ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Ռուսաստանը կարող է ներգրավվել արցախյան հակամարտությունում, որպեսզի աջակցի տարածաշրջանային դաշնակցին: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի «Սպառնալիքների համաշխարհային գնահատականը» զեկույցում։
«Արցախի շուրջ լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է վերածվել լայնամասշտաբ ռազմական հակամարտության, որում կարող է ներգրավվել Ռուսաստանը՝ իր տարածաշրջանային դաշնակցին աջակցություն ցուցաբերելու համար», — գրված է զեկույցում։
ԱՄՆ-ի ազգային հետախուզության տվյալներով՝ կողմերի մոտ փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը, աճող ներքին ճնշումը, Ադրբեջանի ռազմական ներուժի արդիականացումը, ինչպես նաև Հայաստանի կողմից նոր ռուսական զենք գնելը կարող են հանգեցնել 2018թ-ին լայնամասշտաբ ռազմական գործողությունների։
Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Մոսկվան կձգտի ընդլայնել ազդեցությունը նախկին ԽՍՀՄ տարածքում։
Նշվում է, որ Ռուսաստանը Բելառուսը դիտարկում է որպես կարևոր բուֆեր իր և ՆԱՏՕ-ի միջև։ Զեկույցում ենթադրվում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կշարունակի սերտ համագործակցել Մոսկվայի հետ անվտանգության ոլորտում, բայց կձգտի կարգավորել Արևմուտքի հետ հարաբերությունները։
ԱՄՆ-ի ազգային հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը կփորձի նաև խանգարել Արևմուտքի հետ Վրաստանի և Ուկրաինայի ինտեգրացմանը։
Բացի այդ, Մոսկվան ճնշում կգործադրի Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդների վրա՝ Վաշինգտոնի հետ փոխգործակցությունը սահմանափակելու նպատակով։
Քոութսը համոզված է, որ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը և ԿԺԴՀ-ն կիբեռտիրույթում առավել մեծ սպառնալիք կներկայացնեն ԱՄՆ-ի համար հաջորդ տարվա ընթացքում։ Բացի այդ, նրա կարծիքով, Ռուսաստանը և Չինաստանը ցանկանում են ռազմականացնել տիեզերքը՝ չնայած երկրագնդում զենք չկուտակելու պաշտոնական կոչերին։