Ինստիտուտի փոխարեն հյուրանոց. ո՞վ կհարստանա «Նաիրիտ 2»–ի վաճառքից

«Նաիրիտ–2»–ի վաճառքի լուրը կտրել է նաիրիտցիների վերջին հույսը։ Ի՞նչ էր իրենից ներկայացնում «Նաիրիտ–2»–ը, և ինչո՞ւ է խորհրդավոր գնորդն աչք դրել հատկապես այդ տարածքի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. «Նաիրիտ-2»-ի վաճառքով մարեց «Նաիրիտ»-ի վերագործարկման վերջին հույսը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց գործարանի վերագործարկման համար տարիներով պայքարող նախկին աշխատակիցներից մեկը, որ չցանկացավ բացահայտել իր անձը։

««Նաիրիտ-2»-ը և «Նաիրիտը» թեև այսօր առանձին ընկերություններ են, բայց դրանք սերտորեն կապված են իրար հետ։ «Նաիրիտ-2»-ը ժամանակին եղել է «Նաիրիտ» գործարանի ինստիտուտը, բոլոր նոր տեխնոլոգիաները ստացվում էին «Նաիրիտ-2»-ի միջոցով։ Այնտեղ փորձարկվել էր, ապա կիրառվել գործարանում»,- պատմեց մեր զրուցակիցը։

Նա համոզմունք հայտնեց, որ «Նաիրիտի» գիտական հենքի վերացումը նշանակում է, որ «Նաիրիտն» այլևս գոյություն չի ունենա։

«Մենք «Նաիրիտ-2»-ում ունեինք փոքր լաբորատորիա, որտեղ փորձարկումների միջոցով կարողանում էինք նոր նյութեր ստանալ»,- հիշում է նա։

Բիզնես կենտրոն ու հյուրանոց` «Նաիրիտ-2»-ի տեղում

Գործարանի տարածքին քաջածանոթ մեր զրուցակցի համար զարմանալի է նաև կառավարության որոշման մեջ նշված վաճառքի արժեքը` 626,9 մլն դրամ։ «Նաիրիտ-2»--ի միայն տարածքներն ու շենք-շինությունները նորմալ գնահատելու դեպքում դա շատ փոքր գումար է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է կառավարության նախաձեռնած գործարքին, մեր զրուցակցի բնորոշմամբ, կառավարությունն առաջնորդվել է ոչ թե պետության, այլ անհատական բիզնես շահով։

Բանն այն է, որ «Նաիրիտ-2»-ը գտնվում է Հյուսիս- հարավ ավտոճանապարհի հարևանությամբ։

«Իհարկե, շահեկան է այդ տարածքում ունենալ բիզնես կենտրոններ, հյուրանոցներ, որը որպես բիզնես կաշխատի անհատների համար, բայց երկրին ոչ մի օգուտ չի տա»,- ասաց նա` հավելելով, որ ՀՀ իշխանություններն այսպիսով Հայաստանի արտադրական ներուժը փոխարինում են սպասարկող անձնակազմով։

«Տուրիստներին կընդունեն, կսպասարկեն, որպեսզի որոշ մարդիկ մեծ փողեր աշխատեն»,- վստահեցրեց «Նաիրիտի» նախկին աշխատակիցը։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ՀՀ կառավարությունը «Նաիրիտ-2»-ի պատկանող շենք-շինությունները և 10,3 հազ հա հողատարածքը որոշեց 626,9 մլն դրամով վաճառել «Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ-ին:

Կառավարության որոշման նախագծի համաձայն` տեղում կառուցվելու են արտադրական տարածքներ, պահեստներ, գրասենյակային տարածքներ, հյուրանոցային համալիր, ցուցասրահ, կայանատեղի։

Իսկ «Ա-Ս ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ընկերությունը Հայաստանում անծանոթ է։ Այն ընդամենը օրեր առաջ է պետական գրանցում ստացել` փետրվարի 22-ին։

Տարին մեկ անգամ փայտն էլ է կրակում. երևանցիներին կուրախացնի՞ լիբանանցի կառուցապատողը

1940 թվականին հիմնադրվել է «Նաիրիտ» գործարանը, 1976-ին` «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը, որը հետագայում վերանվանվեց «Նաիրիտ-2»։

1989 թվականին Հայաստանում սկիզբ առած բնապահպանական շարժման արդյունքում գործարանը փակվեց և վերագործարկվեց 1992-1993 թվականներին։ 1995թ-ին գործարանը բաժանվեց 3 ընկերության` «Նաիրիտ» ՓԲԸ, «Նաիրիտ-1» արտադրական և «Նաիրիտ-2» ԳԱ ՓԲԸ-ներ։

2003-ին Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության (ՉԺՀ) և «Նաիրիտ» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրով՝ «Նաիրիտ-2» ԳԱ ՓԲԸ-ի հիմքի վրա ստեղծվեց քլորոպրենային կաուչուկների արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունը (գործում է Չինաստանում), որտեղ հայկական կողմի բաժնեմասը 40% է։

Իսկ «Նաիրիտ-1» ՓԲԸ-ի բաժնետոմսերը 90%-ը 2006-ին վաճառվեց «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» ընկերությանը։

Տնտեսական ճգնաժամի պատճառով 2008-ին «Նաիրիտի» աշխատանքը դադարեցվեց։ Վերագործարկման բոլոր ծրագրերն ու խոստումները մինչ օրս մնացել են անկատար։