Լիբանանի զբոսաշրջության նախարարը պատմեց, թե ինչն է ավելի շատ գրավում Հայաստանում

Լիբանանցիներին գրավում է հատկապես կրոնական զբոսաշրջությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Լիբանանի հայկական սփյուռքն ամեն ինչ կանի, որպեսզի լիբանանցիների մեջ սեր սերմանի Հայաստանի նկատմամբ, Երևանում լրագրողներին ասաց երկրի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը։

Կիտանյանը Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահ Միշել Աունի պատվիրակության կազմում։

Լիբանանցի նախարարի կարծիքով` երկրի կառավարությունում և խորհրդարանում հայերի առկայությունը պետք է նպաստի երկրների բացառիկ հարաբերությունների հաստատմանը։

«Լիբանանում մենք մեզ զգում ենք որպես այդ երկրի քաղաքացիներ, բայց երբեք չենք մոռանում մեր հայկական արմատների մասին», — ասաց Կիտանյանը։

Նրա խոսքով` տարվա չորս ամիսների ընթացքում Լիբանանից Հայաստան ուղիղ չվերթեր են իրականացվում ։ 2017թ-ին Հայաստանից Լիբանան մեկնած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 11 հազարը։ Լիբանանից Երևան են գալիս ոչ միայն հայերը, այլև լիբանանցիները։

«Մեր հայհոյանքները գիտե՞ս։ Բառերի կեսը խառնեցիր». լիբանանահայերը կոտրում են կարծրատիպերը

«Լիբանանցիներին հետաքրքրում է Հայաստանը, հատկապես նրանց գրավում է կրոնական զբոսաշրջությունը։ Լիբանանն ունի լողափեր, իսկ Հայաստանը` այլ հնարավորություններ, մնում է, որ մարդիկ օգտվեն դրանից», — ասաց Կիտանյանը։

Նրա խոսքով` լիբանանցիները Հայաստանը սիրում են հայկական համայնքի շնորհիվ։

«Մենք լիբանանցիներին այնպես ենք ներկայացնում Հայաստանը, որ նրանք ցանկանում են այցելել երկիր», — ասաց Կիտանյանը։

Տարբեր հաշվարկներով` Լիբանանի հայ համայնքը 150 հազարի է հասնում։ Լիբանանահայերը բնակվում են հիմնականում Բեյրութում, ինչպես նաև երկրի հյուսիսային շրջաններում։ Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասը հիմնել են հայերը` փրկվելով 1915թ-ի Հայոց ցեղասպանությունից և ապաստան գտնելով Լիբանանում։

Հենց այստեղ է գտնվում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ I-ի նստավայրը։ Երկրում հայկական 25 ուսումնակրթական հաստատություններ են գործում, այդ թվում` բարձրագույն ուսումնական հաստատություններ և մանկապարտեզներ։