Հայտնի ճանապարհորդ. հանգստյան բոլոր օրերին կմեկնեի Հայաստան ու Արցախ

Լատվիացի ճանապարհորդ Ալեքսանդր Ալիմովը գործընկերոջ՝ Ստանիսլավ Գորբունովի հետ ֆիլմ է նկարում Հայաստանի և Արցախի մասին։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նա պատմել է իր նախընտրած հայկական ուտեստների մասին, ինչպես նաև ասել է, թե ինչն է խանգարում հայաստանյան զբոսաշրջության զարգացմանը։
Sputnik

Հայտնի բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Ալիմովը երկու անգամ եղել է Հայաստանում ու Արցախում։ Նա Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե որքան են համընկնում Մերձբալթյան երկրների բնակիչների պատկերացումներն ու հայկական իրականությունը։ Զրուցել է Լիլիթ Հարությունյանը։

- Ալեքսանդր, դուք եղել եք աշխարհի շատ երկրներում, ծանոթ եք բազում ժողովուրդների ավանդույթներին։ Ի՞նչն է Ձեզ զարմացրել Հայաստանում և Արցախում։

— Ամենից առաջ` հայկական հյուրընկալությունը։ Եվ, իհարկե, խոհանոցը, բնությունը։

- Հայկական խոհանոցում ի՞նչն է ամենից շատ դուր եկել Ձեզ։

— Միսը, ընդ որում` բոլոր ճաշատեսակներում։ Այնպիսի համեղ միս, ինչպիսին Հայաստանում է, աշխարհում ոչ մի տեղ չեմ կերել։ Ինչ ասես փորձել եմ՝ գառան միս, ոչխարի միս, տավարի, միս, խոզի միս… իսկապես համեղ է։

Блогер Александр Алимов

- Մեր հայրենիքում ինչ-որ տեղ կա՞, ուր կցանկանայիք վերադառնալ։

— Ինչպես ասում է ընկերուհիներիցս մեկը, ես հանգստյան բոլոր օրերին պատրաստ եմ մեկնել Արցախ ու Հայաստան (ժպտում է)։ Այո, ինձ այստեղ շատ է դուր գալիս, շատ գեղեցիկ է, մարդիկ ջերմ են, նրանց հետ շփվելը հաճելի է, ես արդեն շատ ընկերներ ունեմ հայերի շարքում։

- Համընկնո՞ւմ են արդյոք Մերձբալթյան երկրների բնակիչների պատկերացումները Հայաստանի և Արցախի մասին։

— Հայաստանի դեպքում, ընդհանուր առմամբ, այո, բայց ահա Արցախի դեպքում ընդհանրապես չեն համընկնում։ Ես անցած տարի երկու անգամ եղել եմ այնտեղ։ Առաջին անգամ Ստեփանակերտում մասնակցում էի բլոգերների և լրագրողների համաժողովին։ Դրանից հետո սեպտեմբերին մեկնեցի երկրորդ անգամ։

Ոչ միայն Մերձբալթյան երկրներում, այլ նաև ամբողջ աշխարհում Արցախը հայտնի է որպես թեժ կետ։ Բայց երբ գնում ես Ստեփանակերտ, բոլորովին այլ տպավորություն ես ստանում։ Անկեղծ ասած, երբ առաջին անգամ էի գնում, մտածում էի` ավերածություններ ու աղքատություն եմ տեսնելու։ Շատ զարմացա, երբ գեղեցիկ ու խնամված քաղաք տեսա։ Եվ ամենագլխավորը` այնտեղ մարդիկ, ինչպես ճիշտ ասեմ… իսկական են։

Блогер Александр Алимов

- Ձեր կարծիքով՝ ի՞նչը կարող է զբոսաշրջիկին հետաքրքրել Հայաստանում։

— Այն ամենը, ինչի մասին խոսեցի, կարող է գրավել։ Ես գիտեմ, որ այստեղ զբոսաշրջությունը զարգացնելու վիթխարի ծրագրեր կան։ Կարծում եմ, որ ամեն ինչ կստացվի։

- Որպես ճանապարհորդ կարո՞ղ եք ասել` ինչը կարող է խանգարել Հայաստանի և Արցախի զբոսաշրջության զարգացմանը։

Թե ինչպես գաճաճային Ադրբեջանը խթանեց Արցախի զբոսաշրջությունը

— Արցախի դեպքում նախ պետք է կոտրել ռազմական գործողությունների մասին կարծրատիպը ։ Իհարկե, կան նաև որոշ խոչընդոտներ՝ կապված լոգիստիկայի հետ, բայց հիմա նոր ճանապարհ են կառուցել (Սոթք-Քարվաճառ ճանապարհը, խմբ.), որով ավելի արագ և հեշտ է դարձել Ստեփանակերտ հասնելը։ Դա մեծ առավելություն է։

Ինչ վերաբերում է Հայաստանին, լոգիստիկան գլխավոր խնդիրն է։ Եթե Եվրոպայից և այլ երկրներից ուղիղ չվերթեր կան Վրաստան, ապա նույնիսկ Մերձբալթյան երկրներից Հայաստան մեկնելը բարդ է, պետք է փոխել ինքնաթիռը։ Ավիաընկերությունները քիչ չեն, բայց բյուջետայիններն ընդամենը երկուսն են։ Երևանի ուղղությամբ սակավաթիվ չվերթերը գլխավոր արգելքներից են։ Չէ՞ որ զանգվածային զբոսաշրջությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կան էժան չվերթեր։

- Դուք ֆիլմ եք նկարահանում Հայաստանի և Արցախի մասին։ Ինչո՞ւ։

— Սա մեր առաջին այցն է։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչն է խթան հանդիսացել, ուղղակի նման ցանկություն կա։

- Որտե՞ղ հնարավոր կլինի դիտել ֆիլմը։

— YouTube-ի մեր ալիքում, սոցիալական մեդիայի հարթակներում՝ բլոգում, կայքում։