ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր անդրադարձել է ներքաղաքական հարցերին ու արտաքին մարտահրավերներին:
Հայաստանն աստիճանաբար անցում է կատարում դեպի կառավարման նոր համակարգ, որի արդյունքում ավելի է հստակեցվելու իշխանության թևերի տարանջատումը, ավելի է կայանալու քաղաքական բազմակարծությունը: Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին, անդրադառնալով նոր Սահմանադրության նախատեսված կառավարման նոր համակարգին, ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Այս համակարգը հնարավորություն է տալիս խորացնել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Այն ոչ թե վարչապետական կամ սուպերվարչապետական, այլ բացառապես խորհրդարանական համակարգ է, որտեղ խորհրդարանն ունի վերահսկողական գործիք կառավարության նկատմամբ», — ասաց նա:
Այդուհանդերձ, Շարմազանովի բնորոշմամբ, քաղաքական որոշ ուժեր նախագահի անուղղակի ընտրության հարցը փորձում են նախընտրական օրակարգի վերածել: Աժ փոխխոսնակն իր ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տվեց դրա փոխարեն զբաղվել Հայաստանի առջև ծառացած աշխարհաքաղաքական անվտանգության մարտահրավերներով:
Շարմազանովն ընդգծեց Սերժ Սարգսյանի մյունխենյան ելույթում հնչած հիմնական թեզիսները, այն է` Հայաստանն աշխարհաքաղաքական տեսակետների ոչ թե հակադրման, այլ համադրման կողմնակիցն է, ինչի ապացույցը ԵԱՏՄ անդամակցությունն ու ԵՄ համագործակցությունն է, Թուրքիան և Ադրբեջանը մեր տարածաշրջանի հիմնական սպառնալիքներն են, իսկ դրանց ղեկավարների հայտարարություններն ավելի վտանգավոր են դառնում միջազգային հանրության լռության ու անտարբերության ֆոնին։ Հայ- թուրքական հարաբերություններում ցանկացած պայման անընդունելի է հայկական կողմերի համար։ Հելսինկյան սկզբունքները հավասարազոր են, որևէ սկզբունք չի գարող գերական լինել ինքնորոշման իրավունքի սկզբունքի նկատմամբ:
«Հայաստանը շարունակելու է ամրապնդել իր տեղը տարածաշրջանում` միաժամանակ ուշադրություն դարձնելով անվտանգության համակարգի ամրապնդմանն ու ապահովելով իր քաղաքացիների անվտանգությունն ու առաջընթացը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ պատգամավորների հայտարարություններով խորհրդարանն ավարտեց ԱԺ հերթական նիստը: Բայց պատգամավորներն առայժմ չեն լքի խորհրդարանի տարածքը, քանի որ 18:30–ին կմեկնարկի ԱԺ լրացուցիչ նիստը` կառավարության առաջարկած օրակարգով: