«Ժողովրդավարության սպանությո՞ւն», թե՞ պատահականություն. ինչ է կատարվել մարտի 1-ին

2008 թվականի մարտի 1-ին քաղաքացիները դադարեցին պետության հիմնաքարը համարվել, այդուհետ ոչ ոք խաղաղ ակցիաների ժամանակ իրեն անվտանգ չէր զգում։ Նման կարծիք են հայտնում ընդդիմության ներկայացուցիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik, Դավիթ Գալստյան. Տասը տարի է անցել այն օրվանից, երբ Երևանում ուժի կիրառմամբ ցրեցին ընդդիմության զանգվածային բողոքի ակցիան, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին։

Ի՞նչ հետք են թողել այդ իրադարձությունները երկրի քաղաքական կյանքում, ինչպե՞ս են ազդել հասարակության վրա, և ո՞վ է պատասխանատու մարդկանց մահվան համար։

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը` Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով տասը տարվա վաղեմության դեպքերն, ասաց, որ իշխանությունը պարզապես ձգտում էր պահպանել իր իշխանությունը ։ Մարտիրոսյանի խոսքով` մարտի մեկին ու դրանից առաջ էլ ընդիմությունը միայն խաղաղ ցույցեր էր անցկացնում, և որևէ խնդիր չէր առաջանում։ Ուստի մարդկանց մահվան պատասխանատվությունն ամբողջովին իշխանության խղճին է։

2008թ.-ի մարտի 1-ի դեպքերից հետո ինտերնետի պահանջարկը Հայաստանում սկսեց աճել

«Բնականաբար, իշխանություններն են պատասխանատվություն կրում տեղի ունեցածի համար։ Խնդիր կար պահպանել իշխանությունը, որը թույլ է տալիս ապօրինի կերպով հարստանալ։ Այլ պատճառ չկար», — ասաց Մարտիրոսյանը, որը քաշքշուկի ժամանակ դանակի հարված էր ստացել։

Ինչպես և տասը տարի առաջ, հիմա էլ նա կարծում է, որ ցուցարարների շարքում շատ սադրիչներ կային, որոնք հստակ հրահանգ ունեին։

«Բարձրությունից արված տեսագրություններում երևում է` ինչպես է կազմակերպված խումբը շղթայով նույն ուղղությամբ շարժվում։ Ցերեկը մենք կարողացանք խուսափել քաշքշուկից, բայց երեկոյան, տեսնելով, որ ցուցարարները ոչինչ չեն ձեռնարկում, նրանք հարձակման անցան», — ասաց Մարտիրոսյանը։

Նրա կարծիքով` իշխանությունները վախեցան, որ ցուցարարները կավելանան, և ուժային կառույցներին հնարավոր չի լինի վերահսկել, դրա համար նրանք գործողությունների անցան։ Մարտիրոսյանը նշեց` ցուցարարներից ոչ ոք չէր սպասում, որ իշխանությունն այդպես կարձագանքի։

Իշխանությունների նման քայլին նպաստել է նաև միջազգային հանրության հանդուրժողականությունը նրանց արարքների հանդեպ։

Հենց նույն տարում Բելառուսում բողոքի ակցիայի ժամանակ միայն մեկ մարդ էր վիրավորվել, մի քանիսը ձերբակալվել էին, սակայն Մինսկի դեմ բազում պատժամիջոցներ էին կիրառվել։

«Հայաստանում խաղաղ բողոքի ցույցի ժամանակ ոչ ոք պաշտպանված չէ, քաղաքացիները երկրում իշխանություն ձևավորելու, իրենց կյանքի մակարդակը բարձրացնելու ոչ մի իրավունք չունեն», — ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` այդ ժամանակվանից մարդիկ այլևս պետության հիմնաքարը չեն, երկրի ղեկավարությունն ամեն ինչ իր ձեռքերում է կենտրոնացրել և սովորական մարդկանց զրկել է իշխանության աղբյուր լինելու իրավունքից` ինչպես որ պահանջում է Սահմանադրությունը։

Պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Մարտի 1-ի զոհերին

Երևանի Ավագանու ընդդիմադիր «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը կարծում է, որ ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսպիսով «արյան գնով ստացած» իշխանությունը հետնորդին փոխանցեց։ Այդպիսով նա զգուշացրեց ժողովրդին, որ չհամարձակվեն ըմբոստանալ, հարցականի տակ դնել ընտրությունների արդյունքները ու բողոքի ակցիաներով փողոց դուրս գան։

«Ժողովրդավարությունը սպանվեց 10 տարի առաջ մարտի 1-ին։ Զորքը ժողովրդի դեմ հանեցին այն ժամանակվա նախագահի հրամանով։ Դա ակնարկ էր` եթե հայ ժողովուրդը փորձի պաշտպանել ընտրելու իր իրավունքը, ապա այն արյունաղեղդ կարվի», — ասաց Բախշյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։

Նա կարծում է, որ հասարակության մեջ այդ վախը մինչև այժմ պահպանվել է, ասել է թե իշխանություններն իրենց նպատակին հասել են։

Բախշյանը, ինչպես և Մարտիրոսյանը, կարծում է` ոչ ոք չէր հավատում, որ ցուցարարների դեմ կարող է զենք կիրառվել։ Նա վերհիշում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, երբ նա հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանից այդպիսի բան չէր սպասում։

«Ոչ ոք այդպիսի բան չէր սպասում։ Գուցե հնարավոր լիներ կանխել իշխանության գործողությունները, եթե Տեր-Պետրոսյանը իր տանը չփակվեր, այլ ժողովրդի կողքին կանգեր», — ասաց Բախշյանը։

Ժողովրդավարության «վերակենդանացումը», Բախշյանի խոսքով, երիտասարդերի ուսերին է, ինչն, իհարկե, ամոթալի է ավագ սերնդի համար։

Նա համոզված է, որ երիտասարդները ժողովրդավարության վերականգնման ուղիներ կգտնեն։ Արդեն իսկ վերջին տարիներին երիտասարդները մի քանի անգամ հաջող բողոքի ակցիաներ են անցկացրել։

Հայաստանի իշխանությունները պաշտոնապես սգում են մարտի 1-ի զոհերի մահը։ Այսօր Ազգային ժողովում նրանց հիշատակը հարգեցին մեկ րոպե լռությամբ։

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը, որին ընդդիմությունն ի թիվս այլոց մեղադրում է դատախազությունում աշխատելու տարիներին անգործության մեջ, մեկնաբանելով մարտի 1-ի դեպքերը` հայտնել է, որ «Մարտի 1»-ի գործում ոչ մեկի սպասելիքները չարդարացան` անգամ իր։

«Բոլորին հետաքրքրում էր` ով է կրակել, ինչ պայմաններում է դա եղել, որպեսզի մեղավորներին բացահայտեն ու պատժեն։ Ցավոք, դա չարվեց», — ասել է Կոստանյանը։

Նա գլխավոր դատախազ է դարձել այդ դեպքերից հինգ տարի անց, ու հետաքննության արդյունավետության նպատակով գործը 10 մասի է բաժանել` ըստ մահվան դեպքերի։

Նրա խոսքով` եթե շահագրգռված անձինք դժոհ են քննիչների աշխատանքից, նրանք կարող են բողոք գրել, դատարան դիմել։ Սակայն զոհերի բարեկամները դա չեն արել։

«Ես զարմանում եմ` մի՞թե նրանց իրավական օգնություն չի տրամադրվել, նրանց չեն հայտնել այդ հնարավորության մասին», — ասաց Կոստանյանը։

Նա համոզված է, որ քաղաքական իշխանությունը պատասխանատու է երկրում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների համար, սակայն այդ գործով Ռոբերտ Քոչարյանին (ընդդիմությունը հենց դա էր պնդում) քննելու պահանջները իրավական հարթությունից դուրս են։

Մարտի 1-ին ու 2-ին մեր երեխաներին սպանողները մինչև այսօր չեն պատժվել. ակտիվիստի հայր

Բացի այդ, ըստ նրա` որոշ դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի ու նույնիսկ պարտավոր է ուժ կիրառել, ընդ որում` պարտադիր չէ, որ այդպիսի հրաման լինի։

«Երբեմն ուժ չկիրառելը կարող է քրեական հետապնդման բերել։ Ո՞վ է ասել, որ դա հրաման էր, ո՞վ է դա որոշել։ Հեշտ է քաղաքական հայտարարություններ անել, սակայն դրանք արվում են հուզական, այլ ոչ թե իրավական մակարդակով», — ասել է Կոստանյանը։

Հիշեցնենք, որ 2008թ.-ի այս օրը (մարտի 1-ի լույս 2-ի գիշերը) Երևանի կենտրոնում գնդակահարվեցին ու հրազենային բեկորային վնասվածքներից զոհվեցին ՀՀ տասը քաղաքացիներ՝ ինչպես հանրահավաքների մասնակիցներից, այնպես էլ ոստիկանությունից:

Մոտ 300 մարդ մարմնական, հրազենային, բեկորային և այլ վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոցներ:

Նշենք, որ 10 տարի առաջ հանրահավաքներին մասնակցող քաղաքական ուժերը, որոնք այս դեպքերի անմիջական մասնակիցներն էին և հանրահավաքների կազմակերպիչներն, այսօր առանձին խմբերով այցելել են Ազատության հրապարակ և Մյասնիկյանի արձանի մոտ` սգալու զոհերի հիշատակը: