Բիզնեսը լուրջ հիմքերի վրա դրեցին Լիանոզով եղբայրները` Գևորգ (Գեորգի) և Ստեփան Լիանոսյանները: Նրանք այն հայերի սերունդներն էին, որոնց նախնիներին XVII դարում պարսից շահ Աբբասն արտաքսել էր Սպահան: Գեորգի Լիանոզովը ծնվել է 1835 թվականին կախեթական գյուղում՞։ Արդեն 13 տարեկանում նա Մոսկվայի կոմերցիոն դատարանում երդվյալ հավատարմատար էր աշխատում:
Ստեփանը վաղաժամ մահացավ, և եղբորն անցան ձկնարտադրության գործարանները: Բացի այդ նա պարսից շահից Կասպից ծովը թափվող գետաբերաններում ձուկ որսալու մենաշնորհային թույլտվություն էր ստացել: Գեորգի Մարտինովիչը բավական խելամիտ վարվեց ունեցվածքի հետ` այն կրկնապատկելով մի քանի անգամ. նա նաև Մոսկվայի մերձակայքում ավան գնեց, որն այսօրվա Ռուբլյովկայի նախատիպն էր:
Ավանն անվանվեց Լիանոզովո. այդ թաղամասը նույնիսկ Խորհրդային իշխանության օրոք պահպանեց իր անունը, ինչը զարմանալի է: Չէ որ Գեորգի Մարտինովիչի որդին, որին մահացած եղբոր պատվին Ստեփան էին կոչել, և որը շարունակում էր հոր գործը, մեղմ ասած, չէր հարգում բոլշևիկյան իշխանություններին և անգամ նրանց դեմ էր գործում:
Հետագայում նրան «Ռուս Ռոքֆելեր» կանվանեն, 1917 թվականի դրությամբ նրա կարողությունը կկազմի 15 մլն ռուբլի (այն ժամանակվա համար անհավանական թիվ է), սակայն ամեն ինչի մասին` հերթով: Ստեփան Գեորգիևիչը ծնվել է 1872 թվականին Մոսկվայում, ավարտել գիմնազիան և ընդունվել Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը: Սակայն բնական գիտությունները նրան չգրավեցին, իրավագիտությունն ավելի հետաքրքիր թվաց, և 1898 թվականին նա, հոր օրինակով, ավարտեց համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Բացի այդ առևտրական և արդյունաբերական գործում իրավաբանական գիտելիքները, հավանաբար, ավելի են պետք։ Մինչ մեծ բիզնեսի մեջ մտնելը, Ստեփան Լիանոզովը երկու տարի Մոսկվայի դատական պալատում երդվյալ հավատարմատարի օգնական աշխատեց:
1908 թվականին Պետերբուրգում 2 մլն ռուբլի կապիտալով ստեղծվեց «Գ.Մ. Լիանոզով և Որդիներ» բաժնետիրական ընկերությունը, ընկերության տնօրեն դարձավ Ստեփան Լիանոզովը: Իսկ 1912 թվականին Լոնդոնում նա հիմնեց «Օյլ» Ռուսական գլխավոր նավթային ընկերությունը, որի կազմում հայերին պատկանող երեք և մեկ ռուսական նավթարդյունաբերական ընկերություններ մտան. հարուստ ընկերություններ էին: Կորպորացիայով հետաքրքրվեցին ռուսական և բրիտանական խոշոր բանկիրները, այնպես որ ֆինանսական դժվարություններ այն չուներ և անմիջապես ստիպեց «Նոբել Եղաբայրներին» և «Շելլին» զիջել դիրքերը:
Լիանոզովի կորպորացիան հեղաշրջում իրականացրեց ռուսական նավթային արդյունաբերության մեջ, և արդեն մեկ տարի անց ստեղծվեց համատեղ ռուս-գերմանական ընկերությունը, որը Բաքվից Գերմանիա էր տեղափոխում ռուսական նավթը: Լիանոզովի շնորհիվ էլ հենց կասպից նավթարդյունաբերությունը խոշոր եվրոպական ներդրումներ ստացավ. նրան վստահում էին, ճանաչում ու ընդունում որպես լուրջ և հուսալի գործընկեր:
