ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Երևանում այսօր կայացել է «Սարյանը ծաղիկներ է նկարում» ֆիլմի պրեմիերան։ Միջոցառումը նվիրված էր հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան 138-ամյակին (նկարիչը ծնվել է 1880թ.-ի փետրվարի 28-ին)։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Ցուցադրությանը նախորդած մամուլի ասուլիսում գեղանկարչի թոռնուհիներ Ռուզաննան և Սոֆյան պատմեցին ֆիլմի պատմությունը։ Այդ 1965թ.-ին նկարահանել է ռեժիսոր Լաերտ Վաղարշյանը։ Դրանում սկզբից մինչև ավարտը ներկայացված է, թե ինչպես է վարպետը ստեղծել իր «Ծաղիկները» նկարը։ Ֆիլմի երաժշտությունը գրել է Ղազարոս (Լազար) Սարյանը` Մարտիրոս Սարյանի որդին։
Ֆիլմը վարձույթում չի ցուցադրվել։ Փոխարենն այն հանարժանի արխիվից արխիվ են տեղափոխել մինչև որ ի վերջո այն որոշել են թվայնացնել։
Վարպետի մասին պատմող ֆիլմի երկու տարբերակ կա` հայերեն (բնօրինակը) և ռուսերեն. երևանցիներին ցուցադրվեց երկրորդը, իսկ բնօրինակը դեռ թվայնացման փուլում է։
«Ֆիլմի հայերեն տարբերակը դեռ չեն հասցրել թվայնացնել, ուստի այն ձեզ ցուցադրելու հնարավորություն չունենք։ Բայց կա ռուսերեն կրկնօրինակը, որը պահպանվում է Ռուսաստանում։ «Մեզ հաջողվել է վերականգնել ֆիլմը, թվայնացնել և նույնիսկ անգլերեն լուսագրերով տարբերակ ստեղծել», — նշեց Ռուզաննա Սարյանը։
Ֆիլմում ներկայացվում է ոչ միայն կտավի ստեղծման պատմությունը։ Վաղարշյանի տեսախցիկը նկարչին ֆիքսել է նրա կյանքի ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկում, երբ վախճանվել էր նրա որդին։ Սարյանը ծանր էր տանում ավագ որդու կորուստը և ստեղծագործական ճգնաժամի մեջ էր։ Բացի դա, այդ ժամանակ վարպետի ստեղծագործության քննադատները նրան մեղադրում էին ֆորմալիզմի մեջ։
«Նա այնպիսի հոգեկան վիճակում էր, որ պատռում էր իր կտավները և գորգի նման փռում գետնին։ Նկարիչն ասում էր, որ իր աշխատանքները ոչ մեկին պետք չեն։ Հենց այդ ժամանակ էլ նա պատռել է իր «Դիմակները» կտավը», — պատմեց Սոֆյա Սարյանը։
Ֆիլմի շնորհանդեսին ներկա էր նաև նկարների հավաքածուների սիրահար ռուսաստանցի Ռուսլան Նոսովը` «Ծաղիկներ» կտավի տերը, որի ստեղծման պատմությունը ներկայացված է ֆիլմում։ Նոսովը այդ կտավը հասցրել է Երևան, այս օրերին այն ցուցադրվում է Երևանի Սարյանի անվան թանգարանում։
«ես արդեն տասը տարի նկարներ եմ հավաքում, իսկ Սարյանի «Ծաղիկներ» աշխատանքը ձեռք եմ բերել շվեդական աճուրդներից մեկում», — հիշում է Նոսովը։
Նոսովի գնահատմամբ` «Ծաղիկներն» իսկապես բացառիկ է, քանի որ նկարիչն այն ստեղծել է տեսախցիկի առաջ` մինչ մեկ այլ նկարիչ իր մասին ֆիլմ էր նկարում։
«Ես երջանիկ եմ, որ «Ծաղիկներ» կտավն այսօր հասանելի է ցուցահանդեսում և այդքան ուշադրություն է գրավում», — ասաց Նոսովը։
Նա Հայաստան այցելելու առաջարկը ստացել է Ռուզաննա Սարյանից և ուրախությամբ ընդունել է այն ։ Սա նրա առաջին այցն է Հայաստան։
Մարտիրոս Սարյանը ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ է, Աշխատանքի հերոս։ Նա XX դարի խոշորագույն նկարիչներից է, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրը:
Սարյանը նաև Խորհրդային Հայաստանի զինանշանի հեղինակն է։ Մահացել է 1972թ-ին Երևանում։