Նախկին զինվորներին ու նրանց հարազատներին աշխատանքից չեն ազատի. գործադիրը դեմ է «Ծառուկյանին»

ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի «Աշխատանքային օրենսգրքում» «Ծառուկյան» խմբակցության առաջարկած փոփոխությունները, որոնց համաձայն` նախկին զինվորներին ու նրանց հարազատներին աշխատանքից չեն ազատի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 Հունվար — Sputnik. Եթե գործատուն որոշի կրճատումներ անել, ապա աշխատանքը պահպանելու նախապատվությունը կտրվի զինվորական ծառայություն անցած աշխատակիցներին, զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքի անդամներին` ծնողին, կնոջը, երեխային, քրոջն ու եղբորը։ «Աշխատանքային օրենսգրքում» նման փոփոխություն կառավարությանն են առաջարկել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։

Արտաժամյա և գիշերային աշխատանքի համար հավելավճարը պետք է վերացնել. փոխնախարար

Ընդ որում, առաջարկվող դրույթը վերաբերում է ՀՀ բոլոր կազմակերպություններին` և՛ պետական, և՛ մասնավոր։

Օրենսդրական նախաձեռնությունն արդեն ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։ Նախագծի հիմնավորումներում նշված է, որ համանման առաջարկ կառավարություն ներկայացվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Եվ, այդուհանդերձ, կառավարությունը դեմ է պատգամավորների առաջարկին։

«Դրա կարգավորումն առանձին նախագծով գտնում ենք ոչ նպատակահարմար և առաջարկում ենք առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից ու դրա դրույթներին անդրադառնալ առաջիկայում ՀՀ կառավարության կողմից ներկայացվելիք օրենքի նախագծի քննարկումների շրջանակում»,- ասված է կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծում:

Կառավարությունը խոստանում է առաջիկայում ներկայացնել ու հավանություն տալ սեփական նախագծին և հաստատելուց հետո այն ուղարկել Ազգային ժողովի քննարկմանը: