«Ներեք մեզ Ցեղասպանությունը չճանաչելու համար». Օբամայի փոխարեն ներողություն է խնդրել Փաուերը

ԱՄՆ-ում շատ լավ են հասկացել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ապրիլի 24-ից խուսափելու Էրդողանի փորձն էր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանությունն ԱՄՆ-ի կողմից չճանաչելու համար: Փաուերը համապատասխան հայտարարություն է արել`հինգշաբթի ելույթ ունենալով իր նախկին գործընկեր, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի անդամ Թոմի Վյետորի ծրագրում:

Ցեղասպանությունը մերժողները. Բաքու–Անկարա դուետը կկարողանա՞ տրիո կազմել Իսրայելի հետ

Pod Save the World ծրագրին մասնակցել են Սամանթա Փաուերը և Բենջամին Ռոդսը`ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի` ազգային անվտանգության և ռազմավարական հաղորդակցությունների հարցերով նախկին խորհրդականը: Նրանք ասել են, որ ցավում են իրենց պաշտոնավարման տարիներին ընդունված մի շարք որոշումների համար: Հաղորդման վերջում Վյետորն առաջարկել է իր հյուրերին պատասխանել հանդիսատեսի հարցերին. առաջին հարցը եղել է Հայոց ցեղասպանության մասին:

Հարցի հեղինակը հետաքրքրվել է, թե ինչու Բարաք Օբաման, որ իր նախընտրական քարոզարշավում խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունն, չի արդարացրել ԱՄՆ-ի հայ համայնքի վստահությունը և չի պահել իր խոստումը:

«Դա իմ սխալն է եղել: Մենք պետք է ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը», — ասել է Բեն Ռոդսը:

Նրա խոսքով`ամեն տարի (Օբամայի կառավարման, խմբ.) ամերիկացիները Հայոց ցեղասպանությունը չճանաչելու իրենց պատճառներն են ունեցել: Ինչպես նշել է Ռոդսը, Թուրքիան «կենսական կարևոր նշանակություն է ունեցել» ԱՄՆ-ի համար տարբեր խնդիրների առումով, որոնց բախվել է Վաշինգտոնը: Նման հարցերից մեկը Ռոդսն անվանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը:

Էրդողանին հիշեցրել են Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաներին սպանելու մասին

«Անկեղծ ասած` սա ապագայի համար դաս էր. պետք է այդ քայլն անել հենց առաջին տարում, որովհետև եթե դուք դա չանեք, ապա ամեն տարի ավելի բարդ կլինի», — ասել է Ռոդսը:

Սամանթա Փաուերը հավելել է, որ, այո, Օբամայի կառավարման առաջին տարում դա ավելի հեշտ էր անելը, բայց ԱՄՆ-ն երկրորդ հնարավորությունն ուներ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

«Կարծում եմ, որ 2009թ-ը ծանր տարի է եղել ԱՄՆ-ի հայ համայնքի համար, որը հավատացել է Օբամային և ոչ միայն նրան` մեզ բոլորիս, նրա համախոհներին: Մենք այդ ժամանակ ասում էինք, որ ԱՄՆ-ի յուրաքանչյուր նախագահ խոստանում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց չի արել դա, իսկ Օբաման այդպես չի վարվի», — խոստովանել է Փաուերը:

Նրա խոսքով` Օբաման իսկապես «ուրիշ» է եղել և ապացուցել է դա Իրանի, Կուբայի հետ հարաբերությունների օրինակով, շատ տաբուների դեմ պայքարով, որոնց բախվել է նախագահության առաջին տարիներին: Բայց Օբամայի կառավարման առաջին տարում ԱՄՆ կառավարություն մարդիկ դեմ են եղել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գաղափարին` պատճառաբանելով Երևանի և Անկարայի միջև ընթացող բանակցային գործընթացը:

«Նրանք ասում էին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը խթան կհանդիսանա ավելի բնական, չպարտադրված շփման: Նրանք պնդում էին, որ եթե ԱՄՆ-ն կոշտ կերպով միջամտի այդ գործընթացին, դա հետ կմղի գործընթացը:

Times of Israel. Հայոց ցեղասպանությունը ժխտողներին պետք է պատժել` հանուն արդարության

«Դա կոռեկտ չէր, ես այդ ժամանակ էլ էի այդպես կարծում: Շատ մանրամասներ հուշում էին, որ Թուրքիայի նախագահը (ներկա, խմբ.) միջամտել է այդ գործընթացին, որպեսզի ուղղակի խուսափի ապրիլի 24-ից: Հետագա իրադարձությունները հաստատեցին՝ հենց այդպես էլ եղել է», — ասել է Փաուերը։

Նա նշել է, որ այդ տարիներին Օբաման իսկապես հավատացել է, որ իր նախընտրական խոստումները կատարելով կվնասի ավելի խոստումնալից գործընթացը։ Դիվանագետի խոսքով՝ այդ մասին ասել են նրա շրջապատի մարդիկ, որոնք ուսումնասիրում էին տարածաշրջանը։

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու երկրորդ հնարավորությունը տրվել է ԱՄՆ-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ, նշել է Փաուերը։ Նա հիշեցրել է, որ այդ ժամանակ այդ մասին արտահայտվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Հայոց ցեղասպանությունը ճանաչել են մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան։

Այնուամենայնիվ, Փաուերը խոստովանել է, որ ամերիկյան դիվանագիտությունում ուղղակի ճշմարտությունն ասելու սովորություն չկա, դրա փոխարեն նախընտրում են շեշտը դնել խուսափելու և պատմությունը, ճշմարտությունը խեղաթյուրելու վրա։

«Եթե մեզ մոտ ճշմարտությունն ասելու կայացած փորձ լիներ, դրան կսովորեին։ Եթե մենք ասեինք այն, ինչ ճշմարտություն ենք համարում, ավելի լավ կլիներ բոլորի համար։ Ցավում եմ։ Ներեք մեզ, որ մենք հիասթափեցրել ենք այդքան շատ ամերիկահայերի», — ասել է նա։

Սամանթա Փաուերն ամերիկյան քաղաքական գործիչ է, լրագրող, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր։ Ծագումով իռլանդուհի է։ 2003թ-ին արժանացել է Պուլիտցերյան մրցանակի։
Եղել է Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը նրա նախընտրական քարոզարշավի ժամանակ, 2013-2017թթ-ին եղել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը։