«Ալլահին էմիրլերի». Բուլղարիայում պահվում է 1915թ–ի հայատառ թուրքերեն Աստվածաշունչը

Գիրքը տպել է հայ բողոքականը։ Հնարավոր է` լեզուն կորցրած, բայց հավատը պահպանած հայերի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Բուլղարիայի Շումեն քաղաքի համալսարանում պահվում է թուրքերենով լեզվով հայատառ գրված Աստվածաշունչ, հաղորդում է բուլղարական TVN հեռուստաալիքը։

Գիրքը հրատարակվել է հայ բողոքական Հակոբ Մաթեոսյանի հրատարակչությունում Կոստանդնուպոլսում, 1915թ–ին։

Մատենադարան. ձեռագրերը չեն այրվում, այլ սիրով և հոգատարությամբ վերականգնվում են

«Նույն տարում, երբ սկսվել էր ավելի քան մեկ միլիոն հայերի սպանությունը», – նշում է հեռուստաալիքը` խուսափելով ցեղասպանություն եզրույթից։

Ենթադրվում է, որ գիրքը նախատեսված է եղել լեզուն կորցրած, բայց հավատը պահպանած հայերի համար։ Այդպիսով` «Ալլահին էմիրլերին», այսինքն` Աստծո պատգամներն այդ մարդիկ կարող էին կարդալ թուրքերենով։

«Անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ` հասկանալու համար, թե հատկապես ինչի համար է հրատարակվել գիրքը», – նշում է համալսարանի գրադարանի գիտաշխատող Յորդանկա Մոսկովան։

Նշենք, որ գիտնականների հաշվարկներով թուրքերեն լեզվով հայերեն տառերով տպվել է ավելի քան 2500 գիրք։

Դրանք հիմնականում տպվել են Օսմանյան կայսրության տարիներին։ Թեև Աթաթուրքի օրոք նույնպես լույս են տեսել, բայց ավելի քիչ թվով։