մնալ ինտերնետով, հեռախոսով և հեռավորության վրա կատարել մասնագիտական պարտականությունները։«Մեր կառավարությունը ձգտում է աշխարհով մեկ կրճատել դեսպանատների թիվը։ Այս տարի Իսրայելը ծրագրում է փակել յոթ դեսպանատներ, երեքը փակվել են անցած տարի, իսկ իշխանությունները ցանկանում են նոր կրճատումներ անել։ Մենք պատմական ժամանակաշրջանում ենք ապրում, երբ դիվանագիտությունը փոխվում է տեխնոլոգիաների հաշվին», — նշեց դեսպանը։
Նա բերեց Սինգապուրի օրինակը, որտեղ 40 ոչ ռեզիդենտ դեսպաններ կան։ Իսրայելում նման դեսպանները յոթն են։
Այն հարցին, թե մինչև հիմա ինչն է խանգարել երկրներին զարգացնել երկկողմ հարաբերությունները, դեսպանը դժվարացավ պատասխանել։ Նրա խոսքով՝ հնարավոր է, որ Իսրայելին ժամանակ էր պետք գիտակցելու համար, թե ինչ է տեղի ունենում հետխորհրդային տարածքում ԽՍՀՄ-ի անկումից հետո։
«Հայաստանի համար Իսրայելը նույնպես նոր բան է, ինչն արդեն սկսել են ուսումնասիրել, բայց առայժմ չգիտեն, թե ինչպես վարվեն», — ասաց Յերուշալմին։
Նրա խոսքով՝ հիմա բիզնեսն ուսումնասիրում է Հարավային Կովկասում բոլոր հնարավորությունները, եկել է հարաբերությունները խորացնելու ժամանակը։ Դեսպանը կարծում է, որ հայերը և իսրայելցիները իրար նման են մտածում, դա կարող է նպաստել մերձեցմանը։
Տնտեսական ոլորտում ծրագրերը
Իսրայելի դեսպանի խոսքով՝ Իսրայելը մտադիր է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցությունը, ընդ որում՝ առաջին հերթին տնտեսական ոլորտում։
«Անցած տարվանից Armenia ավիաընկերությունն ուղիղ չվերթներ է իրականացնում դեպի Իսրայել։ Այս տարի իսրայելական Arcia ընկերությունը միանում է թռիչքներին։ Մյուս ավիաընկերությունները նույնպես հետաքրքրված են այս ուղղությամբ։ Այսպիսով, տնտեսական հարաբերություններում առաջին տեղը զբաղեցնում է զբոսաշրջությունը», — ասաց Յերուշալմին։
Ըստ նրա՝ զբոսաշրջիկների ակտիվության աճը հեշտ է նկատել թռիչքների քանակի ավելացման ֆոնին։ Իսրայելական թերթերում հայտնվել են նաև գովազդային հայտարարություններ, որոնք ուղեգրեր են առաջարկում դեպի Հայաստան և Վրաստան։
«Շատ իսրայելցի ներդրողներ մտածում են Հայաստանում ներդրումներ կատարելու մասին։ Հայկական շուկան հետաքրքրում է իսրայելցիներին, որովհետև դա ԵԱՏՄ շուկայի մաս է, և, միևնույն ժամանակ, մոտ է Իսրայելին», — ասաց դեսպանը։
Դեսպանը հայտնեց, որ այս տարի իսրայելցի գործարարները ծրագրում են բիզնես հիմնել Գյումրու օդանավակայանի մոտ։ Ընկերություն, որը զբաղվում է Իսրայելից ԵԱՏՄ, Եվրամիությունից ԵԱՏՄ և հակառակ ուղղությամբ ապրանքների ներմուծմամբ ու արտահանմամբ։ Ընկերությունը զբաղվելու է լոգիստիկայով և ապրանքների արագ առաքմամբ։
Հնարավո՞ր է արդյոք առանց վիզայի ռեժիմ
Քննարկվում է նաև Իսրայելում վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու հարցը, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի հետ։ Չնայած ընթացող քննարկումներին, հստակ ժամկետներ չկան։
Դեսպանի խոսքով՝ Իսրայելը բախվել է բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների խնդրի հետ, որոնք այս կամ այն եղանակով ժամանել են երկիր և չեն ցանկանում հեռանալ։ Հայաստանը և մյուս երկրները տուժում են դրանից, քանի որ ամբողջ վիզային քաղաքականությունը վերանայելու հարց է առաջանում։