ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Արցախյան հակամարտության կողմերին հրադադարի ռեժիմը պահպանելու կոչ անող համաշխարհային հանրության ոչ հասցեական, ոչինչ չասող հայտարարություններն իրականում չեն նպաստում այդ զինադադարին։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` մեկնաբանելով ԱՄՆ պետդեպի արձագանքը Իլհամ Ալիևի հայտարարությանը։
Ալիևի հայտարարությունից մոտ երեք շաբաթ անց, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի ԱԳՆ–ն որոշեց արձագանքել Բաքվի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային հավակնություններին։ Միևնույն ժամանակ արձագանքել է ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով։
Երևանում ԱՄՆ դեսպանատան տրամադրած Պետդեպի մեկնաբանության մեջ, նշվում է, որ Վաշինգտոնը խրախուսում է կողմերին հարգել հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու մասին 2017 թվականին Ժնևում ձեռք բերած պայմանավորվածությունները։ Այստեղ սատարել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փետրվարի 11-ի համատեղ հայտարարությանը, որում միջնորդները կոչ են արել կողմերին «զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից»։
«Եթե մինչ այդ Պետդեպը փորձում էր ուշադրություն չդարձնել, ինչպես հաճախ անում են մի շարք միջազգային կազմակերպություններ` հասցեական հաղորդագրություններ չուղարկելով ի պատասխան Բաքվի ագրեսիվ հռետորաբանության կամ ագրեսիվ գործողությունների, այս դեպքում ամերիկացիները ստիպված են արձագանքել, քանի որ համապատասխան հարց է հնչեցվել ԶԼՄ–ների կողմից։ Արձագանքը, սակայն, հասցեական քննադատություն չէր պարունակում, ինչը սպասելի էր», – փաստեց փորձագետը։
Նրա խոսքով` ամերիկյան դիրքորոշումը ներկա պարագայում ուղղված է լարվածության հավանական թուլացմանը, ինչին նրանք փորձում են հասնել նման աննշան մեկնաբանություններով։ Սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ այդ մեկնաբանությունները, հեղինակի մտահղացմանը հակառակ, չեն նպաստում լարվածության թուլացմանը։
Մի կողմից` կարծում է Մարկարովը, կարելի է հասկանալ ամերիկացիներին, ֆրանսիացիներին և ռուսական կողմին։ Նրանք բոլորը միջնորդ են կարգավորման գործընթացում, և նրանց հռետորաբանությունը ոչ պաշտոնապես ուղղված է հակամարտող կողմերի միջև լարվածությունը չսրելուն։ Հայկական կողմը նման տրամաբանության հետ համաձայն չէ, ու նրան կարելի է հասկանալ, ընդգծեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք` փետրվարի 8-ին «Ենի Ադրբեջան» կուսակցության VI համագումարում Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Էրիվանը Ադրբեջանի պատմական հողն է, և ադրբեջանցիները պետք է վերադարձնեն այն»։ Նրա ելույթը Երևանի կողմից արդար արձագանքի արժանացավ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ հայտարարությունները զառանցանք են, սակայն Եվրոպայի լռության պայմաններում նման անհեթեթությունները կարող են շատ լուրջ հետևանքներ ունենալ: