Եվգենյա Մեդվեդևայի հայրը բացահայտել է, թե ինչու դուստրը որպես հայ չի ներկայանում

Հայաստանում հպարտանում են ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևայով, քանի որ նա հորական կողմից հայ է։ Ժենյայի հայրը՝ Արման Բաբասյանը, պատմել է, թե ինչու է աղջիկը փոխել ազգանունը, այն դարձրել ռուսական և գեղասահքից բացի որ ոլորտներում է հաջողության հասել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Ժենյա Մեդվեդևան ուրախացնում է հորը ոչ միայն սառույցի վրա փայլուն հաջողություններով, այլև իր հիասքանչ նկարներով, որոնցով նա արդեն մի ամբողջ հավաքածու է ստեղծել։ Այդ մասին Արման Բաբասյանը պատմել է «Մոսկովսկի Կոմսոմոլեցին» տված հարցազրույցում։ Նա նաև հավելել է, որ աղջիկը մորից է ժառանգել իր հմայքը և համառությունը, բայց հոր կողմից էլ շատ գծեր ունի:

Եվգենյան ծնողներից նաև խաչ է ստացել։ Կնքահայրը հորեղբայրն է, կնքամայրը՝ մոր ընկերուհին։

Ինչպես պատմում է հայրը, Ժենյան դեռ մանկուց չարաճճի ու հետաքրքրասեր է եղել։

«Նրան հետաքրքրում էին բոլոր դարակները, արկղերը, մի խոսքով աղջկանիցս աչքը չէր կարելի կտրել։ Իսկ երեք տարեկանից Ժենյայի կյանքում առաջնայինը գեղասահքն էր», — պատմում է Արմանը։

«Նախկինում երբեք չեմ լացել». Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյանը) չկարողացավ զսպել արցունքները

Եվգենյայի մայրը՝ Ժաննա Դևյատովան, նախկին գեղասահորդուհի է, Մոսկվայի չեմպիոն։ Նա սպորտից հեռացել է ծանր վնասվածքից հետո։ Իսկ հոր մասին միայն պատկերացում են կազմել աղջկա ազգանունից։

Թերևս Եվգենյայի հանդեպ հետաքրքրությունն ավելի մեծ է Հայաստանում։ Եվ դա բնական է, նա մեր հայրենակցուհին է: Տեղական գրեթե բոլոր ԶԼՄ-ները նրան Մեդվեդևա-Բաբասյան են անվանում։ Եվ Հայաստանում ամենից շատն են ցանկանում իմանալ, թե ինչու աղջիկը հոր ազգանունը չի կրում։

«Ես սպասում էի այդ հարցը։ Նա ազգանունը փոխել է (վերցրել է տատիկի աղջկական ազգանունը. խմբ) իմ համաձայնությամբ, և այդ պահին նման որոշումը ճիշտ էր։ Պետք չէ զարմանահրաշ, սրտաճմլիկ պատճառներ կամ սարսափելի պատմություններ փնտրել, քանի որ նման բան չկա։ Ես ու Ժաննան բաժանվել ենք, բայց մեզ հաջողվել է ջերմ, ընկերական հարաբերություններ պահպանել։ Որպես Ժենյայի ծնողներ՝ մենք մշտապես շփվել ենք և շփվում ենք այժմ էլ։ Ուզում եմ ասել, որ Ժաննան հիանալի մայր է և շատ արժանի մարդ», — ասել է Արմանը։

Արմանը վաղուց չի ապրում կնոջ և աղջկա հետ, բայց այնքան շատ է երկրպագում աղջկան, որ չի կարողանում դիտել նրա ելույթների ուղիղ եթերները։

«Դա շատ ծանր է, ես լարվում եմ զգացմունքների առատությունից, չեմ ուզում նաև Ժենյային ավելորդ ապրումներ, հույզեր փոխանցել», — ասել է նա ։

Նա անգամ օլիմպիական մեկնարկից առաջ զերծ է մնացել դստեր հետ խոսելուց, որպեսզի ո՛չ ինքը հուզվի, ո՛չ դուստրը։

«Աղջկաս կարճ հաղորդագրություն եմ ուղարկել՝ ջերմ մաղթանքներով», — ասել է գեղասահորդուհու հայրը։

Նա աղջկան միշտ խորհուրդ է տալիս ընտրել այն ուղին, որն ինքն է ուզում, որն իր սրտով է։ «Իսկ ես միշտ եղել եմ և կլինեմ նրա կողքին», — հավաստացրել է Արմանը: