Այս գովազդային պաստառները Երևանի փողոցներում վաղուց են աչքի ընկնում։ Այդ մասին ասվել է և՛ հանգիստ տոնով, և՛ վրդովված, բայց հայրենական դիզայներական մտքի թռիչքի դրսևորումները շարունակում են բոլորի աչքերի առաջ մնալ։
Ու նույնիսկ մինչ այս եղած տարազով կովը, որը կաթնամթերք էր գովազդում, արդեն անմեղ կատակ է թվում, թեև ոչ այդքան հաջողված, սակայն ինչ-որ տեղ նույնիսկ զվարճալի` ասես մուլտֆիլմի կերպար լինի։
Առողջապահության նախարարությունը, որն իրեն վստահված ոլորտում փառահեղ կերպով լուծեց երկրի (որտեղ հիմա բոլորն առողջ են այնպես, ինչպես հիշատակված կովի համար նախատեսված խուլերը) բուժապահովության հետ կապված բոլոր խնդիրները, ձեռնամուխ է եղել հասարակական կարգի պահպանմանը։ Առողջապահության նախարարությունը հիմա որոշում է` ինչ տուգանքներ պետք է մարդիկ վճարեն ոչ թույլատրելի վայրերում ծխելու համար։ Առողջապահության նախարարությունը, հասկանու՞մ եք, ոչ քաղաքապետարանը, ոչ էլ` ոստիկանությունը, այլ առողջապահության նախարարությունը։
Առողջապահության նախարարությունը վաղուց է արգելել ծխախոտի գովազդը, իսկ ծխախոտից հաստատ ավելի շատ վնասակար ալկոհոլ գովազդող հարյուրավոր վահանակները` խնդրեմ։ Օրինակ` օդանավակայանից քաղաքի գլխավոր պողոտա ես մտնում կանոնավոր շարված, գեղեցիկ ու գայթակղիչ օղու շշերի միջով։ Օղին կարելի է, ծխախոտը` ոչ։
Աու, առողջապահության նախարարություն։ Իսկ այդ գեղեցիկ կի՞նը, հավանաբար, մեզի սրվակը գեղեցիկ ձեռքերում։ Դա նույնպես դու՞ք եք հորինել, թե՞ ուրիշ մեկը։
Պաստառը կոչված է գովազդել Հայաստանը որպես տուրիստական երկիր, զբոսաշրջության այդպիսի մարմնավորումից մարդ ուզում է փախչել` ասես ժանտախտից։ Էլ չեմ խոսում, որ զբոսաշրջության տեսակը բնութագրող «բժշկական» բառը հայերենում ու անգլերենում ամբողջությամբ է գրված, իսկ ռուսերեն տարբերակում կրճատված` «мед туризм»։ Կասկածներ կան, որ պաստառի հեղինակները պարզապես չգիտեին` ինչպես է այդ բառն ամբողջությամբ ճիշտ գրվում, դրա համար էլ կրճատել են` շառից–փորձանքից հեռու։
Բժշկական զբոսաշրջություն են զարգացնում…
Իսկ դա արդեն պարզապես անշնորհքություն չէ։ Քաղաքապետարանն ու երկրի կառավարությունն, անկասկած, լավ բանի են կոչ անում` աղբը նետել աղբամանների մեջ։ Իսկ վահանակների վրա հայոց բանակի զինվորների լուսանկարներ են, իսկ զինվորականների տակ գրված է. «Աղբի տեղն աղբամանն է»։
Պարոնայք, սա արդեն պարզապես անշնորհքություն չէ, սա դիվերսիայի է նմանվում։ Այն հանճարը, որն իր անսահման ստեղծագործական ջիղի ուժով այսպիսի բան է ստեղծել, մեղավոր չէ։ Շատ բան է կարելի հորինել ու սեփական համակարգչի վրա հավաքել։
Իսկ այն մարդիկ, որոնք հաստատել են այս «ստեղծագործությունը», որպեսզի այն անհամար նմուշներով զարդարի հասարակական տրանսպորտի կանգառները, մի՞թե չեն հասկացել` ինչ են հաստատում։ Թե առանց նայելու են թույլտվությունը ստորագրել։
Այսպիսի «ստեղծագործական» ներուժով թշնամու քարոզչություն էլ պետք չէ
2 օր առաջ մեր փառավոր բանակի տոնն էր. շատ խոսքեր ասվեցին` ջերմ ու անկեղծ, երբեմն` հերթական ու իմիջիայլոց։ Իսկ այսօր արդեն մեր հայրենի քաղաքն առաջարկում է վերաբերել բանակին ասես ինչի՞… լեզուս չի բռնում նախադասությունն ավարտեմ։
Նմանատիպ մեկ պաստառ էլ` լուսանկարում նորապսակներ են, աղջիկը` հարսանեկան զգեստով։ Ներքևում` նույն արտահայտությունն, թե որտեղ է աղբի տեղը։ Չէ՞ որ այդ նորապսակները մեր երկրի ապագան են։ Թեև համաձայն եմ, վերջին 30 տարվա ընթացքում արվեց ամեն ինչ, որպեսզի երկիրը զրկվի ապագայից, հիմա կարելի է դրան այդպես վերաբերել, ինչու՞ ոչ…
Զինվորներին ու նորապսակներին պատկերող վահանակների վրա աղբային «խորհրդի» տակ նշված է մի կայք, որը կոչված է քարոզել «Մաքուր Հայաստան» նախաձեռնությունը։ Իսկ որպես միակ նախաձեռնող այդ կայքում, նշված է ՀՀ կառավարությունը։
Հարգելի կառավարություն, իսկ կարելի՞ է ըմբոստ հարց տալ։ Պարզապես հարց, առանց որևէ ակնարկի։ Ինչու՞ դուք, աղբի մասին այդ վահանակների վրա չեք տեղադրել ձեր սեփական լուսանկարը` ամբողջ կազմով։ Համեստություն եք արե՞լ։
Թե հասկանու՞մ էիք, որ դա սարսափելի է։ Որ դա անարգանք է, դա գրեթե ուղիղ վիրավորանք է։ Հարգելի պաշտպանության նախարարություն, այդպիսի վահանակները ձեր աչքով չեն ընկե՞լ։ Մի՞թե դրանք մինչև հոգու խորքը ձեզ չեն վրդովել։
Մի բան ակնհայտ է. Նույնիսկ, եթե այդ սարսափելի վահանակները հանվեն քաղաքի փողոցներից, դա խնդրի լուծում չէ։ Դրա համար պետք է պատասխանատվություն կրեն կոնկրետ մարդիկ, ընդ որում նրանք, ովքեր դրանք տեղադրելու թույլտվություն են տվել, ովքեր հաստատել են այդ սադրանքը, այլ ոչ թե նրանք, ովքեր հորինել են պաստառները։
Ոչ մի ճնշող միջոց կամ քրեական պատիժ հարկավոր չէ, հատկապես, որ ամենայն հավանականությամբ, ոչ մեկի մտքով չի անցել, որ այդպիսի բան է հնարավոր, ու քրեական օրենսգրքում համապատասխան հոդված պարզապես չկա։
Այն մարդուն կամ այն մարդկանց, որոնք դա հաստատել են, հավանություն են տվել, պետք է պարզապես ազատել իրենց պաշտոններից, որպես աշխատանքի համար բացարձակապես անպետք անձանց։ Դա պետք է հրապարակայնորեն արվի։ Որպեսզի այլ մարդիկ, նման նախագծերը հաստատելուց առաջ գոնե մի երկու րոպե մտածեն` ինչ են հաստատում։