17 աթոռ ու 1 տնտեսություն. ով ուր կտանի Հայաստանն ապրիլից հետո

Ի՞նչ կժառանգի ապագա կառավարությունը գործողից, ո՞վ կկառավարի հայաստանյան տնտեսությունն ապրիլից հետո և որ ուղղությամբ կտանի այն։ Սրանք հարցեր են, որոնք հետաքրքրում են բոլորին։
Sputnik

Նելլի Դանիելյան, Sputnik.

Գործող կառավարության աշխատանքից իշխող քաղաքական ուժի ղեկավարները գոհ են. տնտեսական խոստացված աճն ապահովվել է, բյուջետային մուտքերը` ավելացել։ Այս մասին տարբեր մակարդակներով արդեն հայտարարվել է։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ գործող նախարարները կպահպանեն իրենց աթոռները նաև ապրիլից հետո, երբ նորընտիր վարչապետը կձևավորի իր կաբինետը։

Կարեն Կարապետյանին հրապարակավ արժեզրկում են. ինչո՞ւ

Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը չի հերքում, որ վարչապետ Կարեն Կարապետյանն անցնող 1.5 տարում վատ չաշխատեց, մակրոտնտեսական որոշ ցուցանիշների, մասնավորապես` տնտեսական աճի մասով նրա ղեկավարած կառավարությունը կարողացավ տպավորիչ ցուցանիշներ ապահովել։ Այդուհանդերձ, նա չի թաքցնում` եղել են նաև թերացումներ։

«Այդ կայունության գինը չափազանց բարձր է եղել, և այստեղ լուրջ խնդիրներ ու թեմաներ կան, որ պետք է պարզաբանումներ ստանան»,- ասում է Մարգարյանը` հիմնականում մատնանշելով Հայաստանի` տպավորիչ չափերի հասած արտաքին պարտքը։

Տնտեսական աճին զուգահեռ նոր կառավարությունը Կարեն Կարապետյանի կաբինետից նաև պարտքի մեծ բեռ կժառանգի։

Անկախ նրանից, թե ապրիլից հետո ովքեր կզբաղեցնեն կառավարության` տնտեսական քաղաքականության համար պատասխանատու անդամների աթոռները, Մարգարյանը կարծում է, որ նրանք ստիպված կլինեն փոխել իրենց գործունեության վեկտորը` հետագա խնդիրներից խուսափելու համար։

«Այս կառավարությունը, որ աշխատեց ավելի քան 1.5 տարի, որոշակի կայունության էլեմենտներ ստեղծեց, հատկապես` բյուջետային համակարգում։ Բայց դա չի կարող լինել շարունակական, այսպիսի քաղաքականությունը դատապարտված է, որովհետև դու չես կարող մնալ տեղում կանգնած, այն ժամանակ, երբ ուրիշներն առաջ են շարժվում»,- ասում է նա։

Դրական զարգացում ապահովելու համար, Մարգարյանի համոզմամբ, նոր կառավարությունը պետք է ոչ թե պահպանի Կարեն Կարապետյանի օրոք ձեռք բերված կայունությունը, այլ արդեն պետք է զարգացման քաղաքականություն որդեգրի։

«Հատկապես այն երկարաժամկետ ակնկալիքները, որ կապված են արտագաղթը կասեցնելու, դեմոգրաֆիական իրավիճակը բարելավելու և այլ նպատակների հետ, դրանք կմնան սոսկ որպես բարի ցանկություններ, եթե Հայաստանում կյանքի և աշխատանքի համար ավելի մրցունակ պայմաններ չստեղծվեն»,- նշում է տնտեսագետը։

Եթե վարչապետն ուզի, դու էլ առանձնատուն կստանաս. ի՞նչ կտա պետությունը պաշտոնյաներին

Մարգարյանի խոսքով` արտագաղթը մեր երկրում առավելապես տնտեսական հիմքեր ունի. մարդիկ գնում են այն երկրներ, որտեղ բարձր են աշխատավարձերը, ավելի գրավիչ է սոցիալական մթնոլորտը։ Բանն այն է, որ իշխանությունների մատնանշած տնտեսական աճից Հայաստանում առայժմ միայն սահմանափակ թվով մարդիկ են օգտվում, հիմնականում` մեծահարուստները։ Մնացածների համար այդ աճն առայժմ հասանելի չէ, աղքատությունն էլ ոչ միայն չի նվազում, այլև աճի միտումներ է դրսևորում։

Մարգարյանի կանխատեսմամբ` մինչև ապրիլ տնտեսական քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենա։ Միայն նոր կառավարության ձևավորումից հետո, հնարավոր է, ի հայտ գան որոշ նոր մոտեցումներ ու շեշտադրումներ` ուղղված աշխատաշուկայի աշխուժացմանը։

Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ ՀՀ նոր սահմանադրության և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` ԱԺ-ն նոր վարչապետին կընտրի ապրիլի 17-ին, ժամը 12:00-ին նախանշված հատուկ նիստում։

Ինչ վերաբերում է կառավարության նոր կազմին, ապա այն պետք է ձևավորվի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նոր օրենքով։ Այս օրենքը, սակայն, դեռ չի ընդունվել։ ԱԺ-ն այն հաստատել է միայն առաջին ընթերցմամբ։

Մեկ հուշարարի Հայաստանը. ի՞նչ դեր են նախատեսել Կարեն Կարապետյանի համար

Այս օրինագծով նախատեսված է, որ վարչապետն իր կաբինետը պետք է ձևավորի նշանակվելուց հետո 15 օրվա ընթացքում:

Նշանակումից հետո հնգօրյա ժամկետում վարչապետը հանրապետության նախագահին պետք է ներկայացնի առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն, որը ներառում է համապատասխան թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը և համապատասխան պաշտոնը, որում առաջարկում է նրան նշանակել:

Ի դեպ, եթե վարչապետն իր նշանակումից հետո հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին չի առաջարկում կառավարության անդամների թեկնածուների առնվազն երկու երրորդին, ապա համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել:

Նշենք, որ Հայաստանում նախարարությունների թիվը մեկով կպակասի, այսինքն ՀՀ կառավարությունում 17 նախարարություն կլինի։ Կվերանա միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, որը գրեթե տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կրկնությունն էր։

Միաժամանակ, եթե այսօր կառավարությունում մեկ փոխվարչապետ կա, ապա նորում երեքն են լինելու. կլինի մեկ առաջին փոխվարչապետ և երկու «սովորական»։