ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Պոլսո Հայոց պատրիարքի պարտականությունները դարձյալ կկատարի Թուրքիայի կառավարությանը հաճո և հայ համայնքի համար անընդունելի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Մինչև Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը չվախճանվի, նոր պատրիարք չի ընտրվի։ Թուրքիայի կառավարությունն այսպես է լուծել պատրիարք ընտրելու հայ հոգևոր համայնքի հետ խնդիրը։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը։
Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդն այսօր արտահերթ ժողով է գումարել, որի ընթացքում հայտարարվել է, որ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը պատրաստվում է հրաժարական տալ։ Նրան այդ պաշտոնում դարձյալ կփոխարինի Թուրքիայի իշխանությունների համար ընդունելի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։
«Փաստորեն որոշվել է շարժվել կառավարության ցուցումներին համապատասխան,– մեկնաբանելով հոգևոր խորհրդի որոշումը` ասաց Էստուկյանը,– Թուրքիայի կառավարությունն ի վերջո իր պատրիարքին նշանակեց` հանձին Աթեշյանի»։
Այս որոշումը կայացվել է Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների հանդիպումից հետո, որի ժամանակ հայերին պարտադրվել է հրաժարվել նոր ընտրություններ անցկացնելուց` Մեսրոպ արք. Մութաֆյանի ողջ լինելու պատճառաբանությամբ։
Բագրատ Էստուկյանը հույս հայտնեց, որ չնայած ստեղծված իրավիճակին, հայ համայնքը կշարունակի պայքարել նոր ընտրությունների կազմակերպման համար, բայց և խոստովանեց, որ այսուհետ որևէ արդյունքի հասնելը շատ ավելի դժվար կլինի։
Հիշեցնենք` Թուրքիայի հայերի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը առողջական խնդիրների պատճառով շուրջ 9 տարի չի կարողանում կատարել պատրիարքի պարտականությունները: Դրանք ժամանակավորապես իրականացնում էր պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։
Սակայն, 2017թ–ի մարտի 15-ին տեղի ունեցան պատրիարքական տեղապահի ընտրություններ, որի արդյունքում տեղապահի պաշտոնում ընտրվեց Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, և Արամ արքեպիսկոպոսը ստիպված եղավ հրաժարական տալ։
Այդ ժամանակվանից սկսած Պոլսո պատրիարքարանը պարբերաբար դիմում–նամակներ է ներկայացնում Թուրքիայի ներքին գործերի նախարարություն` պատրիարքի նոր ընտրություններ նշանակելու հարցով, քանի որ այդ երկրի օրենքներով հոգևոր առաջնորդի ընտրությունը պետք է կազմակերպվի բացառապես ներքին գործերի նախարարության թույլտվությամբ։
Հայերի նամակները շուրջ մեկ տարի անպատասխան թողնելուց հետո, Թուրքիայի կառավարությունն ի վերջո նրանց ստիպեց վերադառնալ մինչև 2016 թվականի հոկտեմբերի 26-ը եղած վիճակին։