1917 թվականի սկզբին, նավթային բիզնեսին զուգահեռ, Ստեփան Լիանոզովը որոշեց զբաղվել նաև այն ժամանակ թափ հավաքող կինեմատոգրաֆիայով. Մանթաշևների հետ միասին նրանք Մոսկվայում հիմնեցին «Բիոխրոմ» կինոընկերությունը և սեփական կինոգործարանը կառուցեցին: Պետրովսկի պուրակում հատուկ ապակե տաղավար կառուցվեց, այնտեղ էլ նկարահանում էին ֆիլմերը` մելոդրամա և դետեկտիվի տարր պարունակող կինոնկարներ: 1918 թվականին նկարահանումները դադարեցին. տաղավարն այրվել էր, գուցե պատահաբար, գուցե օգնեցին այրվել:
Հոկտեմբերյան հեղափոխությունը ստիպեց Լիանոզովին մեկնել Ֆինլանդիա, որտեղ նա դարձավ բոլշևիզմի դեմ ակտիվ պայքարող: Գեներալ Յուդենիչը, Պետրոգրադի վրա հարձակումից առաջ, Լիանոզովին կարգադրեց իր ձեռքը վերցնել ֆինանսների կառավարումը. Շվեդիայում Յուդևիչի համար թողարկած թղթադրամների վրա երկու ստորագրություն կա` գեներալի և Ստեփան Լիանոզովի:
Այնուհետև, արդեն Էստոնիայում Լիանոզովը գլխավորեց Յուդենիչի ստեղծած «Հյուսիս-Արևմտյան կառավարությունը», սակայն 1919 թվականին գեներալի` Պետրոգրադում գտնվող ընկերությունը սնանկացավ, և Լիազոնովը տեղափոխվեց Փարիզ. այս անգամ`արդեն վերջնականապես և ընդմիշտ: Սակայն այնտեղ էլ նա շարունակեց պայքարել բոլշևիկների դեմ. Նոբելի, Ռյաբուշենսկու, Մանթաշևի և Պողոս ու Աբգար Ղուկասյանների հետ «Առևտրաֆինանսական և արդյունաբերական կոմիտե» ստեղծեց, որը, ինչպես ասում էր նրա ղեկավար Նիկոլայ Դենիսովը, «նպատակ ուներ բոլոր հնարավոր միջոցներով պայքարել բոլշևիկների դեմ տնտեսական ճակատում»:
Շրջանառվող լուրերն այն մասին, որ Ստեփան Լիանոզովը կապ ուներ դեպի Ֆրանսիա կասպյան խավիարի, ինչպես նաև կտավների, թանկարժեք զարդերի և հնաոճ իրերի արտահանման հետ, արդեն հարյուր տարվա պատմություն ունեն, և հավանաբար, դրանք միայն լուրեր չեն: Խորհրդային իշխանությանն այն ժամանակ արժույթ շատ էր պետք, հնաոճ իրերն ու կտավները վաճառում էր Փարիզում գտնվող Ռյաբուշինսկու խանութը, իսկ նավթի հետ գործ ուներ անձամբ Լիանոզովը:
1920-ականներին Լիանոզովը մասոն է դառնում, մահից մի քանի օր առաջ նրան բարձրագույն աստիճանի են դասում. նման «որակավորում» ուներ, օրինակ, Տրոցկին:
Ստեփան Լիազոնովը չապրեց մինչև իր 80-ամյակը, մահացավ 1951 թվականին, նա թաղված է Փարիզում: Հարկ է նշել, որ խորհրդային իշխանությունը պետք է դասեր նրան իր թշնամիների շարքում, բայց այ քեզ զարմանալի բան. Լիանոզովի, որը Խորհրդային իշխանության պատճառով մեկ ակնթարթում կորցրել էր տոհմական ժառանգությունը և նրանց դեմ ամեն հնարավոր ձևերով պայքարում էր, նրա անունով կոչվող ավանն այդպես էլ չվերանվանեցին: Եվ ոչ միայն ավանը. և՛ երկաթգծի կայարանը, և՛ Մոսկվայի միկրոշրջանը, և՛ մշակույթի զբոսայգին պահպանեցին իրենց անվանումները, էլ չենք խոսում էլեկտրամեխանիկական և երշիկի գործարանների ու կաթի կոմբինատի մասին:
Սա իսկապես բացառիկ դեպք է` խորհրդային իշխանությունն այդքան բան իր ոխերիմ թշնամու անունով կոչի: Նրանց ձեռքը չբարձրացավ Լիազոնովի վրա. Այնքան բան էր արել այդ մարդը ի փառս Ռուսաստանի: