Սերժ Սարգսյանի կուսակցությունը չի մտածում Ծառուկյանի դաշնակցին նախագահ առաջադրելու մասին

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի հավակնում Հայաստանի նախագահի պաշտոնին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Հայաստանի նախագահի թեկնածուների շարքում Հովիկ Աբրահամյանը չկա։ Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

ՀՀ Սահմանադրական դատարանը «խլել է» նախագահի ու պատգամավորների լիազորությունները

ՀՀԿ կազմում Աբրահամյանն ավելի քան 15 տարի բարձր պաշտոններ է զբաղեցրել. 2007-2008թթ-ին եղել է փոխվարչապետ, 2008-2011թ-ին և 2012-2014թթ-ին` խորհրդարանի խոսնակ, 2014-2016թթ-ին` վարչապետ։

Վարչապետի պաշտոնից ազատվելուց հետո 2017թ-ի հունվարին նա հայտարարել է ՀՀԿ-ից դուրս գալու մասին։ Բայց ծառայությունը` ծառայություն, ընկերությունը` ընկերություն, նշեց Բաղդասարյանը։

«Հովիկ Աբրահամյանն առաջվա պես իմ ընկերն է։ Այսօր նա զբաղվում է իր գործունեությամբ, ուղղակի ժամանակավորապես դուրս է եկել քաղաքական ակտիվ կյանքից։ Նորմալ է», — ասաց Բաղդասարյանը։

«Ինչ վերաբերում է թեկնածությանը, ապա ես խոսել եմ նրա հետ և գիտեմ, որ թեկնածուների ցուցակում նա չկա։ Աբրահամյանը նման ցանկություն չունի, կուսակցությունը նույնպես նրա թեկնածությունը չի քննարկել», — նշեց Բաղդասարյանը։

Կրքեր նախագահի աթոռի շուրջ. ինչու է կրճատված լիազորություններով այս պաշտոնը դարձել գայթակղիչ

Նշենք, որ 2017թ-ի ապրիլին` վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն աջակցել են Գագիկ Ծառուկյանին և նրա դաշինքին։ Աբրահամյանի որդին` Արգամը, պատգամավոր է ընտրվել այդ դաշինքից։

ՀՀԿ-ն պատրաստվում է քննարկել նախագահի թեկնածությունը առաջիկա գործադիր մարմնի նիստում, որը կկայանա վաղը` հունվարի 18-ին։

Նոր սահմանադրության համաձայն` Սերժ Սարգսյանի իրավահաջորդը կկորցնի օրենսդրական, գործադիր և դատական իշխանությունների համակարգողի լիազորությունները։ Նա քաղաքական կերպարից կվերածվի սահմանադրության անկուսակցական երաշխավորի (թեև նրան կընտրեն քաղաքական ուժերի ներկայացուցիչները)։