Ռեստորաններն ու գազալցակայանները գյուղացուց քիչ հարկ են վճարում. նախարարի բացահայտումները

Հայաստանի համայնքներում իրենց գործունեությունն իրականացնող գործարարները համայնքի բյուջե ավելի քիչ հարկ են վճարել, քան շարքային գյուղացին։ Բացահայտված փաստերն այսօր լրագրողներին է ներկայացրել նախարար Դավիթ Լոքյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Երևանից դուրս գործող գազալցակայաններն ու ռեստորանները տարիներ շարունակ համայնքի բյուջե հարկեր չեն մուծել կամ չնչին գումարներ են մուծել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

«Իրավաբանական անձինք` ռեստորանները, սրճարանները, գազալցակայանները, տարիներ շարունակ համայնքների հետ պայմանագրեր չեն ունեցել ու հարկեր չեն վճարել կամ եթե վճարել են, շատ ցածր են վճարել»,- ասաց նա։

Բացահայտված ստվերային գործունեության դեպքերից մեկը վերաբերում է Լոռու մարզում գործող գազալցակայանին, որը համայնքի բյուջե ամսական 300 դրամ հարկ է վճարել։

«Մեկ բնակիչը վճարում է 200 դրամ, գազալցակայանը` 300»,- նշեց նախարարը։

Միայն 2017թ-ի ընթացքում մարզերում ստվերային բիզնեսի տասնյակ դեպքեր են բացահայտվել, և պետական մարմինների միջամտությամբ համայնքների հետ կնքվել է գույքահարկի, տեղական տուրքի, հողի և գույքի վարձակալության 18 600 պայմանագիր։ Արդյունքում համայնքների բյուջետային մուտքերը 2017թ-ին 2016-ի համեմատ ավելացել են 9.2%-ով կամ 2.5 մլրդ դրամով։

«Քարերի սիմֆոնիայի» տարածքում կառուցվող շինությունը պետք է սրճարան դառնար

Հարկերից խուսափելու այս տարբերակը, սակայն, տարածքային կառավարման նախարարը հակված չէ միանշանակ տնտեսական հանցագործություն համարել։

«Սա ավելի շուտ մեր համայնքներում պայմանագրային ձևերի բացակայության, կանոնակարգման խնդիր է։ Ինչու ոչ, հնարավոր է նաև` տեղեկացված լինելով չի գանձվել»,- ասաց նա։

Անցյալ տարի համայնքներում նախարարության կատարած ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է նաև բազմաթիվ գյուղերի բյուջեներում առաջացած ընդհանուր առմամբ շուրջ 1 մլրդ դրամի աշխատավարձային պարտքերի առեղծվածը։

Պարզվում է` գյուղապետներն իրենց աշխատանքային տարիների ընթացքում արձակուրդ չեն գնում, իսկ երբ չվերընտրվելու դեպքում ցած են դնում լիազորությունները, որպես վերջնահաշվարկ համայնքի բյուջեից միանգամից միլիոններ են ստանում` դժվար ֆինանսական կացության մեջ թողնելով համայնքը։

Լոքյանը վստահեցրեց, որ այս կարգի նկատմամբ ևս խիստ հսկողություն է սահմանվել. Գյուղապետներն այսուհետ ամեն տարի ստիպված կլինեն արձակուրդ վերցնել։

Համայնքային բյուջեների ու բնակիչների համար մեծ աջակցություն են նաև միջազգային տարբեր կառույցներից տրամադրվող դրամաշնորհներն ու վարկերը։

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տրամադրած տվյալներով` անցած տարի տարածաշրջանային զարգացման տարբեր միջազգային ծրագրերով, ՀՀ համայնքներն ու ծրագրերն իրականացնող ՀԿ-ները ստացել են շուրջ 5 մլն եվրո գումար։

Այս գումարի շրջանակում Գեղարքունիքի ու Սյունիքի մի քանի գյուղեր գյուղտեխնիկա են ձեռք բերել, Կապանի քաղաքապետարանը պլաստիկ թափոններից պետք է սկսի շինանյութ արտադրել, Դիլիջանում ու հարակից համայնքներում պետք է ճանապարհային տաղավարներ տեղադրվեն, Տավուշում պետք է արևային էլեկտրակայան, կաթի վերամշակման գործարան կառուցեն ու ցեղական կովեր և ոչխարներ բուծեն, ինչպես նաև` ֆինանսական աջակցություն տրամադրեն համայնքներում ծնված նոր բիզնես գաղափարներին։