ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայաստանում ոսկերչության ոլորտը և ադամանդագործական արդյունաբերությունն անցած տարի տևական անկումից հետո արձանագրել են արտադրության ծավալների զգալի աճ։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը։
Նրա խոսքով` 2017թ.–ին արտադրության ընդհանուր ծավալը հասել է 103 միլիոն դոլարի, այն դեպքում, որ 2013թ–ին այդ ցուցանիշը չէր գերազանցել 10 միլիոնը։
Հայաստանի ադամանդագործական արդյունաբերությունում կտրուկ անկում է սկսվել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո։ Այդ ժամանակ երկրի տնտեսությունում ընդհանուր անկումը կազմել է ավելի քան 14 տոկոս, և այդ ցուցանիշով Հայաստանը զիջել է միայն Ուկրաինային։ Ճգնաժամը զգալի հարված է հասցրել նաև ադամանդագործությանը։
Պաշտոնյանի խոսքով` ոլորտն աստիճանաբար վերականգնում է կորցրած դիրքերը։
«Մեր խնդիրն է մինչև 2012թ–ն արտադրության ծավալները հասցնել մինչև 350 միլիոն դոլարի։ Դա 2003թ.–ի ցուցանիշն է, երբ ադամանդագործության աճը հասել էր իր գագաթնակետին», – նշեց նա։
Հումքը գնում են հիմնականում Ռուսաստանից, Բելգիայից, իսկ հեռանկարում Հայաստանում մտադիր են դիվերսիֆիկացնել առաքումները ՀԱՀ հաշվին, հավելեց Մկրտչյանը։ Հայ արտադրողների համար հումքի առաջատար առաքողը մնում է ռուսական «ԱԼՌՈՍԱ»–ն, որին պատկանում են աշխարհում ալմաստի հումքի խոշորագույն պաշարները։
Պատրաստի արտադրանքի արտահանման ավանդական ուղղությունները մնում են Բելգիան, ԱՄՆ–ը և ԱՄԷ–ը։
«Մենք խանդավառություն ենք տեսնում բիզնեսում, ինչը մեզ հույս է տալիս, որ հետագայում աճի տեմպերը կմեծանան», – ասաց նախարարի խորհրդականը։
Համագործակցության առանցքային ուղղությունը նաև ԵԱՏՄ շուկան է, թեև այն ունի իր յուրահատկությունը և բարդությունները։ Մասնավորապես, Հայաստանի Ոսկերիչների միության ղեկավար Էմիլ Գրիգորյանի կարծիքով` ԵԱՏՄ–ի հարցում գործընկերների միջև որոշ տարաձայնություններ կան մակնիշման առումով։
Ինչպես նա բացատրեց, միության երկրներից մեկում պատրաստված և տեղում դրոշմավորված ոսկերչական արտադրանքը, որը հաստատում է նրա որակը, ստիպված կրկին մակնիշել են իրացման երկրում։ Կնիքները փոխադարձ չճանաչելը խոչընդոտում է Ռուսաստան և ԵԱՏՄ մնացած երկրներ հայկական արտադրանքի արտահանմանը։ Նա միաժամանակ հույս հայտնեց, որ ժամանակի հետ խնդիրը կլուծվի, առավել ևս, որ այն քննարկվել է 2017թ–ի հոկտեմբերին Երևանում կառավարությունների ղեկավարների մակարդակում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում։
«Ոսկերչության ոլորտը բավական բարդ ու աշխատատար է, որը մշտական ֆինանսական ներդրումներ է պահանջում և իրացման կայուն շուկա։ Ժամանակավոր շուկաները լավ են, բայց մեզ պետք է կայունություն», – ասաց Գրիգորյանը։
Ներկայում Ղազախստանի հետ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ` Աստանայում ոսկերչական իրերի հայկական տաղավար բացելու համար։