Հարիսա, խաշ և տոլմա. Սան Ֆրանցիսկոն ծանոթանում է հայկական խոհանոցին

Ամերիկայի ամենանորաձև քաղաքներից մեկը՝ Սան Ֆրանցիսկոն, ավելի հայկական է դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Սան Ֆրանցիսկոյում ռեստորանների ուղեցույցը ընտրանի է կազմել հատուկ հայկական խոհանոցի սիրահարների համար։

SFGATE պարբերականը հրապարակել է հայկական հաստատությունների ցուցակ, որտեղ սիրում են լինել տեղի համադամասերները։ Հոդվածում պատմում են հայկական խոհանոցի որոշ ճաշատեսակների պատմության մասին՝ նշելով դրանց բաղադրատոմսերի յուրահատկությունը։

Համով Հայաստան. պատրաստենք ամենաքաղաքականացված հայկական ուտեստը` տոլմա

Պարբերականը պատմում է հայկական հարիսայի մասին, որը դուր կգա շիլայի սիրահարներին։

Արևոտ քաղաքի բնակիչներին հատկապես հետաքրքրել է խաշը, որն ուտելու ընթացքը մանրամասն նկարագրված է անսովոր հայկական ապուրը փորձել ցանկացողների համար։ Բացի այդ, պարբերականը նշում է, որ գոյություն ունի նաև խաշի բուսակերային տարբերակ, որում մսի փոխարեն օգտագործվում է ոսպ և տապակած սոխ։

Չեն շրջանցել նաև հայկական սեղանի դասական ճաշատեսակը՝ տոլման։ Այն առաջարկում են համտեսել քաղաքի կենտրոնում գտնվող հայկական ռեստորաններից մեկում, որն արժանացել է քննադատների մրցանակի։

«Բացի նրանից, որ այցելուները երկար չեն սպասի իրենց պատվերներին, հայկական խոհանոցի սիրահարները հնարավորություն կունենան վայելելու պանդոկի իսկական հայկական մթնոլորտը», — նշված է հոդվածում։

Հետաքրքիր է, որ ամերիկյան պարբերականի ընտրած հայկական ռեստորանների շարքում ավանդական անվանումով ոչ մի հաստատություն չկա, օրինակ` «Արմենիա», «Երևան» կամ «Հայաստան»։ Դրա փոխարեն որոշ հաստատություններ Հայաստանի հետ բավական դժվար ասոցացվող անուններ ունեն՝ «Լավաշ», «Ջանա», «Ժամանակակից Ստամբուլ», «Բելուգա», «Հին երուսաղեմյան ռեստորան», «Պալմիրա»։