Հայերը կապ չունեն. ԱԳՆ–ն արձագանքել է Մեքսիկայում չվերթի հետաձգման հետ կապված միջադեպին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքում է տեղեկությունն այն մասին, որ «Ռոսիա» ավիաընկերության չվերթը հետաձգվել է Հայաստանի քաղաքացիների պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. ՀՀ ԱԳՆ-ն հերքում է տեղեկությունն այն մասին, որ Մեքսիկայից մեկնող «Ռոսիա» ավիաընկերության չվերթի հետաձգումը կապված է եղել երկրի իշխանությունների պահանջի հետ` հենց նույն չվերթով ժամանման երկիր վերադարձնել Հայաստանի չորս քաղաքացու։

Չորս հայի պատճառով ռուսական օդանավը չկարողացավ լքել Մեքսիկան

Ավելի վաղ «Ռոսիա» ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել էր ՌԻԱ Նովոստիին, որ իրենց ինքնաթիռը չի կարող Ռուսաստան մեկնել Մեքսիկայի Կանկուն քաղաքից` Մեքսիկայի իշխանությունների ավիացիոն գործողությունների պատճառով։ Ի սկզբանե, նրա խոսքով, FV5882 չարթերային չվերթը պետք է մեկներ Boeing-747 ինքնաթիռով հունվարի 16-ին մոսկովյան ժամանակով ժամը 18.10-ին։ Սակայն Մեքսիկայի Միացյալ Նահանգների միգրացիոն ծառայության պահանջով «Ռոսիա» ավիաընկերության չվերթով պետք է ժամանման երկիր վերադարձվեին ՀՀ չորս քաղաքացի։ Ավիաընկերությունից հայտնել էին, որ այդ պատճառով օդանավակայանը մեկնելու թույլտվություն չէր տալիս։

«Մեքսիկայում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկատվության համաձայն` «Ռոսիա» ավիաընկերության` Կանկունից չվերթի ուշացման պատճառ է հանդիսացել ավիաընկերության կուտակված ֆինանսական պարտքը: Մեքսիկայի միգրացիոն ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն, չվերթի ուշացումը որևէ կապ չունի Հայաստանի քաղաքացիների հետ, որոնք, Մոսկվայում ստանալով Մեքսիկայի մուտքի արտոնագրեր, մեկնել են Կանկուն, և որոնց, սակայն, թույլ չեն տվել մուտք գործել երկիր: Ինչից հետո Մեքսիկայի միգրացիոն իշխանությունների կողմից որոշում է կայացվել նրանց վերադարձնել ժամանման երկիր, այսինքն՝ Ռուսաստան», — ասված է ՀՀ արտգործնախարարությանը հաղորդագրության մեջ։

Ըստ ժամանակացույցի` Կանկունից ժամանած FV5882 չվերթը պետք է վայրէջք կատարեր հունվարի 17-ին «Վնուկովո» օդանավակայանում Մոսկվայի ժամանակով ժամը 5:40-ին, սակայն ժամը 10:00-ի տվյալներով ինքնաթիռը դեռ չէր մեկնել։