Բժիշկները պատմել են՝ ինչն է սպանում տղամարդկանց ու կանանց Հայաստանում

Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, ամեն տարի ավելանում է քաղցկեղով հիվանդների թիվը: Փորձագետները մտահոգված են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Հայաստանում կանանց շրջանում այսօր էլ ուռուցքային հիվանդություններից ամենաշատը տարածված է կրծքագեղձի քաղցկեղը։

Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած Երևան-Տալլին-Մինսկ-Բիշքեկ– Քիշինև տեսակամուրջի ժամանակ ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ճառագայթային ախտորոշման բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Հովհաննես Վարդևանյանը:

XXI դարի ժանտախտը. հայտնի են քաղցկեղի առաջացման հիմնական պատճառները

«Հայաստանի կանանց շրջանում առավել տարածված է կրծքագեղձի,  արգանդի վզիկի ու հաստ աղիքի  քաղցկեղը», – ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով` տղամարդկանց շրջանում առավել տարածված է թոքերի քաղցկեղը։ Մասնագետը դա կապում է Հայաստանում ծխելու սովորության մեծ տարածվածության հետ։ Տղամարդկանց շրջանում տարածված են նաև շագանակագեղձի և հաստ աղիքի քաղցկեղները։

Փորձագետը նշեց` մեզանում տարբեր տեսակի, մասնավորապես` կրծքագեղձի ու հաստ աղիքի քաղցկեղները վաղ շրջանում հայտնաբերելու պետական ծրագրեր չկան։ Այդպիսի հետազոտություն կարելի է անցնել թերևս միայն մասնավոր հիվանդանոցներում` այն էլ մեծ գումարներ վճարելով։

Մասնավոր հիվանդանոցում, որտեղ աշխատում է  Վարդևանյանը, ամեն օր մոտ 200 կին կրծքի քաղցկեղի հետազոտություն են անցնում։ Միակ բանը, որը քիչ թե շատ սփոփում է փորձագետին, Երևանում և մարզերում բացվող հոսպիսներն են։

«Հոսպիսները փոխում են կյանքի որակը, հիվանդների բարեկամներն ու մտերիմները դրական են վերաբերվում դրանց գոյությանը», – ասաց Վարդևանյանը։

"Онкология – не приговор!" пресс-конференция
Ըստ նրա` դրական են նաև պապիլոմայի կանխարգելման համար արվող անվճար պատվաստումները, թեև պատվաստման այդ ծրագիրը բնակչության շրջանում բանավեճեր ու դժգոհություններ առաջացրեց։

«Ես, որպես բժիշկ, պատվաստումը դրական եմ համարում` հաշվի առնելով արգանդի վզիկի քաղցկեղի տարածվածությունը», – ասաց Վարդևանյանը։

Վերջին տարիներին Հայաստանում նաև վահանաձև գեղձի քաղցկեղի աճ է նկատվում` հատկապես երիտասարդների շրջանում։ Հիմնականում այն ախտահարում է 20-30  տարեկաններին։

Հայաստանի, Բելառուսի և տեսակապի մասնակից այլ երկրների փորձագետների կարծիքով` քաղցկեղային հիվանդությունների աճը պայմանավորված է համատարած սթրեսներով, սխալ, քաղցկեղածին սնունդ օգտագործելով, անառողջ ապրելակերպով։