Մի սիրո պատմություն. ինչպես տաքարյուն հայը կործանեց Մոխրոտի հետ ամուսնությունը

Այսօր առավոտյան 68 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային և ռուս երգչուհի, դերասանուհի Լյուդմիլա Սենչինան։ Միլիոնավոր հեռուստադիտողներ հիշում են նրան ձայնի շնորհիվ։ Երգչուհին յոթ տարի ամուսնացած է եղել Ստաս Նամինի հետ։ Sputnik Արմենիան փաստեր է հիշում երկու ստեղծագործ մարդկանց համատեղ կյանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Ղողանջուն ձայնով Լյուդմիլա Սենչինան, որ յուրահատուկ քնքշություն և զգացմունքայնություն է հաղորդել հայտնի «Մոխրոտը» մուլտֆիլմի հերոսուհուն, «Ցվետի» խմբի առաջնորդ Ստաս Նամինի հետ ծանոթացել է Մոսկվայում։

Ռոքսանա Բաբայան և Միխայիլ Դերժավին. 37 տարի ձգվող սիրո պատմություն

Լյուդմիլան խոստովանել է, որ բառացիորեն «սլացել է երջանկություն որոնելու» և շատ է ուզել իմանալ` ինչ է սերը։ Չեն հասցրել ուշքի գալ, երբ արդեն ամուսիններ են դարձել։

Զույգի ընկերները չեն հավատացել նրանց ամուսնությանը, բայց Սենչինչան ու Նամինը յոթ տարի միասին են եղել։ Գուցե պատճառն այն է եղել, որ ամուսինները գրեթե ամբողջ ընթացքում առանձին են ապրել։ Լյուդմիլան հիմնական ժամանակն անցկացրել է Լենինգրադում, իսկ Ստասը` Մոսկվայում։ Երգչուհին մի քանի անգամ ասել է, որ Վյաչեսլավ Տիխոնովի հետ առաջին ամուսնությունը գրեթե կատարյալ է եղել, բայց նա «անձնական տարածքի» կարիք է ունեցել։

«Մենք ընդհանրապես ընդհանուր ոչինչ չենք ունեցել։ Ամուսնությունն ինձ համար էլ էր անսպասելի։ Մեր հարաբերություններն ավելի շուտ կարելի է պաշտոնապես գրանցված սիրավեպ համարել։ Ես` Մոսկվայում, Սենչինան` Լենինգրադում։ Շփումը հիմնականում եղել է հեռախոսով։ Մենք երբեք չենք ապրել ընդհանուր տանիքի տակ։ Մեր ծանոթներից շատերը մտածել են, որ այդ կապը երկար չի տևի։ Բայց մեր ամուսնությունը ձգվեց յոթ տարի», — մի անգամ պատմել է Նամինը։

Երգչուհու խոսքով` հենց Ստասն է իր համար նոր երաժշտություն և գրականություն բացահայտել։

«Մեզ այնքան հետաքրքիր էր իրար հետ, որ կարող էինք մինչև առավոտյան 8-ը զրուցել։ Իսկապես արտասովոր էր», — ասել է Սենչինան։

«Մոխրոտը» խոստովանել է, որ ամուսնությունը ձախողվել է ընտրյալի չափազանց տաքարյուն բնավորության պատճառով։

«Կարող էր ձեռք բարձրացնել ինձ վրա, սեղանը շուռ տալ։ Շատ տաքարյուն մարդ է։ Ես հասկանում էի, որ ես նորմալ կյանք չեմ ունենա, կկործանվեմ։ Եվ ես որոշեցի այդ ամենը ինձնից հեռու վանել», — ասել է արտիստուհին։

Հետաքրքիր է, որ թե՛ Նամինը, թե՛ Լյուդմիլան երեք անգամ են ամուսնացած եղել, և նրանց հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել բոլոր զուգընկերների, ինչպես նաև միմյանց հետ։ Սենչինան մի անգամ ասել է, որ ընկերական ջերմ զգացմունք ունի Ստասի նկատմամբ։

Հայուհու հանդեպ Շահ Ջահանի 404–ամյա սիրո պատմությունը հավերժացել է տաճարում

Իսկ Նամինը մի անգամ հարցազրույցի ժամանակ ասել է. «Լյուդմիլան շատ անկեղծ ու վեհ մարդ է։ Եվ, իհարկե, գեղեցկուհի։ Մի պահ հասկանալի դարձավ, որ ես ու նա տարբեր մոլորակներից են։ Եվ մենք բաժանվեցինք` պահպանելով բարի հարաբերությունները…»։

Ստասը և նրա ներկա կինը` Գալինան, միասին են արդեն 25 տարի։

Ստաս Նամինի հայրը ռազմական օդաչու Ալեքսեյ Միկոյանն է, իսկ մայրը` երաժիշտ և արվեստաբան Նամի Միկոյանը (Հարությունովա)։