Դավիթ Գալստյան, Sputnik
Ռուս քաղաքական գործիչներն ու քաղաքագետները, որոնք ինչ-որ չափով գիտակցում են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների կարևորությունը, ուշիուշով հետևում են Հայաստանում քաղաքական վերնախավ ձևավորելու գործընթացներին։
Ռուսաստանի դեպքում ՀՀ ապագա վարչապետի «ամենահասկանալի» թեկնածուն գործող նախագահն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Արթուր Աթաևը։
«Այժմ հայկական կոնտեքստն ամենակարևորն է կովկասյան տարածաշրջանի օրակարգում։ Հայաստանի իրադարձությունները կարող են ազդել Վրաստանի իրավիճակի վրա, որտեղ նման գործընթացը կառավարման նախագահական ձևից խորհրդարանականի անցնելը երկարատև քաղաքական ճգնաժամի է վերածվել», — ասաց Աթաևը։
Հայաստանի քաղաքական գործընթացը կարող է ազդել Ադրբեջանի ներքաղաքական կյանքի վրա։ Բաքվում ուշադիր հետևում են Երևանին, քանի որ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն անդրադառնում են Արցախի իրավիճակի վրա։
Ռուսաստանում իրավիճակին հետևում են ավելի շատ, քան Վրաստանում ու Ադրբեջանում։
«Կովկասում Ռուսաստանի եվրասիական գործընկերը Հայաստանն է։ Չճանաչված պետությունների կոնտեքստն այստեղ մեծ նշանակություն ունի` հաշվի առնելով տարածաշրջանի ենթակառուցվածքային նախագծերն ու Իրանի իրավիճակի սրացումը», — ասաց Աթաևը։
Ռուսաստանում Հայաստանին դաշնակից են դիտարկում, տարածաշրջանի այլ երկրներին, այդ թվում` Իրանին, «նայում» են Հայաստանի միջոցով։
Այն, ինչ կատարվում է Հայաստանում, Ռուսաստանում «քաղաքական քննություն» են անվանում, ընդ որում` ոչ միայն իշխող Հանրապետական կուսակցության, այլ ընդհանրապես ամբողջ վերնախավի համար։
«Կախված այն բանից, թե ինչպես կանցնի այդ գործընթացը, կորոշվի հայ-ռուսական հարաբերությունների ապագան։ Ռուսաստանին միանշանակ ձեռնտու է ցանկացած վարչապետ` ի դեմս ՀՀԿ-ի, սակայն գործող նախագահի կոնտեքստը մեզ համար կարևոր է։ Մենք հույս ունենք, որ Սերժ Սարգրսյանը կգլխավորի կառավարությունը», — նշեց Ատաևը։
Նրա խոսքով` Սարգսյանի քաղաքականությունը Ռուսատանի համար հասկանալի է, կանխատեսելի ու ակնհայտ։
«Ռուսաստանի քաղաքական համակարգի համար նա ամենահասկանալի թեկնածուն է։ Նրա կապը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ձեռնտու է Ռուսաստանին։ Կարապետյանը կապ ունի «Գազպրոմի» հետ։ Դա տնտեսական ուժ է, որի օգնությամբ ՌԴ-ն իրականացնում է իր տնտեսական քաղաքականության մի մասը։ Կարևոր է, որ Սարգսյանին շրջապատող մարդիկ ներկայացնում են և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի վերնախավը», — նշեց Աթաևը։
ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կրիլովը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանն առաջին հերթին շահագրգռված է, որ ամեն ինչ խաղաղ ու հանգիստ անցնի։
«Ռուսաստանը չի ուշում, որ Հայաստանում որևէ միջադեպ լինի, առավել ևս` արաբական գարնան սցենարով ապակայունացում», — ասաց Կրիլովը։
Նրա խոսքով` վերջին տվյալների համաձայն, ամեն ինչ հանգիստ է, ու տեղի վերլուծաբանները կարծում են, որ ամեն ինչ կանխորոշված է։
«Ասում են` առանձնահատուկ ինտրիգ չկա, տեսնենք` որքանով իրականության կհամապատասխանի։ Ռուսաստանը շահագրգռված է, որ հայ ժողովուրդը գոհ լինի, իշխանությունը ժողովրդի շահերից բխող քաղաքականություն իրականացնի», — ասաց Կրիլովը։
Այդ դեպքում, նրա կարծիքով, Հայաստանը շատ ավելի քիչ խնդիր կունենա, քան հետխորհրդային մյուս երկրները, երբ արտաքին ուժերն իշխանության են բերում իրենց ուժերին, որոնք հրաժարվում են ազգային շահերից։
Խորհրդարանական կառավարման համակարգի համաձայն` 2018 թվականից զգալի կընդլայնվեն օրենսդիր և գործադիր իշխանության իրավասությունները (կառավարություն և խորհրդարան)։ Հայաստանի քաղաքական համակարգի բարեփոխման գործընթացը պետք է վերջնական ավարտվի 2018 թվականի ապրիլին` պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո։
Ապրիլի 9-16-ը խորհրդարանական խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին, որից հետո կառավարության ղեկավարին կընտրի խորհրդարանն ու կներկայացնի նախարարների կաբինետի մյուս անդամների` նախարարների և փոխվարչապետների, հաստատմանը։
Հիշեցնենք, որ ՀՀ նոր սահմանադրության համաձայն` հանրապետության նախագահին ընտրում է խորհրդարանը։ Նախագահը պաշտոնավարում է 7 տարով` առանց վերընտրության իրավունքի։