Ռուսական փրկօղակ Անկարայի համար. պատրա՞ստ է Թուրքիան հարաբերությունները խզել ՆԱՏՕ–ի հետ

Եթե Թուրքիան խզի հարաբերություններն արևմտյան գործընկերների հետ, ապա տևական ժամանակով կարգելակի թուրքական բանակի վերազինման գործընթացը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Թուրք հասարակությունում լուրջ դժգոհություն կա` կապված Արևմուտքի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի քաղաքականության հետ. վերջին տարիների սոցհարցումները ցույց են տալիս, որ ՆԱՏՕ-ի նկատմամբ վստահության մակարդակը թուրք քաղաքացիների կողմից անշեղորեն նվազում է։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։ Նրա խոսքով` խնդիրն այն է, թե որքանով է թուրքական պետությունը պատրաստ հրաժարվել ՆԱՏՕ-ից և կյանքի կոչել հակաամերիկյան և հականատօական հռետորությունը։

Ավելի վաղ Թուրքիայի ՌՕՈՒ պաշտոնաթող գեներալ-մայոր, քաղաքական գործիչ Բեյազիտ Քարատաշը Sputnik Թուրքիային ասել է, որ Անկարան միջուկային պաշտպանության և ՆԱՏՕ-ի համակարգը զսպելու կարիք չունի։

Պանթյուրքիզմ 2023. Թուրքիան աչք է դրել Հալեպի և Նախիջևանի վրա

Քարատաշը մեջբերել է ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերի հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինի ասածը, ըստ որի`ՀԱՊԿ երկրները, Սիրիան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Չինաստանը և Թուրքիան Ռուսաստանի գործընկերներն են, որոնց Մոսկվան պատրաստ է «պաշտպանել միջուկային հարձակման դեպքում»։

Թուրք քաղաքական գործչի կարծիքով` ռուսական իշխանությունների արտահայտությունները ցույց են տալիս, որ Թուրքիան սեփական անվտանգության ապահովման համար ՆԱՏՕ-ի միջուկային զսպման համակարգի կարիքը չունի։ Մոսկվան ընդգծում է, որ Թուրքիան լիովին հանգիստ կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից, և այդ իրավիճակում Անկարան երաշխիքներ կունենա, որ չի բախվի ինչ-որ սպառնալիքի ազգային անվտանգության ապահովման հարցում։

Ինչպես նշեց Հարությունովը, վերջին շրջանում բազմաթիվ հակասություններ են կուտակվել Անկարայի ու Վաշինգտոնի և Անկարայի ու Բրյուսելի միջև։ Հիմնականում դրանք վերաբերում են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Բացի դրանից, Թուրքիան տարբեր ոլորտներում բավական ակտիվ համագործակցում է Ռուսաստանի հետ` սկսած սիրիական կարգավորումից և վերջացրած «Տրիումֆ» C-400 ռուսական հրթիռային համալիրներով։

Սակայն փորձագետը հոռետեսորեն է տրամադրված ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խզելու Անկարայի պատրաստակամության հարցում։ Նա վստահ է, որ թուրքական կողմը դուրս չի գա հռետորության շրջանակից։

Բաքվի ապտակն Անկարային, կամ մենք ոչ մի դեպքում չենք պարտվում

«Թուրքիան պարբերական ճգնաժամերն օգտագործում է ԱՄՆ-ի կողմից որոշակի զիջումներ ստանալու համար, բայց տարաձայնությունները չի հասցնում ինչ-որ համակարգային տեղաշարժի։ Ոչ միանշանակ են նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Չնայած իրավիճակային մերձեցմանը և ռազմատեխնիկական գործընկերությանը` Մոսկվան և Անկարան շարունակում են մրցակիցներ մնալ միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերում», — ասաց նա։

Թեև այսօր ԽՍՀՄ-ն այլևս չկա, և Թուրքիան կորցրել է Արևելքում ՆԱՏՕ-ի առաջատարի իր կարգավիճակը «խորհրդային սպառնալիքի» համատեքստում, այնուամենայնիվ, երկիրը կարևոր հարթակ է Հյուսիսատլանտյան դաշինքի համար` Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ուժերի ցուցադրության տեսանկյունից։

Հարությունովի խոսքով` չպետք է մոռանալ թուրքական բանակի հետագա զարգացման և արդիականացման համար ՆԱՏՕ-ի նշանակության մասին։ Չնայած Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռազմական կապերին` թուրքական բանակի զինանոցի հիմնական միջուկն արևմտյան արտադրության տեխնիկան է։ Թուրքիայի ռազմատեխնիկական ծրագրերի մի շարք հեռանկարային ծրագրեր` ավիացիայի, զրահատեխնիկայի, ռազմածովային նավատորմի ոլորտում, հենց ՆԱՏՕ-ի հետ կոոպերացիա են պահանջում և կախված են արևմտյան տեխնոլոգիաներից։

«Եթե Թուրքիան հարաբերությունները խզի արևմտյան գործընկերների հետ, ապա տևական ժամանակով կարգելակի բանակի վերազինման գործընթացը։ Թուրքերը ստիպված կլինեն արմատապես վերանայել իրենց զինված ուժերի զարգացման հեռանկարները», — ավելացրեց փորձագետը։

Նա վստահ է, որ թուրքերը բացարձակ պատրաստ չեն նման սցենարի։ Եվ Ռուսաստանի հետ տեղային համագործակցությունը չի կարող այլընտրանք դառնալ ռազմական հարաբերությունների այն համալիրին, որոնք Անկարան զարգացնում է Արևմուտքի հետ։