Թուրքմենչայի պայմանագիրը` որպես հայկական հրաշք. Լեպյոխին

190 տարի առաջ Ռուսաստանի և Պարսկաստանի միջև Թուրքմենչայի պայմանագրի ստորագրումը հսկայական ազդեցություն է ունեցել հայոց պետականության վերականգնման գործում, կարծում է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը։
Sputnik

Վլադիմիր Լեպյոխին, Sputnik.

Հայաստանի և Ռուսաստանի գործընկերությունը 190 տարեկան է։ 1828թ-ի ձմռանն ավարտվեց ռուս-պարսկական հերթական պատերազմը, որի արդյունքում Ռուսական կայսրությունը և Պարսկաստանը (Իրանը) ստորագրեցին Թուրքմենչայի պայմանագիրը, ըստ որի` Ռուսաստանին անցան Էրիվանի և Նախիջևանի խանությունների տարածքները։ Իսկ դա նշանակում է, որ հայկական էթնոսը յոթ դար շարունակ ցրվելուց և կրոնական օտար միջավայրում գտնվելուց հետո վերականգնվելու և զարգանալու հնարավորություն ստացավ իրեն քաղաքակրթորեն ավելի մոտ աշխարհի` քրիստոնյա Ռուսաստանի սահմաններում։

Շարմազանով. Թուրքմենչայի պայմանագիրը հայկական պետականության վերականգմանն ուղղված քայլ էր

Երկու տարվա ընթացքում Պարսկաստանից Ռուսական կայսրություն տեղափոխվեցին մինչև 40 հազար հայ։ Եվս 90 հազար հայեր տեղափոխվեցին վերոհիշյալ խանությունների տարածքներ, ինչպես նաև Թուրքիայից գնացին Ղարաբաղ։ 1828թ-ի մարտի 21-ին ռուս կայսր Նիկոլայ I-ի հրամանով ստեղծվեց Հայկական մարզը։ Եվ այդ հրամանը` որպես Թուրքմենչայի պայմանագրի դրույթ, հիմք ստեղծեց նոր պետականության աստիճանական կառուցման համար։ Պետության ստեղծումը տեղի ունեցավ ավելի ուշ և ընթացավ երեք փուլով. 1918թ-ին ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, 1920թ-ին` Հայկական ԽՍՀ-ն` Խորհրդային Միության կազմում, և 1991թ-ին` Հայաստանի Հանրապետությունը։

Մի քանի խոսք հոբելյանական ամսաթվերի կախարդության մասին։

2018թ-ին մենք նշում ենք ոչ միայն Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակը, այլ նաև Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման 100-ամյակը։

Այս տարի կնշվի նաև Գյուլիստանի պայմանագրի 205-ամյակը, որի արդյունքում Ռուսական կայսրությանն անցել են Կովկասի մի շարք տարածքներ (այդ թվում` ուղղափառ Վրաստանի), առանց որի չէր լինի դրան հաջորդած Թուրքմենչայի համաձայնագիրը։

2018-ը նաև Ֆյոդոր Ուշակովի հրամանատարությամբ ռուսական նավախմբի կողմից Սև ծովում իր ուժերով գերազանցող թուրքական նավախմբին ջախջախելու 230-ամյակն է, որի շնորհիվ Ռուսաստանն ուժեղացրել է իր դիրքերը կայսրության հարավային սահմաններում և արդյունքում հասավ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերին։

Պարսիկների և թուրքերի հետ մարտերում ռուսական զենքի հաղթանակները թույլ են տվել Ռուսաստանին Օսմանյան կայսրության իշխանությունից ազատագրել Բուլղարիան. օրերս նշվել է այս իրադարձության 140-ամյակը։

Թուրքմենչայի պայմանագրի գաղտնիքները. փրկիչ ասորին

Ակնհայտ է, որ բոլոր այդ ամսաթվերը կապված են իրադարձությունների սեղմ հանգույցով, որոնք չափազանց կարևոր են Ռուսաստանի և նրան քաղաքակրթորեն մոտ երկրների համար (առաջին հերթին` Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի)։

Հայաստանի և Ռուսաստանի համար Թուրքմենչայի պայմանագրի աննախադեպ նշանակության քննարկմանը նվիրված համաժողովը կայացել է մարտի 6-ին Մ. Ի. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում` խորհրդարանի մի շարք պատգամավորների մասնակցությամբ։ Մասնաճյուղը ստեղծվել է երեք տարի առաջ, բայց արդեն այսօր Հայաստանի ամենաժամանակակից և տեխնիկապես հագեցած բուհերից է։

Համաժողովը բացել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, նշելով, որ Հայաստանի ժողովուրդը պահում է երկդարյա վաղեմության իրադարձությունների մասին հիշողությունը և չափազանց գնահատում այն ավանդը, որը Ռուսաստանն ունեցել է և շարունակում է ունենալ հանրապետության տնտեսական և մշակութային զարգացման մեջ։ Նրան աջակցել է պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, որն ընդգծել է երկու ժողովուրդների քաղաքակրթական մերձավորությունը, որը ոչ մի դեպքում չի կարելի փոխարինել անհեռատես քաղաքականությամբ։

Համաժողովի մասնակիցների մեկը Թուրքմենչայի պայմանագիրն անվանել է «հայկական հրաշք», որը փաստորեն փրկել է հայկական էթնոսը։ Համաժողովի կազմակերպչական հանձնաժողովի ներկայացուցիչ, Եվրասիական փորձագիտական ակումբի ղեկավար Արամ Սաֆարյանը պատմել է իր հիշողությունները. «Ես 16 տարեկան էի, երբ առաջին անգամ մասնակցեցի Թուրքմենչայի պայմանագրի ստորագրման 150-ամյակի տոնակատարությանը։ Հետագայում դրա մասին սկսեցին մոռանալ, և այն, որ մենք այսօր նշում ենք պայմանագրի 190-ամյակը, նշանակում է, որ մեր ժողովուրդները վերադարձել են հայ-ռուսական գործընկերության ձևավորման ակունքներին և դրանց զարգացման նոր փուլին»։

Համաժողովի մասնակիցները համակարծիք են եղել, որ Թուրքմենչայի պայմանագիրն օգտակար է եղել ոչ միայն հայերի, այլ նաև Ռուսաստանի համար։ Այդ փաստաթուղթն ամրագրել է Անդրկովկասում Ռուսական կայսրության գերիշխող դիրքը և սահմաններն առաջ է մղել դեպի հարավ, հաստատել Կասպից ծովում ռուսական առևտրային նավերի ազատ լողալու և այդտեղ ռազմական նավատորմ ունենալու Ռուսաստանի բացառիկ իրավունքը։ Եվ վերջապես ապագայում ապահովեց հարավային սահմաններում այնպիսի հավատարիմ դաշնակցի առկայությունը, ինչպիսին Հայաստանն է։

ՄՊՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցած համաժողովին նախորդել է ռուս մեծ դիվանագետ և գրականագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի մոտ ծաղկեպսակ դնելը, որը, ինչպես հայտնի է, մասնակցել է Թուրքմենչայի պայմանագրի տեքստը կազմելու և ստորագրելու գործընթացին։