Նման նորություն լսելիս ով կանգնած էր` նստեց, ով նստած էր` պառկեց, իսկ ով պառկած էր` բախտը բերեց։ Իհարկե, հարևան երկրի իշխանություններն արդեն վաղուց են կորցրել չափի և խղճի զգացողությունը, այնպես որ արդեն ոչ մի բանի վրա չես զարմանում։ Բայց համաշխարհային պատմության մեջ այսքան թարմ խոսքը չի կարող անտարբեր թողնել։
Դե ինչ, մենք էլ ուրախանալու պակաս չենք ունենա։ Բանն այն է, որ այս շաբաթ Ադրբեջան է այցելել թուրքական պատվիրակություն` ոմն Վոլկան Բոզկիրի գլխավորությամբ։ Նա, եթե ինչ-որ մեկը չգիտի, ոչ թե լոլիկ է աճեցնում, այլ ղեկավարում է թուրքական խուրալի արտաքին կապերի մի ամբողջ հանձնաժողով։
Եվ ահա, կներեք արտահայտության համար, այդ Բոզկիրն առանց երկմտելու հայտարարել է Բաքվում, որ այս տարի սպասվում են մի շարք հանդիսավոր միջոցառումներ` կապված Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության ստեղծման 100-ամյա հոբելյանի և Բաքուն Կովկասի իսլամական բանակի կողմից հայ զավթիչներից ազատագրելու հարյուրամյակի հետ։ Եվ ասածներին կցել է, որ Անկարան ու Բաքուն այդ ամսաթվերի կապակցությամբ համատեղ միջոցառումներ կանցկացնեն։
Պաշտոնական Բաքուն ժողովրդավարություն է սովորեցնում «հետամնաց Եվրոպային»` աղայավարի ցուցումներ տալով, թե ինչպես պետք է դպրոցներում դասավանդել մեծ ադրբեջանական մանկավարժական մտքի հնագույն ավանդույթների համաձայն, խեղաթյուրում է իր և ուրիշների պատմությունը, ինչպես ուզում է, բայց մինչև հիմա այդ ամենը տեղավորվում էր թեկուզ ինչ-որ այլասերված, բայց տրամաբանության մեջ։ Հիմա դա էլ չի լինի։
Երբ անցնում է նման նորության առաջին շոկը, գլխումդ տարբեր մտքեր են պտտվում։ Սկզբում անտեսում ես այն, որ դա կապված է բժշկության հետ, քանզի հոգեբուժությունն այստեղ, ամենայն հավանականությամբ, անզոր է, այնպես որ անիմաստ է մտածել տառապողներին արտակարգ օգնություն ցուցաբերելու մասին։ Հետո փորձում ես հասկանալ, թե ինչպես կարելի է նման զառանցանք հորինել, բայց դա նույնպես իռացիոնալ է. հասկանալու համար պետք է մտածել նման ամսաթվեր հորինողների նման, իսկ դա նորմալ մարդու համար գրեթե անհնար է։
Հետո արդեն մի կուշտ ծիծաղելուց հետո հպարտություն է ծնվում քո ժողովրդի համար. դեռ չէր վերջացել օսմանների կողմից հայերի բնաջնջումը, իսկ նրանք, չնայած Հայոց ցեղասպանությանը, Բաքուն էին «բռնազավթել», այն էլ այնպես, որ այդ Բաքուն հետո ազատագրել են։
Իհարկե, արևելքից շատ բաներ կարելի է իմանալ քո և համաշխարհային պատմության մասին։ Իրավիճակը սարսափելի է միայն այն պատճառով, որ Ադրբեջանում նման զառանցանքի մեջ վաղ հասակից դաստիարակում են երեխաներին, և որ Գրիբոեդովը հայերին վերաբնակեցրել է 200 տարի առաջ, իսկ հիմա նրանք 1918թ-ին Բաքուն են բռնազավթել։
Հակադարձ հարցեր են ծագում, որոնք ավելի լավ է չհնչեցնել։ Օրինակ` ինչպե՞ս կարող էր 200 տարի առաջ վերաբնակեցված ժողովուրդը եկեղեցիներ ու ամրոցներ կառուցել, որոնք տասն անգամ ավելի հին են։ Այնտեղ` նրանց մոտ, արդեն առասպելներ են հորինել ինչ-որ ժողովուրդների և երկրների մասին, որոնց ամբողջ ժառանգությունը յուրացրել են հանդուգն հայերը։ Անշուշտ, այս դեպքում ավելի հեշտ է ուսերը թոթվել։
Ավելի հեշտ է, բայց խնդրի լուծում չէ։ Չէ՞ որ նման դատարկաբանությունը մանկապարտեզի տարիքից լցնում են մարդկանց գլուխները։ Իսկ հետո մեզ քարոզ են կարդալու հանդուրժողականության մասին…
Թեև կարելի է հասկանալ այն անձնավորության դրդապատճառները, որը հորինել է «հայերի կողմից Բաքվի գրավումը։ Իրականում չեն կարող ի լուր աշխարհի հայտարարել, որ Բաքվի տեսքը, որ քաղաքն ունեցել է 1988թ-ի դրությամբ, երբ այնտեղ դեռ հայեր են ապրել, մեծամասամբ ստեղծել են հենց այդ «զավթիչները», որոնք տներ են կառուցել, զարգացրել արդյունաբերությունը և գիտելիքներ, հմտություններ և փողեր ներդրել Բաքվում։
Ախր ճշմարտությունն ասել չի կարելի, որովհետև կփլվի հակահայկական քարոզչության թղթե տնակը։ Այն, իհարկե, վաղ թե ուշ կքանդվի, իսկ առայժմ բոլորիս կարելի է շնորհավորել մեր պատմության նոր, մինչ այժմ անհայտ էջի կապակցությամբ։
Ի դեպ, երկու բառ էլ Բաքվի տեսքի մասին` մինչև 1988թ-ը և դրանից հետո։ Չեմ զարմանա, եթե մինչև հիմա քաղաքում շատ թե քիչ աչքի ընկնող ոչ մի շենք չգտնեք, որը կառուցած լինի ադրբեջանցի ճարտարապետը։ Ոչ թե նրան վերագրած, այլ իսկապես նրա կառուցած շենք։