ԵՐԵՎԱՆ, 15 Հունվար — Sputnik. ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում այսօր ստորագրվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի» շրջանակում իրականացվող Բագրատաշենի կամրջի նախագծման և շինարարության պայմանագիրը։ Այս մասին նշված է նախարարության կայքում։
Հայաստանն ու Վրաստանը միացնող նոր կամուրջը Սադախլո-Բագրատաշեն անցման կետում, Դեբեդ գետի վրա կկառուցի իրանական «Ariana Tunnel Dam Co.» ընկերությունը։
«Այս մրցույթի հաղթանակը առաջին քայլը համարենք և հուսանք, որ իրանական ընկերությունները հետագայում ևս կմասնակցեն Հայաստանում իրականացվող նախագծերին, ներդրումային ծրագրերին, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային հատվածում նախատեսվող թունելների շինարարությանը»,- ասել է նախարար Վահան Մարտիրոսյանը։
Կամրջի նախագծային և շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով ՎԶԵԲ-ի էլեկտրոնային հարթակի միջոցով հայտարարված միջազգային մրցույթին մասնակցել էր 7 կազմակերպություն, որոնցից 3-ը որակավորվել և անցել էին հաջորդ փուլ: Գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել իրանական «Ariana Tunnel Dam Co.» ընկերությունը` 7.393.347.95 եվրո գնային առաջարկով:
Վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել էր 5 տարի առաջ` 2012 թվականի նոյեմբերի 23-ին։