ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. «Ռոսիա. կուլտուրա» հեռուստաընկերության «Ոտքով» հաղորդման հեղինակ ու հաղորդավար Միխայիլ Ժերբակը պատմել է Հայաստանի ու հայտնի հայերի մասին։
«Երկրներ կան, որոնք հայտնի են իրենց ապրանքներով, երկրներ էլ կան, հայտնի են միֆերով, որոշ երկրներ` ֆուտբոլային թիմերով, ինչո՞վ է Հայաստանը ներկայանալի։ Իր մշակույթով։ Դուք հեշտությամբ կհիշեք հայ նկարիչների, արտիստների, երաժիշտների։ Մոսկվայում է աշխատել ճարտարապետ Հալաբյանը, նրա ամենահայտնի շենքը Խորհրդային բանակի թատրոնն է, ելույթ է ունեցել ծաղրածու Ենգիբարյանը, առաջնորդերին է նկարել Նալբանդյանը, երաժշտություն է գրել Խաչատրյանը», — ասել է Ժերբակը։
Նրա խոսքով` փոքր Հայաստանը աշխարհին բազում հանճարներ է տվել ու «մեծագույն հայերի» թեմայով էքսկուրսիա կարելի է անցկացնել ոչ միայն Մոսկվայում, այլև Փարիզում, Թբիլիսիում, Սան Ֆրանցիսկոյում։
Հաղորդավարը ժամանել է Երևան, որպեսզի հայկական հողին կանգնած խոսի հայ հանճարների մասին։
«Երևանը հին ժողովրդի երիտասարդ քաղաքն է, կամ կարելի է հակառակն ասել` ընդմիշտ երիտասարդ ժողովրդի հին քաղաքը։ Այն հիմնվել է մեր թվարկությունից առաջ 782 թվականին, երբ Ուրարտու թագավորն այստեղ հիմնել է Էրեբունի ամրոցը», — ասել է նա։
Հաղորդման ընթացքում հին Երևանի արխիվային կադրեր են ցուցադրվել։
«Խորհրդային Երևանի հեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է։ 40 տարեկան վարպետը, որն այն ժամանակ արդեն Գեղարվեստի ակադեմիայի փոխնախագահն էր, թողել է Պետրոգրադն ու քաղաքացիական պատերազմ ապրող Ռուսաստանի միջով մեկնել սոված, տիֆային, փախստականներով լցված Երևան, որպեսի օգնի նոր Հայաստան կառուցել։ Թամանյանը մտքում պարտեզ-քաղաք էր պատկերացրել, և դա ուտոպիա չէ», — նշել է Ժերբակը։
Հաղորդավարը Երևանի վարդագույն տուֆը համեմատել է մեղրահացի հետ։ Նա ընդգծել է, որ մանկուց սիրում է Թումանյանի «Մի կաթիլ մեղրը»։
Ծրագրում Ժերբակը պատմել է Մարտիրոս Սարյանի մասին, որը կարողացել է փոխանցել «հայկական լեռների լույսը», Սերգեյ Փարաջանովի մասին, որին հաղորդավարը համեմատել է «մշտապես գաղափարներ ժայթքող» հրաբուխի հետ։
«Ոտքով» հաղորդման հերթական թողարկման հեղինակը պատմել է նաև Հանրապետության հրապարակի, Օպերայի և բալետի թատրոնի եզակի շենքի, Կասկադի, Սուրբ Զորավոր եկեղեցու մասին։