ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Պատճառը, ըստ որի Հայաստանում չի կայացել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը, զուտ տեխնիկական է, Sputnik Արմենիային հաղորդեցին Եղիշե Չարենցի տուն–թանգարանից, որտեղ և միջոցառումը պետք է տեղի ունենար։
Կազմակերպիչները և Եղիշե Չարենցի տուն–թանգարանի ներկայացուցիչները շնորհանդես անցկացնելու մասին համաձայնության են ձեռք բերել հունվարի 25–ին։ Սակայն հաջորդ օրը տուն–թանգարանից հաղորդել են տեխնիկական պատճառներով միջոցառումը չեղյալ հայտարարելու մասին։
Միակ պատճառը, ըստ որի չի կայացել շնորհանդեսը, տեխնիկական է։
«Եկել են մարդիկ, վարձակալել են տարածքը, արդյունքում շնորհանդեսը չի կայացել տեխնիկական պատճառներով, գրքի հետագա ճակատագրի մասին մեզ ոչինչ հայտնի չէ, քանի որ դա մեր միջոցառումը չէ», – ասել են թանգարանից։
Տուն–թանգարանի նման պատասխանը մտահոգել է Հայաստանի բնակչությանը, շատերը, այդ թվում` Վրաստանում, քաղաքական ենթատեքստ են տեսել այս ամենի մեջ։ Այդ վարկածն ավելի է տարածվել բնապահպանության նախարարի օգնական Մեսրոպ Եսայանի ֆեյսբուքյան գրառումից հետո։
Եսայանը հռետորական հարց է տվել. մի՞թե Սահակաշվիլին արժանի է իր գիրքը Եղիշե Չարենցի տուն–թանգարանում ներկայացնելու պատվին, այն ամենից հետո, ինչ նա արել է Վրաստանի հայերի նկատմամբ` ճնշել է հայ հասարակական գործիչներին, հայոց լեզուն և այլն։
«Պարզվում է` առաջիկայում Եղիշե Չարենցի տուն թանգարանում նախատեսվում է կազմակերպել Միխեիլ Սահակաշվիլու ինքնակենսագրական «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը։ Հավանաբար, Սահակաշվիլին այդ պատվին արժանացել է Վրաստանում հայոց լեզվի դեմ պայքարի, հասարակական գործունեությամբ զբաղվող տարբեր հայ գործիչներին հալածելու, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ջերմ եղբայրության համար», – գրել է Եսայանը։
Սոցցանցում Եսայանի բաժանորդները սկսել են ակտիվորեն տարածել գրքի շապիկի լուսանկարը` մեկնաբանություններ գրելով։ Ապա մշակույթի նախարարությունը թարգմանիչ Միքայել Նահապետյանին արգելել է գրքի շնորհանդես կազմակերպել։
Սակայն գերատեսչությունը հերքում է միջադեպի հետ կապ ունենալը։
«Նախարարությունն ընդհանրապես կապ չունի այս միջադեպի հետ, քանի որ Չարենցի տուն–թանգարանի հետ համաձայնություն չի ստորագրվել։ Մշակույթի նախարարությունը նույնիսկ չի իմացել նման միջոցառման մասին», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նախարարության մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը։
Նախարարության հավաստիացումները չեն համոզել Իլյա Ճավճավաձեի պետական համալսարանի պրոֆեսոր Օլեգ Պանֆիլովին, որը «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, որ մի քանիս ամիս առաջ իրեն դիմել են Երևանից և խորհուրդ հարցրել, թե արժե՞ արդյոք գիրքը հայերեն թարգմանել։
«Կարծում էի, որ Հայաստանում կան մարդիկ, որոնց հետաքրքիր են Վրաստանի բարեփոխումները։ Կարծում եմ, որ գրքի շնորհանդեսն արգելել է Հայաստանի կառավարությունը», – ասել է Պանֆիլովը։
Գրքի թարգմանիչ Նահապետյանը Facebook–ի իր էջում գրել է, որ չգիտի, թե որն է շնորհանդեսն արգելելու իրական պատճառը։ Նա ափսոսանք է հայտնել, որ այս քննարկումը սկսվել է նրա բովանդակությանը ծանոթանալուց առաջ։
Սահակաշվիլու ինքնակենսագրական գրքի շնորհանդեսի հերթական օրը փետրվարի 7–ն է։