ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Վրացական Իմեդի հեռուստաընկերության «Խորհարարական արշավ» հաղորդման ժամանակ վրացի լրագրողը հայերենը համեմատել է անգլերենի հետ։
Նկարահանման խումբը հայկական խոհանոցի գաղտնիքները բացահայտելու համար մեկնել է Սամցխե-Ջավախքի Ֆոկա գյուղ։
«Վայմե, ասես անգլերեն սովորեմ», — կատակել է լրագրողը, երբ նրան սկսել են հայերեն սովորեցնել։
«Ֆոկա գյուղը, որի բնակչության 98%-ը հայեր են, գտնվում է ծովի մակարդակից 2800 մետրի վրա։ Այդ պատճառով էլ այս թողարկման ընթացքում մենք բացահայտում ենք հայկական խոհանոցի գաղտնիքները», — ասում են հաղորդավարները։
Նկարահանող խմբին դիմավորում է ձկնորս Արկադին։ Մինչ աղջիկները տոլմա են փաթաթում, Արկադին ու ընկերները ձուկ են որսում։
«Հայկական խոհանոցն առանձնանում է առողջ մթերքի առկայությամբ։ Ես ու Տիկին Սոֆյան կաղամբով ու խաղողի թփով հայկական տոլմա կպատրաստենք», —ասում է ռեպորտաժի հեղինակը։
Ավանդական հայկական տոլմա պատրաստելու համար մսին ավելացնում են բրինձ, սոխ ու փաթաթում են խաղողի թփով կամ կաղամբով։