ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Բեռլինում շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ։
Արոնյանը խաղացել է սև խաղաքարերով, Մամեդյարովը՝ սպիտակ։
«Մամեդյարովը և Արոնյանը համաձայնվեցին ոչ-ոքիի։ Շահրիյարը և Լևոնը «շախմատային գրոհայիններ» են, բայց ինչ-որ մի պահի նրանք հասկացան, որ դիրքը պարզունակ է։ Սակայն Մամեդյարովը մրցաշարի առաջնորդներից է, նա երկու միավորից հավաքել է 1,5 միավոր, իսկ Արոնյանն ունի 1 միավոր», — նշել է խաղի մեկնաբանը։
Նախօրեին Արոնյանն առաջին տուրում սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել չինացի Դին Լիժենի հետ։
Նշենք, որ Բեռլինյան մրցաշարին մասնակցում են ութ ուժեղագույն շախմատիստ՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լևոն Արոնյանը (Հայաստան), գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դին Լիրենը (Չինաստան), ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի ընդհանուր հաշվարկում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներ Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան) և Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), 2017թ. ընթացքում ամենաբարձր միջին գործակից ունեցող երկու շախմատիստներ` Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) և Ուեսլի Սոն (ԱՄՆ), աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան):
Հավակնորդների մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ երկու շրջանով` տասնչորս խաղափուլով: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` ս.թ. նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում: Մրցաշարի կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) և նրա կոմերցիոն գործընկեր «Ուորլդ Չես» կազմակերպությունը: