Հայ «օլիգարխները» դեռ երեք հազարամյակ առաջ սիրել են հանքերը

Հայաստանում անագ չի եղել, բայց հայերին հաջողվել է վաճառել այն, ինչի մասին վկայում են ասորական սեպագրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Հայկական դամբարաններում շարունակում են գտնել իրեր, որոնք այնտեղ են հայտնվել այլ տարածքներից։ 2017 թվականի պեղումները թույլ են տվել մի շարք բացահայտումներ անել։

Ինչի՞ց և ե՞րբ էին մահանում հայերը երեք հազար տարի առաջ

Հայկական լեռնաշխարհում անագի հանքեր չեն եղել, բայց կարողացել են անագ բերել հեռու վայրերից` Իսպանիայից, Բրիտանիայից, նաև Իրանական լեռնաշխարհի արևելքում գտնվող Բադահշանի լեռներից։

Մեծամորի պեղումների ժամանակ 2017 թվականին գտնված նմուշները ուղարկվել են Գերմանիա` փորձաքննության։ Այնտեղ կփորձեն տեղեկություն ստանալ դրանց ծագման մասին։

«Պետք չէ զարմանալ, որ մետաղները հազարավոր կիլոմետրեր են անցել»,- լրագրողներին ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» գիտքարտուղար Աշոտ Փիլիպոսյանը։

Նա նշեց, որ 1960-ականների սկզբին հյուսիսային Միջագետքում ասորական սեպագիր արձանագրություն են գտել, որի վրա նշված է եղել` Նաիրի երկրի բնակիչներն անագի վերավաճառքով են զբաղվել։ Նույնիսկ «հաշիվ-ապրանքագիրն» է պահպանվել` Միջերկրական ծովի ափերի անագի 50 մլն մինայի մասին։ Մեկ մինան մի քանի հարյուր գրամ է (մինչև 1 կիլոգրամ)։

Հաշվի առնելով, որ անագն ու պղինձը բրոնզի համար խառնում էին 1/8 և 1/9 հարաբերակցությամբ, ապա այդ բեռից կարելի էր մինչև կես տոննա բրոնզ ստանալ, ընդգծեց Փիլիպոսյանը։

Իսկ այն ժամանակների համար դա խոշոր կարողություն էր։

Շարունակում են նաև միջերկրական խխունջներ գտնել։ Ճիշտ է` դրանց նշանակությունը մինչև վերջ պարզ չէ։ Հնարավոր է` որպես դրամական միավոր են գործածվել (ինչպես ընդունված էր Աֆրիկայում)։

Սակայն գիտնականների կարծիքով` ավելի հավանական է, որ դրանք որպես պահապան մանյակներ օգտագործած լինեն։ Չի բացառվում, որ Շամիրամի մանյակը, որի մասին խոսվում է լեգենդներում, մեր նախնիները պատրաստել են հենց հեռավոր ծովախխունջներից…